Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եղեռնը հայ կերպարվեստում

Փետրվար 10,2015 22:54

«Ոչ մի ժողովրդի հետ տեղի չի ունեցել այնպիսի ողբերգություն, որպիսին մեզ հետ եղավ 1915-ին: Եվ այդ ողբերգությունն ամենատարբեր ձևերով իր արտահայտությունը գտավ նաև հայ կերպարվեստում»,- ասում է արվեստաբան Շահեն Խաչատրյանը:

Արվեստաբանն այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում «Եղեռնը հայ կերպարվեստում» խորագրով դասախոսություն կարդաց՝ տեսաէկրանի օգնությամբ ներկայացնելով հայ անվանի նկարիչների՝ Հայոց ցեղասպանությանն առնչվող 55 նկարներ, որոնց մեծ մասը Հայաստանում երբևէ չի ցուցադրվել:

«Վերջին տասնամյակում, հաճախակի գտնվելով Իտալիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և այլուր, կարողացա գտնել այդ նկարները»,- նշեց Շ. Խաչատրյանը:

Նա ներկայացրեց Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Գևորգ Բաշինջաղյանի, Եղիշե Թադևոսյանի և այլ նկարիչների այն գործերը, որոնք 1894-96 թթ. կոտորածների արդյունքում են ստեղծվել: Այնուհետև անդրադարձավ Եղեռնի թեմայի ընդգրկմանը Մարտիրոս Սարյանի, Վանո Խոջաբեկյանի և այլոց ստեղծագործություններում:

Քիչ չեն նաև այն հայ նկարիչները, որոնք կոտորածների ժամանակ որբացան, սակայն նրանց հաջողվեց սովորել Եվրոպայում, Ամերիկայում ու դառնալ մեծ նկարիչներ՝ կապվելով ոչ միայն հայկական, այլև եվրոպական արվեստի հետ: Ահա այս նկարիչներից Շ. Խաչատրյանն առանձնացրել էր Արշիլ Գորկու, Լևոն Թյութունջյանի, Խորեն Տեր-Հարությանի, Գառզուի, Ժանսեմի, Քերո Անթոյանի, Առաքել Պատրիկի, Հովակիմ Հովհաննիսյանի ստեղծագործությունները: Եվ, վերջապես, նա անդրադարձավ նաև մինչև 1930 թվականը ծնված հայ նկարիչներին՝ Սարգիս Մուրադյանին, Գրիգոր Աղասյանին, Աշոտ Հովհաննիսյանին, Գայանե Խաչատուրյանին, Հակոբ Հակոբյանին. «Մինչև այդ թվականը ծնվածները կապված են Եղեռնի տարիներին փրկված իրենց ծնողների հետ: Եվ նրանց ստեղծագործություններն իրենց ծնողներից «ստացած» խորը ապրումների արտահայտություններ են»,- ասաց արվեստաբանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728