Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Դևրիկյան. «Եթե Գրիգոր Լուսավորիչն էլ գար կաթողիկոս դառնար, էլի դժգոհություններ կլինեին»

Փետրվար 10,2015 19:50

«Զարմանում եմ, որ  մեր հասարակությունը երբեմն սևեռվում է անհեթեթ, հիմնազուրկ հարցերի վրա, մանավանդ, մեր եկեղեցու բնագավառում բազում լուրջ խնդիրներ կան»,-Aravot.am-ի հարցին` արդյոք համոզի՞չ էր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անունով բանկային հաշվի վերաբերյալ Մայր աթոռի պարզաբանումը, Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ԳԱԱ գրականության ինստիտուտի փոխտնօրեն, ԵԿՄ անդամ Վարդան Դևրիկյանը:

Հիշեցնենք, որ վերջին օրերին սկանդալային քննարկումների են ընթանում Հայ առաքելական եկեղեցու`մասնավորապես կաթողիկոսի անվան շուրջ: Խնդիրն այն է, որ Շվեյցարիայում մամուլի արտահոսքի արդյունքում հրապարակվել են տեղեկություններ HSBC Շվեյցարիա բանկի հաճախորդների մասին, և պարզվել է, որ նրանց թվում է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որի անունով բանկային հաշիվ գոյություն ունի 2000 թվականից, և որի վրա առկա է 1,1 միլիոն ամերիկյան դոլար:

Մայր Աթոռից պարզաբանել են , թե դա անձամբ կաթողիկոսի հաշվեհամարը չէ, այլ եկեղեցունը, պարզապես նրա անունով է բացված:

Վարդան Դևրիկյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց. «1993-ից Մայր աթոռում եմ աշխատել, 1989-ից «Լուսավորչի» խմբագիրն եմ եղել, այսինքն` 20 տարի Մայր աթոռի համակարգում եմ: Եվ այն, որ այսօր զարմացական ասում են, թե ինչ հաշիվ է դա, ես պատասխանում եմ, որ Վազգեն վեհափառի ժամանակվանից էլ եղել է նման բան: Նույնիսկ  քննարկումներ եղել են , թե արտասահմանյան այս հաշվեհամարը այս մի կաթողիկոսի օրոք այսքան է դարձել, մյուսի օրոք այնքան: Հայոց եկեղեցին միշտ էլ արտասահմանյան հաշվեհամար ունեցել է, նվիրապետական բոլոր աթոռներն էլ ունեն և այդ հաշիվները գահակալների անունով են: Երբ ժամանակին հեռագրատան վարիչն էի, «Էջմիածնի» խմբագիրը, հիշում եմ, որ զբաղվում էին, որ այդ հաշիվը փոխվի Գարեգին առաջինի  անունով: Ես հիմա իմ հեղինակությունը գրավ դնելով կարող եմ ասել, որ դա բոլոր կաթողիկոսների ժամանակ եղել է, և դա այն հարցը չէ, որ քննարկվի»:

Մեր այն դիտարկմանը` արդյոք ճի՞շտ է համեմատություն տանել Վազգեն վեհափառի ժամանակների հետ, երբ հաշիվը բացվել է 2000-ից, պարոն Դևրիկյանն այսպես արձագանքեց. «Մեր կաթողիկոսը կաթողիկոս է դարձել 1997-ի հոկտեմբերին և որ ամեն ինչ ձևակերպվի կամ մի հաշվից մյուսը տեղափոխվի, պատահական չէ, որ այդ հաշիվը բացվել է 2000-ին: Դա նախկին համարի փոխանցումն է նոր կաթողիկոսի անունով: Այ, եթե 2010-ին լիներ, կարող էինք ասել, բա տասը տարի ի՞նչ է եղել»:

Մեր հարցին որտե՞ղ ենք թերացել, որ հասարակության մեջ այն կարծրատիպն է, թե իշխանություն, եկեղեցի, բիզնես սերտաճած են, պարոն Դևրիկյանը չցանկացավ ծավալուն մեկնաբանություն տալ ու շեշտեց, թե դրա պատճառները բխում են մեր իրականությունից: Այնուհետև եզրափակեց. «Եթե Գրիգոր Լուսավորիչն էլ գար կաթողիկոս դառնար, էլի դժգոհություններ կլինեին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գայանե (ԵՊՀ) says:

    Նախ` Գարեգին բ-ն կաթողիկոս է դարձել ոչ թե 1997-ին, այլ` 1999-ի հոկտեմբերի 27-ին, և գրեթե անմիջապես ձևակերպումը կատարվել է…
    Ուզում եմ համոզմունք հայտնել, որ Գրիգոր Լուսավորչին հասնելու կարիք չկա, ոչ հեռու անցյալում Վազգեն Վեհափառ ենք ունեցել…
    Իսկ այս սկանդալային գործի մեջ կարծում եմ կա նաև ԵՊՀ աստվածաբանության ֆակ-ի հիմնադիր դեկան(1995-2005թթ) դեկան, Երուսաղեմից վտարված և բարենպաստ գրկում հատնված, աղմկահարույց Շահե արք Աճեմյանը` իր քատուղարուհի,այժմ ԵՊՀ աշխատակցուհի
    Մարի Սանթուրջյանը, ում Վադանը լավ գիտի..

  2. kamo lalayan says:

    Որևհետև պետք չի գալ ու դառնալ կաթողիկոս նույն ձևով նախագահ, պատգամավոր և այլը: Անհրաժեշտ է նախ պատկերացնել թե դա ինչ պատասխանատու, դժվար գործ է հետո դառնալ այդ պաշտոնի արժեհամակարգի կրողը, վաստակել ազգը առաջնորդելու պատիվը հետո վնտրվել ազգի կողմից այդ պաշտոնում առանց վնասելու ազգին:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728