Լրահոս
Օրվա լրահոսը

Ջութակահարների անսամբլը բնակարանում է փորձեր անցկացնում

Փետրվար 11,2015 15:30

Ջութակահար, ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ջութակահարների անսամբլի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Գեւորգ Աճեմյանը 1958թ. Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցի իր դասարանի 16 սաներից հիմնեց այս կոլեկտիվը: Այն պետական կարգավիճակ ստացավ 1970թ. եւ գործեց մինչեւ իր հիմնադրի կյանքի ավարտը՝ 1998թ.: Այնուհետեւ, պետական կարգավիճակից զրկված կոլեկտիվի գեղարվեստական ղեկավարի պարտականությունները ստանձնեց անսամբլի հիմնադրի կինը՝ ջութակահար, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Անահիտ Աճեմյանը: Վերջինիս՝ հանրապետությունից ժամանակավոր բացակայության պատճառով կոլեկտիվի այսօրվա ղեկավարն է Աճեմյանների դուստրը՝ դաշնակահար Աննա Աճեմյանը:

Achemyanner

Անահիտ եւ Աննա Աճեմյանները:

Ժամանակին «Առավոտի» հետ զրույցում Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանը մեզ փոխանցել էր, որ իր երբեմնի ուսանողուհին՝ Աննան, հոր՝ Գեւորգ Աճեմյանի 85-ամյակի առիթով հրատարակության է պատրաստում Ջութակահարների անսամբլի համար աճեմյանական մշակումների եռհատորյակը, նաեւ անսամբլի ձայնագրությունների CD-ները: Այսօր արդեն եռահատորը վերաճել է հինգհատորյակի: Ժամանակին հատուկ անսամբլի համար ստեղծագործել են ոչ միայն հայ կոմպոզիտորները, այդ թվում՝ Միրզոյանը, Հարությունյանը, Սմբատյանը, Չաուշյանը, այլեւ Լիդիա Աուստերը (Էստոնիա), Արամ Խաչատրյանի կինը՝ Նինա Մակարովան եւ ուրիշներ: Ասում են՝ աճեմյանական մշակումներով հիացել են Դմիտրի Շոստակովիչը, Տիխոն Խրեննիկովը եւ այլն: Ըստ տեղեկությունների՝ Աճեմյանը այնպիսի բարձր գեղարվեստական ճաշակով է կատարել խորհրդային կոմպոզիտորների երկերը, որ նրանք լսելուց հետո խնդրել են սեփական գործերի մշակման նոտարներն ուղարկել: Օրինակ, Շոստակովիչը Ջութակահարների անսամբլի կատարմամբ լսելով իր «Գավոտի» ձայնագրությունը, անմիջապես զանգել է Աճեմյանին ու հիացական խոսքերից հետո խնդրել է մշակման նոտաները:

Մեզ հետ զրույցում Աննա Աճեմյանը հայտնեց, որ «Գաֆէսճեան» սրահում օրերս իր նախաձեռնությամբ կնշվի հոր 90-ամյա հոբելյանը: Համերգին կմասնակցի Ջութակահարների անսամբլը եւ երգչուհի Աննա Մայիլյանը:

Ժամանակին Գեւորգ Աճեմյանի հիմնած Ջութակահարների անսամբլը եզակի էր ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլեւ աշխարհում եւ օրինակ վերցնելով հայաստանյան կոլեկտիվից, այսօր արդեն արտերկրում մի շարք նման անսամբլներ են գործում: Հետաքրքրվեցինք, թե իսկապես փառավոր ուղի անցած, Երեւանից մինչեւ Մոսկվա ու Սախալին հեղինակավոր համերգասրահներում մասնագետներին եւ ունկնդրին հիացրած անսամբլը երբեւէ կվերականգնի՞ իր պետական կարգավիճակը: Մեր զրուցակիցն ասաց, որ նման ցանկություն վաղուց կա եւ ինքը համոզված է, որ մշակույթի նախարարն ի վերջո խնդրին դրական լուծում կտա: Հավելեց նաեւ, թե շուրջ 2 տարի է՝ ինչ անսամբլը փորձերն անցկացնում է իրենց տանը:

