Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ պատահեց Տիգրանակերտում՝ ցեղասպանությունից հետո

Փետրվար 11,2015 16:00

Այսօր թուրքական անձնագրային գրասենյակների արխիվներից չնչին գումարով՝ 10-15 դոլարով, կարելի է ձեռք բերել մինչեւ 1895 թվականը հասնող ցանկացածի տոհմածառը:

Հրապարակախոս-վերլուծաբան, ազատամարտիկ Սարգիս Հացպանյանի տեղեկացմամբ՝ Տիգրանակերտն ապրել է տարբեր՝ հայկական, ասորական բյուզանդական, պարսկական, արաբական, քրդական ժամանակաշրջաններ: Եվ բոլոր ժամանակներում էլ կառուցողների, ճարտարապետների մեծամասնությունը միշտ հայեր են եղել: Տիգրանակերտի հայաշունչ լինելը գալիս է նրա ճարտարապետությունից: Բոլոր տեսակի արհեստներն ու առեւտուրը հայերի ձեռքում էր: Պարոն Հացպանյանը ցուցադրեց 1890-ականների լուսանկարները, ինչպես նաեւ Խաչատուր Դադայանի գիրքը:

Վկայակոչեց Թուրքիայի երբեմնի արտաքին գործերի նախարար Հիքմեթ Չեթինին, ով հայկական Լճե գյուղի ծնունդ է եւ այժմ Թուրքիայի ներկայացուցիչն է Աֆղանստանում, հրատարակած գիրքը, որտեղ ասում է, որ իրենց 27-28 գյուղերում բոլոր տեսակի արհեստները պահպանվել են միայն հայերի շնորհիվ եւ աշխարհի քաղաքակրթությանը նրանց տվածի չափն աշխարհում շատ քչերին է հասու:
Տիգրանակերտում հայ ընտանիքներն ունենում էին 10-15 երեխա, եւ մի քանի սերունդ ապրում էին միասին՝ 2-3 հարկանի տներում: Այսօր էլ կարելի է տների վրա կարդալ, ասենք՝ Բասմաճյան ընտանիքի դեռեւս 1670 թվականին թողած գրությունը: Տիգրանակերտում գործում էին երկսեռ միջնակարգ դպրոցներ եւ վարժարաններ, ուր ուսանում էին երեխեքի 87%-ից ավելին, որոնք հետագայում բարձրագույն կրթություն ստանալու համար գնում էին Խարբերդ, Եդեսիա, Մարզվան, Այնթապ: Այսօր էլ տեղի ցանկացած արհեստավորի, եթե հարցնեն, ո՞վ էր նրա վարպետը՝ ուստան, ապա անպատճառ կլսեն մի հայի անուն:

1894-95թթ. համիդյան ջարդերին զոհ գնաց 320-ից 390 հազար հայ, որոնցից 100 հազարը՝ միայն Դիարբեքիրում: Ահա, թե որտեղ է թաղված շան գլուխը՝ ջարդերը սկսվել են 1894-ից: Այսօր թուրքական անձնագրային գրասենյակների արխիվներից չնչին գումարով՝ 10-15 դոլարով, կարելի է ձեռք բերել մինչեւ 1895 թվականը հասնող (չգիտես՝ արդյոք միայն այդքա՞նն են դեռ արխիվացրել) ցանկացածի տոհմածառը: Դրանցում ընդամենը 2 սերունդ հետ գնալով՝ տեսնում ենք, որ հայեր են: Նրանց անձնագրերում, թե ծննդյան վկայականներում արաբատառ «մուհթեդի» բառն է գրված, որ նշանակում է շուռ տված, փոխված, այսինքն՝ դավանափոխ եղած: 1915թ. վերաբերյալ բազմաթիվ գրքեր են գրվել, դրանցից են Սեդրակ Բաղդոյանի «Երբ դրախտը դարձավ դժոխք» եւ Կահիրեում լույս տեսած Թովմաս Մկրտչյանի «Տիգրանակերտի ջարդերն ու քրդերի դաժանությունները» 110 էջանոց գիրքը: Վերջինս այսօր թարգմանում են Տիգրանակերտի քրդերը, որպեսզի իրենց թոռներն իմանան պապերի արած վայրագությունների մասին: Միայն Դիարբեքիրում 1915 թվականին եւս 100 հազարից ավելի հայ է կոտորվել: Օսմանյան կայսրության վերջին մարդահամարի տվյալներով՝ Դիարբեքիրի վիլայեթի բնակչությունը կազմում էր 470 հազար մարդ, որոնցից իբր միայն 105 հազարն էին հայեր, մինչդեռ 1882թ. տվյալներով՝ հայերի թիվը 150 հազար էր, ուստի նրանք աճելու փոխարեն՝ քչացել էին:

Սվազլյանի գիրքը նվիրվել է Ահմեդ Դավութօղլուին

Ս.Հացպանյանն անդրադարձավ ջարդից մազապուրծ հայի դուստր Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանությունը՝ ականատես վերապրողների վկայություններում» գրքին: Գիրքն անգլերեն եւ հայերեն հրատարակվելուց հետո, տեղ են գտել նաեւ Դիարբեքիրի կոտորածները վերապրածների վկայությունները, 2014 թվականի աշնանն արդեն տպագրվել է թուրքերեն լեզվով Կ.Պոլիսում: Գրքում առկա փաստացի 700 վկայությունը մեր արդարության ճիչն է: Գրքի մեկ օրինակը նվիրվել էր Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուին՝ իր 2013թ. դեկտեմբերին երեւանյան այցելության ժամանակ: Վերջինս խոստացավ այն կարդալ եւ արձագանքել: Հետաքրքիր է՝ արդյոք կարձագանքի՞ եւ ինչպե՞ս: Դեր-Զորը վերապրած տիգրանակերտցիների մի մասը բնակություն հաստատեց Սիրիայում, Հալեպում, մյուս մասն՝ այլուր, ոմանք էլ 1946-47թթ. ներգաղթեցին Խորհրդային Հայաստան եւ որտեղ էլ մշտական բնակություն հաստատեցին, հիմնեցին հայրենակցական միություններ: Հալեպում հիմնեցին «Տիգրիս» պարբերաթերթը: Թերթն իր էջերում զետեղում էր ողջ Տիգրանակերտի վիլայեթի պատմությունը, անդրադառնում՝ ազգագրությանը, սովորույթներին, հավատամքին, պատմում էր հայերի նախկին կրոնի հետեւորդների, արեւորդիների մասին եւ այլն: Ի դեպ, այս պարբերականի գրեթե բոլոր համարներն Ազգային գրադարանում կան:

Սարգիս Հացպանյանը ցուցադրեց Տիգրանակերտի վիլայեթից ընտրված մեջլիսի պատգամավոր Հովսեփ Գազազյանի լուսանկարը, ով պատգամավորությունից հետո Տիգրանակերտի քաղաքապետի առաջին տեղակալն է եղել եւ սրախողխող էր արվել 1915թ.-ին՝ հայերով ամենախիտ բնակեցված թաղամասում՝ ի տես ժողովրդի: Դաժան ճակատագիր են ունեցել նաեւ նրա մանկավարժ կինն ու երեխաները: Տիգրանակերտի պաշտոնյաների մեծամասնությունը հայեր են եղել, հատկապես կայսրության ռեֆորմի ժամանակաշրջանում: Ցույց տվեց նաեւ հայ մեծաքանակ կանանց մի խմբի լուսանկար, որոնց ամուսիններին ու արու զավակներին սպանել էին նրանց աչքի առջեւ՝ Տիգրանակերտից 13-14 կմ հեռավորության վրա: Ջարդի ճամփան Խարբերդից անցնում էր Տիգրանակերտով դեպի Դեր-Զոր: Մեր մտավորականությունը եւս այս ճանապարհով է անցել Դեր-Զոր: Գրիգոր Զոհրապն էլ չերքեզ Ռեշիտի կազմակերպած խուժանի քարերի հարվածներով է սպանվել:

