Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունը չի պաշտպանում հանուն գերակա շահի իրենց տներից զրկված քաղաքացիներին

Փետրվար 11,2015 16:30

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մոտ 10 որոշում է կայացրել, որոնցով ճանաչել է Երեւանի կենտրոնում «գերակա հանրային շահ» ճանաչված տարածքի սեփականատերերի իրավունքների խախտումները, սակայն դա դեռեւս չի առաջացրել համակարգային փոփոխություններ: Այս մասին փաստում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների խումբը: Ուսումնասիրելով մեր երկրում սոցիալական, տնտեսական եւ մշակութային իրավունքների վիճակը՝ խումբը զեկույց է պատրաստել: Չնայած ՄԻԵԴ-ի որոշումներին՝ մեկ դեպքում կառավարությունը չի փոխհատուցել քաղաքացու գույքի ոչնչացման համար նախատեսված գումարը: Մյուս դեպքերում կառավարությունը, խախտելով հաշտության համաձայնության մասին որոշումը, հայցվորներին որոշ բնակարաններ է առաջարկել նորակառույց մասնավոր շենքերում, որոնք, սակայն, արդեն փաստացի վաճառված են եղել այլ մարդկանց:
Զեկույցի հեղինակները նշում են, որ «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ պետությունը չի երաշխավորում իր այն քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, ում սեփականությունն օտարվում է «հասարակության եւ պետության կարիքների համար»:

«Թեպետ որոշումը կայացնողը կառավարությունն է, սեփականության օտարման մասին պայմանագրերը ստորագրվում են նախկին եւ նոր սեփականատերերի միջեւ, եւ կառավարությունը հրաժարվում է որեւէ պատասխանատվությունից: Ներկայումս «պետական կարիքների» հարյուրավոր անօթեւան զոհեր կան, որոնք խաբվել են ընկերությունների կողմից, որոնք խոստացել են նրանց սեփականության փոխարեն նոր բնակարաններ տալ, որոնք, սակայն, չեն կառուցվել ժամանակին կամ վաճառվել են մեկից ավելի սեփականատերերի, կամ պարզապես սնանկ են ճանաչվել՝ պայմանագրային այլ պարտավորությունները չկատարելու համար»,- գրված է զեկույցում, որը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների խումբը ներկայացրել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին: Նշենք, որ սույն զեկույցի նախապատրաստման աշխատանքներին աջակցել է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունը:

Ըստ խմբի ուսումնասիրության՝ ներկայումս 365 սեփականատեր անօթեւան է դարձել, քանի որ ընկերություններից մեկը սնանկ է ճանաչվել: Մի քանի ընկերություն էլ բռնագրաված գույքի փոխարեն չեն ապահովել նոր գույքի կառուցումը: Մյուսներն էլ պատրաստ բնակարանները վաճառել են մի քանի սեփականատերերի:
Փաստաթղթի հեղինակները նշում են, որ Սյունիքում 34 ընտանիք 2005 թվականին ճանապարհի կառուցման համար զրկվել է իր մասնավոր հողատարածքներից՝ առանց ծանուցման եւ առանց պայմանագրերի. «Փոխհատուցման խոստումները մնում են օդում կախված, ընդ որում՝ կորցրած հողերի համար բնակիչներից մինչ օրս գանձվում է գույքահարկ»:

Խմբի անդամները, ուսումնասիրելով մեր երկրում սեփականության օտարման պրակտիկան, նաեւ արձանագրում են, որ հանրային սեփականությունը կառավարվում եւ օտարվում է՝ չապահովելով հանրության մասնակցությունը որոշումների կայացման գործընթացին, չնայած որ նման գործելակերպն արգելված է մի շարք իրավական ակտերով. «Վարչական մարմինների որոշումները չեն վիճարկվում դատարաններում, քանի որ քաղաքացիների համար դժվար է ապացուցել, թե ինչպես են խախտվել իրենց իրավունքները: Ավելին՝ հասարակական կազմակերպությունները հանրային շահի եւ ռեսուրսների հետ կապված գործերով չեն ստանում պատշաճ հայցվորի կարգավիճակ: 2010 թվականի սեպտեմբերին Սահմանադրական դատարանն իր որոշմամբ հաստատեց, որ սահմանված որոշ ոլորտներում արդարադատությունը պետք է հասանելի լինի հ/կ-ներին, եթե այդ ոլորտներում իրավունքների պաշտպանությունը նախատեսված է հ/կ-ների կանոնադրություններով, ինչպես նաեւ այն գործերով, որոնցով ավելի ցածր ատյանի դատարաններն անարդյունավետ են գտնվել»:

Այս ամենից խուսափելու համար խմբի անդամներն առաջարկում են փոփոխություններ կատարել «Հասարակության եւ պետական կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքում՝ հստակեցնելով «բացառիկ գերակա հանրային շահի» ճանաչման հիմքերը:

ԼՈԻՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728