Լրահոս
Օրվա լրահոսը

Տարբերակում սահմանամերձ գյուղերի մեջ

Փետրվար 10,2015 22:42

2014թ. օգոստոսի 4-ին  Բերդի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերը ադրբեջանական զինուժի կողմից ուժգին գնդակոծության ենթարկվելուց  հետո ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելեց այդ տարածաշրջանի սահմանամերձ Չինարի, Արծվաբերդ եւ Այգեձոր համայնքներ, ծանոթացավ այդ գյուղերի հիմնահարցերին: Վարչապետը Չինարի համայնքի  ղեկավար Սամվել Սաղոյանին պատվիրել էր ներկայացնել սահմանամերձ  համայնքի ուսանողների ցուցակը` նրանց ուսման վարձը փոխհատուցելու նպատակով:  Հետագայում վարչապետի խոստումը վերաբերեց  նաեւ Բերդի տարածաշրջանի սահմանագոտու այլ բնակավայրերի ուսանողներին: ՀՀ երիտասարդական հիմնադրամը, ՀՀ կառավարության, կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ  կհոգա   Բերդի տարածաշրջանի սահմանամերձ  Մովսես, Չինարի, Այգեպար, Այգեձոր, Վերին Կարմիրաղբյուր, Ներքին Կարմիրաղբյուր եւ  Իջեւանի տարածքի  Բերքաբեր գյուղերի ուսանողների ուսման վարձը: Այդ որոշումը  վերաբերում է  2015 թվականի երկրորդ կիսամյակին:

Տավուշի մարզի սահմանամերձ այլ համայնքների ղեկավարները դժգոհություն են հայտնում, թե ինչու մարզի սահմանամերձ, Ադրբեջանի զինուժի կողմից պարբերաբար գնդակոծվող  մյուս գյուղերի ուսանողները չեն օգտվում այդ  օգնությունից: Մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի 8 գյուղ ընդգրկված է կառավարության կողմից հաստատված սահմանամերձ 31 համայնքների ցանկում, դրանք ազատված են հողի հարկից, այդ գյուղերի բնակիչները էլեկտրաէներգիայի եւ բնական գազի վարձերը զեղչված են վճարում: Սակայն հիշյալ  գյուղերի ուսանողները  ուսման վարձի փոխհատուցման  ցուցակում ներառված չեն: Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ   գյուղերից միայն Բերքաբերի ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Արդարացի են դժգոհում: Եթէ Վերին Կարմիրը սահմանամերձ է, ինչո՞ւ այդ դէպքում Չորաթանը, Տաւուշը (նախկին՝ Թովուզը) կամ Պառաւաքարը սահմանամերձ չեն: Էլ չեմ ասում Իջեւանի շրջանից Վազաշէնը գիւղը:

  2. Garegin says:

    Իմ կարծիքով ՀՀ վարչապետը պետք է որ նման հանձնարարություն տար ոչ թե Չինարիի համայնքապետին, այլ Տավուշի մարզպետին: Ավելին, մինչ ցանկացած որոշում կայացնելն անհրաժեշտ էր սահմանամերձ բնակավայրերի հարցը համակարգված ուսումնասիրել՝ սահմանել չափորոշիչներ, դրանք մարզպետարանում քննարկել սահմանամերձ գյուղերի ներկայացուցիչների հետ, առաջարկություններն ուսումնասիրել ու արդյունքները ներկայացնել կառավարություն, համապատասխան որոշում կայացնելու կամ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու համար: Նշված որոշման կան օրինագծի մեջ սահմանամերձ բնակավայրերի համար պետք է նախատեսվեր՝ սահմանապահ, սահմանամերձ կամ թիկունքային բնակավայրերի կարգավիճակ տալու հարցը, նոր դրանից հետո, ելնելով տրված կարգավիճակից՝ հարկային արտոնություններ, ուսանողների վարձ և այլն: Այսինքն ՀՀ կառավարության կամ նրա ներկայացուցիչների գործունեությունը պետք է բխի այդ որոշումից կամ օրենքից, այլ ոչ թե նմանվի դրսից ժամանած մեծահարուստի վարքագծի: Թեման շատ կարևոր է և արդիական:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728