Մեր զրուցակցին փոխանցեցինք այն փաստը, որ երբ 1960-ականների սկզբին Արամ Խաչատրյանը իր «Ձոն ցնծության» հանրահայտ ստեղծագործության համար Երեւանում, փորձի ժամանակ, կատարողների թվում սիմֆոնիկ նվագախմբի, ակադեմիական երգչախմբի հետ բեմում տեսել է Ջութակահարների անսամբլին, զարմացել է, բայց կատարումից հետո դիմելով Գեւորգ Աճեմյանին, ասել է՝ «Ձեզ համար ամեն ինչի պատրաստ եմ»: Լսելով «Շնորհակալություն, ոչինչ հարկավոր չէ» պատասխանը, շրջվել է դեպի ներկաներն ու բացականչել՝ «Միակ մարդն է, որ ինձնից ոչինչ չի ուզում»: Աննա Աճեմյանը հավելեց, որ Խաչատրյանի հետ այս հանդիպումից հետո սկսվում է մեծանուն կոմպոզիտորի եւ իր ընտանիքի բարեկամությունը: «Հայրս դարձավ Արամ Իլյիչի թոռնիկի՝ Արամիկի կնքահայրը: Մշտապես Հայաստան այցելելիս նա առաջի հերթին գալիս էր մեր տուն…»,- նշեց մեր զրուցակիցը:

Հարցին՝ ասում են, որ նույնիսկ Գեւորգ Աճեմյանին են ժամանակին փորձել խանգարել, այն դեպքում, երբ նա իսկապես անմնացորդ նվիրված էր անսամբլին, Աննան պատասխանեց. «Հորս անհնար էր խանգարել, նա լավ գիտեր իր աշխատանքը: Գաղտնիք չէ. աճեմյանական մշակումները համեմատում էին ասլամազյանականների հետ: Ինչ վերաբերում է խանգարելուն, դա արտահայտվել է միայն Ջութակահարների անսամբլի՝ արտերկիր մեկնելու հետ կապված: Չինովնիկներից ոմանք կաշառք էին պահանջում թույլտվության համար, բայց հորս բարձրակարգ մասնագիտական որակներից բացի, ԽՍՀՄ երկրներում նրան ճանաչում էին որպես պարկեշտ, ազնիվ անձնավորության: Չէի ասի, թե նա դժվար էր տանում արտերկիր չմեկնելու հանգամանքը: Հիշում եմ, որ հերթական հրավերի ու դրան հաջորդած մերժման դեպքում հայրս ասում էր՝ չեմ հասկանում, եւ որակ ցույց տամ, եւ կաշա՞ռք տամ: Ով որակ չունի, թող նա կաշառք տա… Ջութակահարների անսամբլը մորս ղեկավարության օրոք 2001թ. ունեցավ ընդամենը մեկ արտերկրյա ուղեւորություն՝ Բեյրութ»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Գեւորգ Աճեմյանը (կենտրոնում)՝
իր անսամբլի հետ, 1978թ.:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հարգելի Սամվել Դանիելյան ջան:Երբ ես դեռ Հայաստանում էի,շաբաթ չկար,որ իմ,Ջութակահարների անսամբլի եւ դաշնամուրի համար գրված «Էլեգիա»ն,չհնչեր ռադիոյով:«Էլեգիա»ն,որն այնքան վարպետորեն կատարել է Մեծն Գեւորգ Աճեմյանի ղեկավարած կոլեկտիվը, գրավել էր նաեւ բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի ուշադրությունը եւ նրա,իմ երաժշտության ներքո բեմադրած խորեգրաֆիկ պատկերը բեմադրվեց թե Հայաստանում,եւ թե Կանադայում(Մոնրեալ,Տորոնտո) ու ԱՄՆ(Բոստոն):Հանուն արդարության ասեմ,որ ստեղծագործությունը կատարվել էր առանց որեւէ միջամտության(մշակման),Էդգար Հովհաննիսյանի առաջարկությամբ:Ըստ երեւույթին կամ չեք իմացել,կամ էլ անունները նշելուց իմ անվան վրա թանաքը վերջացել է:Ծանոթ դեպք է…Համեցեք ունկնդրելու՝ https://www.youtube.com/watch?v=j0mD9eexotQ Շնորհակալություն:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728