Լրահոս
Օրվա լրահոսը

«Անիմաստ է վախի մթնոլորտ ստեղծելը»

Փետրվար 11,2015 17:30

Քաղտեխնոլոգը կարծում է, որ քաղաքական ակտիվիստների
նկատմամբ կիրառվող բռնությունները ոչ մի տեղ չեն տանում

Նախորդ տարվա վերջերին եւ այս տարվա սկզբին Հայաստանում քաղաքական գործիչների եւ ակտիվիստների նկատմամբ բռնության դեպքերը շատացել են: Ո՞ւմ կողմից են դրանք ծրագրված, ի՞նչ նպատակ են հետապնդում եւ ինչպիսի՞ հետեւանքների ականատես կլինենք առաջիկայում. այս հարցերի շուրջ «Առավոտը» զրուցել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ:

Մեր զրուցակիցը նկատում է, որ վերջին շրջանի իրադարձությունները բացասական հետեւանքներ են թողնում հասարակության ենթագիտակցության մեջ: «Բացասական զգացմունքների զսպանակի ձգում է տեղի ունենում, որը հնարավոր է հետագայում շատ արագ ձեւով, շատ ուժեղ ձեւով պոռթկա, որովհետեւ նկատելի է, որ ոչինչ պատահական չի լինում. երեք ամսվա ընթացքում մեկ էլ տեսնում ենք, որ ինչ-որ մեքենաներ են վառում, տեսնում ենք, որ ինչ-որ ընդդիմադիր պատգամավորի վրա հարձակում է լինում, տեսնում ենք, որ Գյումրիում հանցագործություն է տեղի ունենում, սահմանային կրակոցներ են, Լաչինի ջարդեր են տեղի ունենում, ԲՀԿ ակտիվիստների նկատմամբ բռնություն է կիրառվում, այսօր էլ տեղեկատվություն տարածվեց, որ կաթողիկոսը կապված է ինչ-որ մութ դոլարային կուտակման պատմությունների հետ. այդ ամբողջը միասին բացասական հետեւանք են թողնում հասարակության ենթագիտակցության մեջ եւ բացասական զգացմունքներ են առաջացնում, եւ այդ զգացմունքները չեն մնալու այդպես, դրանք ինչ-որ մի ժամանակ պոռթկումով դուրս են գալու, թե ոնց են դուրս գալու՝ ես չեմ կարող ասել, դա ժամանակը ցույց կտա, կամ ցույց կտա նա, ով իրականացնում է այդ գործընթացը»,- ասում է պարոն Բադալյանը:

«Առավոտը» նկատեց, որ շրջանառվում են երկու տեսակետներ. ոմանք պնդում են, որ բռնությունները այսօրվա իշխանությունների ձեռքի գործն են, մի մասն էլ թերահավատորեն են դրան վերաբերում՝ մեղքը բարդելով ոչ իշխանական ուժերի վրա եւ համարելով, որ ամբողջը սադրանք է՝ ուղղված իշխանություններին: «Եթե ընդունենք, որ սա իրականացվում է ոչ իշխանական ուժերի կողմից, ապա իշխանությունը կարող է հինգ րոպեում բացահայտել այդ հանցագործությունները, բայց քանի որ իշխանությունները չեն բացահայտում այդ հանցագործությունները, ապա, բնականաբար, նրանց վրա է ընկնում պատասխանատվությունը՝ անկախ նրանից, թե ով է սա անմիջականորեն իրականացրել, որովհետեւ, ինչպես տեսնում ենք, ե՛ւ Արամ Մանուկյանի, ե՛ւ Գյումրիի, ե՛ւ ԲՀԿ-ի ակտիվիստի նկատմամբ կիրառված հանցագործությունները ոնց որ թե նույն ձեռագիրն ունեն. հանցագործությունները գրեթե կատարման պահին բացահայտված են, ե՛ւ Արամ Մանուկյանի դեպքում շատ արագ պարզվեց, թե ով էր հանցագործը, ե՛ւ Գյումրիի դեպքում հանցագործը թողել էր իրեղեն ապացույցներ, որ շատ հանգիստ կարող էին պարզել, թե ով է իրականացրել, ե՛ւ ԲՀԿ-ի ակտիվիստի դեպքում իրեղեն ապացույցները շատ են. Երեւանի կենտրոնում այնքան շատ տեսախցիկներ կան, որոնք որ շատ արագ կարող են նկարել, թե այդ մեքենան ուր գնաց, ինչ արեց, որտեղ հայտնվեց, եթե համարանիշներ ուներ, ավելի հեշտ էր պարզելը: Այսինքն՝ բոլորը բացահայտված գործեր են»,- ասում է պարոն Բադալյանը:

Մեր հարցին՝ պարբերաբար կիրառվող բռնությունները վախի մթնոլորտ ստեղծելու համա՞ր են, պարոն Բադալյանը պատասխանեց. «Ով վախենում է, վախենում է առանց գործողությունների էլ, ով չի վախենում, ինչքան ուզում ես բռնություն կիրառի, չի վախենա: Այսինքն՝ սա ոչ մի տեղ էլ չի տանում: Նրանք, ովքեր փորձում են վախի մթնոլորտ ստեղծել, անիմաստ է, որովհետեւ դու այլեւս չես կարող վախի մթնոլորտ ստեղծել Հայ ազգային կոնգրեսի համար՝ Արամ Մանուկյանին ծեծելով, կամ չես կարող վախեցնել ԲՀԿ-ին՝ նրա ակտիվիստին բռնության ենթարկելով, որովհետեւ օրինակ՝ Հայ ազգային կոնգրեսը վախի մթնոլորտն արդեն վաղո՜ւց անցել է, նրանք տեսել են Մարտի 1-ը եւ դրան հետեւող դատավարությունների շարքը: Նորից եմ կրկնում՝ անիմաստ է վախի մթնոլորտ ստեղծելը»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728