2012 թվականին այսօրվա Դիարբեքիրում «Հին Տիգրանակերտի հայեր» անվամբ մեկշաբաթյա ցուցահանդես բացվեց: Թուրք մի մտավորական՝ Օսման Քյոքեր անվամբ, որ իր կյանքը նվիրել է հայոց պատմության վերհանմանը, ուսումնասիրությանն ու բարձրաձայնմանը, վաղուց տարբեր տարածքներում տվյալ բնակավայրի բնակչությանը նվիրված ցուցահանդեսներ է կազմակերպում, որի ժամանակ էլ բարձրաձայնում է մի շարք հարցեր՝ թե որքա՞ն հայ էր ապրում տվյալ տարածքում, ինչո՞վ էին զբաղվում, ի՞նչ պատահեց նրանց հետ, ի՞նչ եղավ նրանց ունեցվածքը եւ այլն:

Զաքարիա Միլդանյանի հեղինակած Տիգրանակերտի 104 եկեղեցիների քարտեզագրումը

Քարտեզն ըստ բնակավայրերի է, որը լույս էր տեսել թրքալեզու մի քանի պարբերականներում: Բանախոսը մանրամասնեց հայոց եկեղեցիներից մեկի՝ 1376թ. կառուցված Միջին Արեւելքի ամենամեծ քրիստոնեական եկեղեցու՝ Սուրբ Կիրակոսի պատմությունը: Այն բաղկացած է 7 խորանից, մեջտեղում ուներ զանգակատուն, որն 8,5 մ-ով բարձր էր տեղի մզկիթի մինարեթից, ինչը չէր վրիպել մոլլայի աչքից եւ հենց այդ պատճառով էլ որոշել էին քանդել: Ականջալուր չլինելով հայերի աղերսներին, 1913թ. գնդացիրը գործի էին դրել եւ գնդակոծել էին զանգակատունը: Ամիսներ չանցած՝ հայերը գումար էին հանգանակել եւ ավելի շքեղ զանգակատուն կառուցել: 2012-ին զանգակատան գլխին տեղադրվել է նաեւ տեղում պատրաստված զանգը: Այժմ, որպես հայ ինքնության գոյատեւման խորհրդանիշ, պատրաստվում են զանգակատան բազմաթիվ փոքրիկ մակետներ, որ հայերը պահում են իրենց տանը, որպես սրբություն եւ որպես հուշանվեր ընծայում մեկմեկու: Սուրբ Կիրակոս եկեղեցին 1915-ից մինչեւ 1950-ական թվականները շատ աղետալի վիճակում էր գտնվում:

1950-ականներին, ջարդը վերապրած տեղի ժողովուրդը իր հոգեւոր կարիքները բավարարելու խնդրանքով դիմում է թուրքական կառավարությանը, որպեսզի եկեղեցին վերաբացվի: Թուրքական կառավարությունը թույլատրում է պատարագ անել, սակայն եկեղեցին մշտական մի քահանա չի ունենում: 1961 թվականին, երբ Պոլսի պատրիարք է դառնում երջանկահիշատակ Շնորհ արքեպիսկոպոս Գալուստյանը, նա տեր Կիրակոս անունով քահանային ուղարկում է Սուրբ Կիրակոս եկեղեցու հոգեւոր հովիվ: Բանախոսին բախտ է վիճակվել ներկա լինել տեր Կիրակոսի մատուցած մի պատարագին: Տեր Կիրակոսը ծառայում է տվյալ եկեղեցուն 1964-1978 թվականները՝ մինչեւ տեղի հայ ազգաբնակչության արտագաղթելը:

1978 թվականից մինչեւ 2009 թվականը՝ մինչեւ եկեղեցու վերակառուցումն ու վերաբացվելը, ավելի տխուր ժամանակաշրջան է դառնում եկեղեցու համար: Այն ամբողջությամբ վերակառուցվել եւ վերաբացվել է Տիգրանակերտի կես զազա, կես քուրդ քաղաքապետ Օսման Բայդեմիրի անմիջական ջանքերով, պատերին էլ հայկական տառերով գրված է, որ այն հայկական եկեղեցի է, հիմնված՝ 1376թ.:

