Մշակույթի նախարարը հարյուրամյակի
միջոցառումից դուրս է մնացել
Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակում նկարահանվել են հատուկ տեսանյութեր, որոնք շատ շուտով կցուցադրվեն հեռուստատեսությամբ: Դրանցում մեր քաղաքական, հասարակական, մշակութային գործիչները Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատնից» հատվածներ են ասմունքում: Այս նախագծում, սակայն, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը (լուսանկարում) բացակայում է:
«Առավոտը» փորձեց պարզել, թե ինչու Հասմիկ Պողոսյանը եւս չի ասմունքել այս նախագծում, նրան չե՞ն հրավիրել, թե՞ ինքը չի ցանկացել, քանի որ խոսակցություններ կան, որ վերջինը հրավիրված չի եղել ու վիրավորվել է:
Պատասխանելով մեր հարցին, մշակույթի նախարարության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ալլա Սերոբյանը պատասխանեց. «Նախարարին առաջարկվել է մասնակցել այդ նախաձեռնությանը, նա էլ սիրով ընդունել է, ողջունել այդ գաղափարը: Չմասնակցելու պատճառն այն է, որ Հասմիկ Պողոսյանն այդ նախագծի նկարահանման օրերին քաղաքում չի եղել, ինչի հետեւանքով էլ նախարարի հանձնարարությամբ նախաձեռնությանը մասնակցել է նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը: Նաեւ նշեմ, որ նախարարի նախաձեռնությամբ Կոմիտասի թանգարանի բացմանը այդ հոլովակը ցուցադրվել է»:
Կարդացեք նաև
Ալլա Սերոբյանը նաեւ տեղեկացրեց. «Նախարարն այդ նախաձեռնությամբ է հանդես եկած կազմակերպության հետ հանդիպել, բանակցել է, ինչպես նաեւ այլ ծրագրեր քննարկել»:
Հավելենք, որ վերոնշյալ ծրագրում, տեսահոլովակներից մեկում «Անլռելի զանգակատնից» հատված է հնչում նաեւ նախագահի աշխատակազմի ղեկավար, հարյուրամյակի միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանի կողմից:
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.02.2015