Նախկինում տեղեկացրել ենք Տավուշի մարզի Աչաջրի բնակիչ (2013թ.-ից այդ համայնքի ղեկավար) Կամո Ղալթախչյանի նկատմամբ կատարված մահափորձի մասին: Այդ հանցագործությունը մինչ այժմ չի բացահայտվել: Աչաջրի բնակիչները մեզ հայտնեցին, որ գյուղի 36-ամյա բնակիչ Մեխակ Մելիքբեկյանը մասնակից է Աչաջրի գյուղապետ Կամո Ղալթախչյանի եւ նրա ընտանիքի անդամների դեմ նոր մահափորձի կազմակերպմանը: Այդ մահափորձը պետք է իրականացվեր 2014թ. փետրվարին. Աչաջից Նոյեմբերյան տանող ճանապարհին գյուղապետի ավտոմեքենան, որի մեջ նաեւ Կ. Ղալթախչյանի որդին էր, պետք է հարձակման ենթարկվեր:
Մեխակ Մելիքբեկյանը նշել է այդ ահաբեկչության պատվիրատուի անունը, ով գյուղի նախկին ղեկավարներից է: Նրա խոստովանությունը տեսագրվել է, այդ տեսանյութի օրինակներից մեկն առկա է ոստիկանության Իջեւանի բաժնում: Նշենք, որ Մ. Մելիքբեկյանը ոստիկաններին հայտնել է, որ իբր իրեն առեւանգել, նվաստացրել են: Աչաջրում նախաձեռնված 4 մահափորձերի, Մ. Մելիքբեկյանի կարծեցյալ առեւանգման գործը քննում են Երեւանի իրավապահները:
Աչաջրի բնակիչները մեզ հայտնեցին, որ նախկինում կատարված հանցագործությունները բացահայտելու գործում իջեւանցի ոստիկանների անգործությունը նոր հանցագործություններ է ծնում: Այս առնչությամբ զանգահարեցինք ոստիկանության Իջեւանի բաժնի պետ Կարեն Հակոբյանի բջջային հեռախոսահամարին, սակայն նա չպատասխանեց:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Գործողություն որոկող տերմինների հետ հարկավոր է ուշադիր լինել: Ըստ լրատվամիջոցներում լուսաբանված փաստերի, տեղի ունեցածը մահափորձ է եղել, այլ ոչ թե ահաբեկչություն: Ինչ վերաբերվում է Աչաջուր գյուղում տիրող իրավիճակին, ապա միանշանակ է, որ այն հետևանք է մարզի ողջ իրավահամակարգի անգործության:
Տեղին կլիներ հարցն ուղղել մարզի նախկին և ներկայիս դատախազներին, այլ ոչ թե Ոստիկանության Իջևանի բաժնի պետին, չէ որ քննության նկատմամբ հսկողությունն իրենք են իրականացրել, սա իհարկե այն դեպքում, երբ տողատայկերում այլ միտք մատուցելու նպատակ չկա:
Հարգելի Գարեգին,ուրախ եմ , որ իմ գրածներին հետեւողական կերպով արձագանքում եք: Սակայն շարունակում եք հանդես գալ կեղծանունով: Հավատացեք, ձեր գրած մեկնաբանություններն ավելի արժեքավոր կլինեին եթե ներկայանաք ձեր իսկական անուն-ազգանունով:Ուրախ եմ, որ իրավական գիտելիքներ ունեք, գուցե իմանում եք ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով վարչությունում ինչ հոդվածներով է գործը քննվում:՚