Այս գործում իր մեծ ներդրումն ունի նաեւ բերդաքաղաքի հայամետ կեցվածք դրսեւորող քաղաքապետ Աբդուլահ Թեմիրբաշը, ով եկեղեցին վերանորոգելու առաջարկով դիմել էր Օսման Բայդեմիրին: Ավելին՝ ոչ միայն վերանորոգվեց ու վերաբացվեց եկեղեցին, այլեւ փողոցներից մեկը ստացավ հայկական անուն՝ անվանակոչվելով տեղի երեւելի հայերից Մկրտիչ Մարկոսյանի անունով, որն էլ տեղի ունեցող արարողությանն անձամբ ներկա էր։ Նախկին տիգրանակերտցի, գրող-հրապարակախոս Մկրտիչ Մարկոսյանը Պոլսի Սուրբ Խաչ Դպրեվանքի տնօրեն եղած ժամանակ Սարգիս Հացպանյանի հայերենի ուսուցիչն էլ է հանդիսացել։ Երկու քաղաքապետը Տիգրանակերտի 4 տարբեր մուտքերին փակցնել էին տվել հայատառ ողջույնի խոսքեր՝ «Բարով եկաք Ձեր քաղաքը»:

Բանախոսը պատմեց նաեւ իր դպրոցական ընկերոջ՝ ծնունդով պատմական Տիգրանակերտ՝ այժմ Սիլվանից Արամ սրբազան Աթեշյանի մասին, ով բռնի իսլամացված մի հայ ընտանիքի զավակ է եղել, 1960-ականներին վերահայանալով գնացել էր Պոլիս եւ սովորել տեղի Սուրբ Խաչ Դպրեվանքում, որն այժմ հանդիսանում է Պոլսո պատրիարքի տեղապահը, քանզի Մեսրոպ պատրիարք Մութաֆյանը դեռ վատառողջ է:

Տիգրանակերտում ունենք նաեւ արդեն մզկիթի վերածված 3 եկեղեցի, որոնց զանգակատները փոխարինված են մինարեթով, նրանցից մեկն է չգործող հայ կաթոլիկ եկեղեցին:

Ցուցադրվեց նաեւ Տիգրանակերտի հայ ինքնությամբ ապրող 2 հայ մոհիկանի՝ Պողոս եւ Պայծառ ամուսինների լուսանկարները, ովքեր բնակվում են հենց Սուրբ Կիրակոս եկեղեցում:

Հայաստան ներգաղթածները հիմնականում բնակություն են հաստատել Նուբարաշեն թաղամասում, որտեղ փողոցներից մեկն անվանել են Չնքուշ: Պրն Հացպանյանը ցուցադրեց Դուդանի վիրաբն ու Չնքուշ այցելած չնքուշցի հայերի ժառանգների լուսանկարները՝ նույն ժայռի կատարին, որտեղից նետելով սպանել էին 13 հազար հայի: Այդ ժամանակ էր, որ առաջին անգամ քրդական իրականության մեջ քուրդ գրող-հրապարակախոս մարդինցի Ապե Մուսա (հորեղբայր Մուսա) ծածկանունով հայտնի Մուսա Անթեր անունով մտավորականը, որին սպանեցին 1991 թվականին, բարձրաձայնեց հայկական ջարդերում քրդերի մասնակցության մասին, որոշեց հայերից ներողություն խնդրել եւ գրեց իր հայտնի հոդվածը՝ «Չնքուշի Դուդանը», որն անկասկած ամենատարածված հոդվածներից է: Սա քրդերի կողմից երեւի առաջին մեղայականն էր, բայց ոչ վերջինը: «Որպեսզի քուրդը հայի աչքերին ուղիղ նայել կարողանա, պետք է պարզի պատմական ճշմարտությունը, իրողությունը բարձրաձայնի, համոզված եմ, որ հենց դրա համար էլ այսքան հետամնաց ենք, որովհետեւ ինչքան բանիմաց մարդ կար մեր շրջանում՝ ոչնչացրինք»,- ասել էր Ապե Մուսան, ինչի համար էլ նա սպանվեց, բայց եղավ այն ջահակիրը, որի հետեւից գնացին շատ այլ քրդեր:

Այսօր տպագրության է պատրաստվում ծագումով չնքուշցի՝ հրազդանաբնակ Հակոբ Հարությունի գիրքը, որը մանրամասն պատմում է հայ լեգեոնականների եւ Չնքուշի մասին, ուր գործել է հայտնի դպրանոց եւ պատահական չէ, որ Չնքուշը տվել է 2 հայոց պատրիարք:

ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728