Ինչպես տեղեկացրել ենք, այսօր սկսվեց խորթ հոր` Թուրքիայի քաղաքացի Էվիլյա Գյուլիշթեքինի սպանության մեջ կասկածվող 25-ամյա Մաքսիմ Բաքոյանի դատավարությունը: Վերջինս մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով` դիտավորյալ սպանություն կատարելու մեջ: Հիշեցնենք, որ Մաքսիմ Բաքոյանի մորը` ազգությամբ եզդի Մայային, նախորդ տարի Թուրքիայում սպանել էր նրա ամուսնու եղբայրը` անչափահաս երեխաների աչքի առաջ: Մաքսիմ Բաքոյան էլ, վերադառնալով Գերմանիայից, Գյումրու Մուշ թաղամասում գտնվող իրենց տան մոտակայքի ավտոտնակում սպանել էր խորթ հորը:
Այսօր, երբ Մաքսիմին ոստիկանների ուղեկցությամբ բերեցին դատարանի դահլիճ, հարազատները ծափահարություններով դիմավորեցին նրան: Սկիզբից ևեթ լարված մթնոլորտ էր դատարանում: Կրքերը դարձան անկառավարելի, երբ Էվիլյա Գյուլիշթեքինի` Թուրքիայից եկած քույրն ու եղբայրը, որոնք ճանաչվել են տուժողի իրավահաջորդներ, հայտարարեցին, թե չեն ուզում, որ դատական նիստը նկարահանվի:
Կարդացեք նաև
Մայայի քույրը, իր սպանված քրոջ նկարը պարզելով, ճչում էր. «Իմ քրոջը սպանեցին, բան չասեցինք, հերիք եղավ, սա ճիշտ չէ»:
Այնուհետ մթնոլորտը դարձավ անտանելի, երբ սկսեց խոսել տուժողի շահերը ներկայացնող գյումրեցի փաստաբան Սուսաննա Մխիթարյանը: Բանն այն է, որ Մաքսիմի շահերը ներկայացնող հանրային պաշտպան Մամիկոն Մուրադյանը միջնորդություն էր ներկայացրել դատարանին` առարկելով, որ Սուսաննա Մխիթարյանը ներգրավված լինի այս գործում: Մամիկոն Մուրադյանի ասելով, մինչ տուժողի շահերը պաշտպանելը, այս փաստաբանը իրավական խորհրդատվություն է տվել հենց ամբաստանյալին` Մաքսիմին:
Սուսաննա Մխիթարյանն էլ վիճաբանում էր Մամիկոն Մուրադյանի հետ, նշում, որ ինքը ընդամենը ներգրավված է եղել Մայայի ու Էվիլիայի որբացած երկու երեխաների խնամակալության գործում: Այսինքն, ըստ Սուսաննա Մխիթարյանի, քրեական գործը կապ չունի քրեաիրավական գործի հետ:
Փաստաբան Սուսաննա Մխիթարյանը նաև նշում էր, որ տուժողի իրավահաջորդների պնդմամբ, Էվիլյան իր կնոջ սպանությունից հետո Թուրքիայից 125 հազար դոլար է բերել Գյումրի, որպեսզի գործի մեջ դնի ու իր երեխաներին կրթության տա Հայաստանում:
Ըստ սպանվածի հարազատների, Էվիլյան լավ հարաբերությունների մեջ է եղել իր կնոջ տղայի` Մաքսիմի հետ, քանի դեռ իրենց տանը չէր հայտնվել կնոջ քույրը`Բասին:
Սպանությունից երկու օր առաջ, ըստ փաստաբանի, հարձակում է եղել Էվիլյայի տան վրա, վերջինս դիմել է ոստիկանություն: Այնուհետ երկու օր անց որոշել է տեղափոխվել Թուրքիա, քանի որ վախեցել է իր կյանքից: Նա որոշել է իր հետ տանել գումարի մի մասն ու ոսկեղենը, այնուհետ գալ ու տանել նաև իր երկու երեխաներին: Էվիլյա Գյուլիշթեքինին կնոջ մահից հետո նաև դիմում էր ներկայացրել Մուշ թաղամասի բնակարանը սեփականաշնորհելու:
Փաստաբանի փոխանցմամբ, տուժողի իրավահաջորդները այն կարծիքին են, որ մորաքույրն է դրդել Մաքսիմին իր խորթ հորը սպանելու: Ընդ որում` տուժողի իրավահաջորդների մոտ կան կասկածներ, որ Մաքսիմը սպանությունը մենակ չի կատարել:
Եվ մինչ Մաքսիմի փաստաբանը պնդում էր, որ Սուսաննա Մխիթարյանը պիտի հրաժարվի այս գործից, տուժողի իրավահաջորդները գրություն ներկայացրեցին դատավոր Մարտին Սարոյանին, որտեղ և նշում էին, որ իրենք թեև գոհ են փաստաբանի աշխատանքից, սակայն հրաժարվում են նրանից` մտահոգվելով նրա ֆիզիկական անվտանգության մասին: Ըստ սպանված Էվիլյայի քրոջ և եղբոր, քանի որ դատարանում նստածները ագրեսիվ պահվածք են ցուցաբերում փաստաբան Սուսաննա Մխիթարյանի նկատմամբ, ուստիև իրենք հրաժարվում են նրա ծառայությունից:
Դատը հետաձգվեց մինչև ամիս 24-ը, մինչև որ տուժողի իրավահաջորդները նոր փաստաբան կգտնեն:
Մանրամասները` տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