Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Հայրապետյան. «Ես վիրավորվում եմ, երբ սամբոյում մեր նվաճումները վերագրում են միայն վերջին տարիներին»

Փետրվար 11,2015 14:30

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը «Առավոտի» հետ զրույցում հիշեց ու մեկ առ մեկ թվարկեց այն սամբիստների անունները, որոնք դեռ տասնյակ տարիներ առաջ են աշխարհի, Եվրոպայի չեմպիոն ու մրցանակակիր դարձել, հաղթել ու պատվո պատվանդան բարձրացել աշխարհի գավաթի առաջնություններում:

– Պարոն Հայրապետյան: Ինչպե՞ս եք գնահատում սամբո ըմբշամարտի ներկայիս վիճակը: Նկատի ունեմ եւ մարզական արդյունքները, եւ մարզումային պայմանները:

– Մինչ հարցին պատասխանելը պետք է հիշեցնեմ, որ մեր ֆեդերացիան դեռ Խորհրդային տարիներից աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում ամեն տարի կանոնավոր կերպով 20-ից ոչ պակաս մեդալ է նվաճել Հայաստանի համար: Կա վիճակագրություն, համապատասխան պրոտոկոլներ: Բայց, ցավոք, մեզանում ոչ սպորտի նախարարները, ոչ օլիմպիական կոմիտեի նախագահները սպորտի ճիշտ ժամանակագրություն չեն կազմել: Արդյունքում` սամբոն Հայաստանում հայտնվել է «խորթ զավակի» դերում, սամբոյի հանդեպ խտրականություն կա: Ես հիշում եմ, երբ Խորհրդային տարիներին մյուս մարզաձեւերի հետ մեծ ընտանիքում սամբոյին հավասար էին վերաբերվում՝ սկսած ուսումնամարզական հավաքներից, վերջացրած ամենախոշոր մրցաշարերին մասնակցությունով: Ու հայ սամբիստները երբեք հուսախաբ չեն արել, եթե չասեմ, որ շատ հաճախ ել արդյունքներով գերազանցել են մեզանում հենակետայինի կարգավիճակ ունեցող մարզաձեւերին: Ես դեռ աշխարհի ու Եվրոպայի գավաթները չեմ հաշվում: Հիմա մեզանում այդ մրցումները «անտեսվում» են: Գուցե պատճառներից մեկն էլ այն է, որ պետությունը հիմա այնքան միջոցներ չունի, որպեսզի այնտեղ մեդալներ նվաճած մարզիկներին էլ պարգեւատրի: Չգիտեմ, չեմ կարող ասել: Կա՞ մեկ այլ մարզաձեւ, որտեղ ունենան աշխարհի հնգակի, ինչպես մեր Գագիկ Ղազարյանը, քառակի, ինչպես Գուրգեն Թութխալյանը, եռակի, ինչպես Հովիկ Մանուկյանը, կրկնակի, ինչպիսիք են Երվանդ Գրիգորյանը, Արթուր Գրիգորյանը, Աշոտ Դանիելյանը (Արցախից) չեմպիոններ, հայ կին առաջին աշխարհի չեմպիոն Քրիստինե Նաջարյանը… Հիմա էլ այդ ավանդույթները շարունակվում են: Սա հենց այնպես` ինքն իրեն չի եղել: Ժամանակին աշխատել են նախարարությունը, օլիմպիական կոմիտեն, սամբոյի ֆեդերացիան, պետության բյուջեից գումար է տրամադրվել: Այ, տեսեք: 1989 թվականին Արցախում մեր մարզադպրոցի մասնաճյուղ ենք ստեղծել ու այնտեղի սաներն արդեն աշխարհի չեմպիոն են դառնում` Աշոտ Դանիելյանը, Մավրիկ Նասիբյանը, հաղթում են աշխարհի գավաթում, դառնում մրցանակակիրներ: Իսկ հիմա սամբոյի ֆեդերացիային տրվող պետական աջակցության գումարն այնքան է, որ մի կերպ է բավարարում Հայաստանի առաջնություններն անցկացնելուն ու աշխարհի, Եվրոպայի առաջնություններ մեկնելուն: Այն էլ` հաճախ ոչ ամբողջական կազմով:

Ես սիրում ու հարգում եմ բոլոր մարզաձեւերը, հպարտանում մեր բոլոր չեմպիոններով: Կեցցեն Արթուր Ալեքսանյանն ու Արսեն Ջուլֆալակյանը: Փառք ու պատիվ նրանց: Երկուսն էլ արժանի են մեր մարզական դրոշակակիրներ լինել: Արթուրին ու Արսենին տարեվերջի երեկոյի ժամանակ արժանիորեն մեծարեցին: Բայց չէ՞ որ կա նաեւ Մավրիկ Նասիբյանը, որը դրանից ընդամենը մեկ ամիս առաջ Ճապոնիայում անցկացված աշխարհի առաջնությունում 85 երկրների պայքարում աշխարհի չեմպիոն էր դարձել: Ըմբիշների անունը թող տային հազար անգամ, բայց Մավրիկի անունն էլ գոնե հինգ կամ երեք անգամ տային: Ճի՞շտ էր, արդյոք, որ այդ օրը Մավրիկ Նասիբյանի սպորտի վաստակավոր վարպետի գրքույկն ինձ միջանցքում փոխանցեցին: Կարելի էր, չէ՞, հենց դահլիճում նրան հանձնել, որպեսզի ներկաները տեսնեին նրան, սկսեին ճանաչել: Խտրականություն որ ասում եմ, այսպիսի երեւույթները նկատի ունեմ: Միեւնույն ժամանակ շատ շնորհակալ եմ Գագիկ Ծառուկյանին, որ այդ օրը Մավրիկին ու լավագույն 10-յակում տեղ զբաղեցրած Տիգրան Կիրակոսյանին ավտոմեքենա նվիրեց: Լավը մնում է լավ:

– Ասացիք` պետական ֆինանսավորումը քիչ է: Ինչպե՞ս եք կարողանում այդպիսի արդյունքներ արձանագրել:

– Մենք ուսումնամարզական հավաքներ գրեթե չենք անում` միջոցները սուղ են: Օրինակ, հունվարին մենք մի հավաք կորցրինք, որը Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերի նախապատրաստության կարեւոր փուլ էր լինելու: Այն անցկացնելու էինք օլիմպիական կոմիտեի աջակցությամբ: Բայց քանի որ մեր ղեկավարությունը դեռ չի որոշել` ընդհանրապես մասնակցելու ենք, թե ոչ, դրա համար բաց թողեցինք:

– Այսինքն, սամբիստները տրամադրվա՞ծ են Բաքու մեկնել:

– Մեր կարգավիճակն ուրիշ է: Սամբո ըմբշամարտը պայքարում է օլիմպիական մարզաձեւ դառնալու համար: Սամբոն առաջին անգամ է ընդգրկվել ԵՎՕԿ-ի հովանու ներքո անցկացվող մրցումների շարք: Հետեւաբար, մենք ոչ միայն նահանջելու իրավունք չունենք, այլեւ ուզում ենք մեկնել հաղթելու եւ մեդալներ նվաճելու նպատակով: Բայց այստեղ մի նրբություն կա: Բաքուն իր սեւ գործն, այնուամենայնիվ, արել է: Լավ հասկանալով, որ մեր ծանրորդներն այնտեղ հաղթողի հիմնական հավակնորդներից են, այդ մարզաձեւը փոխարինել է սամբոյով: Բայց այստեղ էլ խորամանկության է գնացել` մրցումների ծրագիր չընդգրկելով այն քաշային կարգերը, որտեղ Հայաստանը եթե անգամ չեմպիոն չտա, մեդալակիր անպայման կունենա: Իզուր չէ, որ բացակայում են հատկապես 52 եւ 82 կգ քաշային կարգերը, որտեղ աշխարհի չեմպիոն են Տիգրան Կիրակոսյանը եւ Աշոտ Դանիելյանը: Սակայն Եվրոպական խաղերի ծրագիր ընդգրկված քաշային կարգերում էլ մենք տիտղոսակիր սամբիստներ ունենք, որոնք միանգամայն ի վիճակի են պայքարել եւ հարեւան երկրում բարձրացնել Հայոց եռագույնը, հնչեցնել օրհներգը: Մնում է, որ մեր երկրի մարզական ղեկավարությունը շուտ կողմնորոշվի Բաքու մեկնել-չմեկնելու հարցում, որպեսզի մենք էլ հասցնենք մեր ծրագրերն իրականացնել:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728