Լրահոս
Օրվա լրահոսը

Սրբոց Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն

Փետրվար 10,2015 18:35

Փետրվարի 10-ին` Սրբոց Ղևոնդյանց քահանաների տոնին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մայր Տաճարում մատուցվեց սրբազան Պատարագ, որի ընթացքում կատարվեց նաև քահանայական ձեռնադրություն:

Պատարագիչն էր Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրություն և օծում ստացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ութ միաբան սարկավագներ:

6

Ս. Պատարագի ընթացքում Բագրատ Սրբազանը քահանայության կոչեց նորընծաներին` Սրբալույս Մյուռոնով օծելով նրանց ճակատներն ու ձեռքերը և շնորհելով նոր հոգևոր անուններ: Թորգոմ սրկ. Սաղաթելյանը վերակոչվեց Տ. Ղևոնդ քահանա, Հովհաննես սրկ. Կարապետյանը` Տ. Մկրտիչ քահանա, Դավիթ սրկ. Չեթինգայան`  Տ. Թեոդիկ քահանա, Վահե սրկ. Ենգիբարյանը` Տ. Մուշե քահանա, Գարիկ սրկ. Նադանյանը` Տ. Մանասե քահանա, Արամայիս սրկ. Թախմազյանը` Տ. Թադե քահանա, Ֆրունզե սրկ. Հովհաննիսյանը` Տ. Օվսե քահանա, Արամ սրկ. Գասպարյանը` Տ. Մատաթիա քահանա: Հավարտ ձեռնադրության արարողության, նորընծա քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը փոխանցեցին ներկաներին:

Այնուհետև ձեռնադրող Բագրատ Սրբազանը քարոզեց տոնի և ձեռնադրության խորհրդի մասին` ասելով. «Նշում ենք և խնդրում ենք բարեխոսությունը Ղևոնդյանց մեր նահատակ հայրերի, միևնույն ժամանակ հայցում ենք նրանց առաջնորդող ներկայությունը մեր կայնքում: Այսօր մեր Սուրբ Եկեղեցու մեծագույն տոներից է, նահատակության և հաղթանակի վկայության տոներից մեկը: Այսօր պատմության մեջ ամփոփված և վերջացած իրադարձություն չէ, այն շարունակվում է և շարունակվելու է այնքան ժամանակ, որքան այս երկրի վրա գոյություն է ունենալու Տիրոջ Սուրբ Եկեղեցին: Այն լցվելու և առատանալու է  աստվածային շնորհներով, բաշխվելու է այդ սուրբ Եկեղեցուց Տիրոջ ամեն անգամվա զոհաբերվող և հաղթանակ պարգևող մարմինն ու արյունը, առատանալու է իր կյանքը նորադարձ քրիստոնյաներով, վկայելու է իր խորաններից մարգարեական ու աստվածային ճշմարտության մասին, մեկնելու է հեռավոր վայրեր՝ դաշտեր ու երկրներ առաքելական անհոգնությամբ տարածելու Տիրոջ կենսատու խոսքը»:

Պատարագիչ Սրբազանը մասնավորապես անդրադարձավ կատարված ձեռնադրությանը` նշելով. «Այսօր մեր Եկեղեցու կյանքում ութ նոր քահանա հայրեր մարգարեությամբ, առաքելական ուսուցմամբ, արքայական պատվով և Ղևոնդյանց նահատակության բարձրագույն գիտակցումով այս Սուրբ Խորանի վրա ուխտեցին առնել և ուսուցանել, ուխտեցին կոչվել այնտեղ, որտեղ Սուրբ Հոգին կկանչի, ուխտեցին բժշկություն կատարել մեր ժողովրդի կյանքում, բանալ աչքերը, բացել ականջները և առաջնորդներ լինել իրենց վստահված բանավոր հոտի կյանքում:  Այսօր վստահ եմ,  որ ցնծում է ոչ միայն երկրում ապրող զինվորյալ Եկեղեցին, այլև երկնքում բույլ կազմած, շուրջպար բռնած հաղթանակած Եկեղեցին: Եվ այս զգացումներն են իմ մտքի մեջ այս քանի օրերին՝ հոգևոր պատրաստությունը խնդրելով Տիրոջից, որին անարժան ձեռքով կատարված այս ձեռնադրությունը և օծումը՝ արժանավոր դարձնի մեր շատ սիրելի  քահանա հայրերին»:

Խոսքն ուղղելով նորաձեռնադրյալ իր հոգևոր զավակներին` Բագրատ Սրբազանը պատգամեց. «Սիրելի քահանա հայրեր,  մենք ձեզ այսօր  կոչեցինք՝ ձեռնադրելով և օծելով  Տիրոջ այգու և անդաստանի մեջ լինելու կույրերին լույս պարգևող, խավարի մեջ մնացողին դուրս բերող այդ բանտից, հատկապես կամավորապես կուրացածներին առաջնորդող դեպի ճշմարտություն: Լինելու և մնալու հավատարիմ զավակներ Ամենայն Հայոց Հայրապետի, լինելու և մնալու հավատարիմ ծառաներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Սուրբ Եկեղեցու, լինելու և հավատարմությամբ ծառայելու մեր եղբայրությանը, և լինելու ամենխոնարհ, ամենացածր, ամենահամբերող, ամենասիրող աստիճանի վրա, երբ ձեռք կմեկնեք մեր ժողովրդի կյանքում Աստծո ներկայությունը վկայելու համար: Չվախենաք ոչնչից, չքաշվեք ոչնչից, չամաչեք այն լծից, որ առել եք ձեր ուսերին, քարոզեցե՛ք Նրա մասին ամեն օր, ամեն ժամ. դա կլինի փողոցում, կլինի եկեղեցում, կլինի որևէ այլ վայրում, չմոռանաք այդ մասին: Չմիախառնվեք աշխարհի հետ, չդառնաք նույնը աշխարհի հետ, այլ մշտապես այսօրվա խորհուրդը ձեր մտքի մեջ ունենալով՝ ապրեցեք Ղևոնդյանց նահատակների առաջնորդությամբ և Սուրբ Հոգու վառող կրակով, լինելու իրապես քահանաներ, ինչպես մեր հայրերից Խոսրով Անձևացին է ասում՝ «լինելու Աստծու բերանը ժողովրդի համար և ժողովրդի բերանը Աստծո համար»:

Սրբազանը նաև տոնի առիթով շնորհավորեց Ամենայն Հայոց Հայրապետին և հոգևորականաց ողջ դասին` մաղթելով շարունակել ապրել Ղևոնդյանց նահատակության գիտակցությամբ և էլ ավելի զորանալ Աստծո անդաստանի մեջ:

Ապա «Ողջույնի» ժամանակ Մայր Աթոռի միաբաններն առաջնորդությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձրացան Ս. Խորան` շնորհավորելու քահանաներին և համբուրելու նրանց մյուռոնաբույր ճակատներն ու ձեռքերը:

Երեկոյան կատարվելու է նաև վեղարի տվչության արարողություն: Տ. Ղևոնդ և Տ. Մկրտիչ քահանաները ստանալու են վեղար և համալրելու են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության շարքերը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում քառասնօրյա պահեցողությունից և պատրաստության շրջանից հետո նորընծաներն Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնությամբ ծառայության կկոչվեն Հայ Եկեղեցու տարբեր թեմերում և կառույցներում:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728