Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ՏԿԱՒ նախարար Արմեն Երիցյանը մասնակցեց Արագածոտնի մարզխորհրդի նիստին

Փետրվար 10,2015 17:41

ՀՀ ՏԿԱՒ նախարար Արմեն Երիցյանը մասնակցեց Արագածոտնի
մարզխորհրդի նիստին

Փետրվարի 10-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մասնակցեց Արագածոտնի մարզպետարանի դահլիճում կայացած ընթացիկ տարվա մարզխորհրդի առաջին նիստին: Բացման խոսքով հանդես եկավ Արագածոտնի մարզպետ Ս. Սահակյանը, այնուհետև խոսք տրվեց մարզպետարանի վարչության պետերին և համայնքների ղեկավարներին, որոնք ներկայացրեցին ընթացիկ աշխատանքներն ու մարզում առկա խնդիրները:

Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Յ. Ազատյանը ներկայացրեց մարզի համայնքներում առկա առաջին հրատապության խնդիրները: Նա անդրադարձավ 2014-ին մարզում տեղադրված 5 հակակարկտային կայաններին, խոսեց դրանց արդյունավետության մասին և նախարար Երիցյանին խնդրեց, հնարավորության դեպքում, այս տարի կայանների տեղադրման քանակը հասցնել 20-ի: Մարզի առաջնային խնդիրների շարքում Ազատյանն առանձնացրեց համայնքային մաշված տեխնիկայի վերազինման, ոռոգման համակարգի բարելավման և սելավատարների մաքրման աշխատանքների նախապատրաստման ու կազմակերպման հարցերը: Մարզպետարանի աշխատակիցը շեշտեց, որ Քասախ գետի մաքրման աշխատանքների իրականացման, մի շարք քաղաքների և գյուղական համայնքների պոմպակայնների ու Ապարանի ջրամբարի վերանորոգման դեպքում մեծապես կբարելավվի մի շարք համայնքների ոռոգման համակարգը:

Մարզխորհրդի նիստի ընթացքում իրենց խնդիրներով կիսվեցին նաև մարզի որոշ համայնքների ղեկավարներ: Մասնավորապես` Կաթնաղբյուր համայնքի ղեկավարը նշեց, որ միայն տեխնիկական խնդիրների պատճառով համայնքում չի ոռոգվում շուրջ 123 հեկտար հողատարածք: Նա մարզի մի քանի համայնքների ղեկավարների անունից բարձրացրեց գրեթե նույն խնդիրները, որոնք կապված են պոմպակայանների վերանորոգման, գազիֆիկացման, ոռոգման ջրով ապահովման, ամբարտակների ջրատարողության հուսալիության հետ և այլն:

Անդրադառնալով բարձրացված խնդիրներին` ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ հանրապետության տարածքում համայնքային խնդիրները գրեթե նույնն են, և մեծ աշխատանք է տարվում այդ խնդիրները շուտափույթ լուծելու ուղղությամբ: «Մենք լինելու ենք բոլոր գյուղերում անխտիր: Ծանոթանալու ենք խնդիրներին հենց տեղում և ձգտելու ենք տեղում լուծում տալ այն հարցերին, որոնք հնարավոր է լուծել այսօր, ավելի երկարաժամկետ լուծում պահանջող հարցերը կկարգավորվեն ժամանակի ընթացքում: Ես անձամբ կզեկուցեմ և´ նախագահին, և´ վարչապետին: Լինելու ենք ձեր կողքին, շատ անելիքներ ունենք միասին», – շեշտեց Ա. Երիցյանը:

Նախարարը հանձնարարեց նաև արծարծված հարցերի վերաբերյալ կազմել հստակ հաշվետվություն, թե ինչ միջոցներ և ինչքան գումար է հարկավոր այդ խնդիրները լուծելու համար:

Օրակարգի հաջորդը հարցերը վերաբերում էին մարզի համայնքներում 2014-ին իրականացված վարչական վերահսկողության և կադրային գործի վարման ընթացքում հայտնաբերված խախտումներին, թերություններին ու բացթողումներին, ինչպես նաև` դրանց վերացման աշխատանքներին, 2015 թ. մարզի համայնքների բյուջեի կազմման գործընթացին, համայնքներում խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների գործունեությանը:

Նիստի ընթացքում ելույթ ունեցավ նաև Արագածոտնի մարզպետ Ս. Սահակյանը: Նա ցավով նշեց, որ 2014-ը բավական դժվար տարի էր մարզի համայնքների համար, քանի որ գրանցվել են ցրտահարության և կարկտահարության դեպքեր: Մարզպետը հայտնեց, որ համայնքներում արոտավայրերի մեծացման խնդիր կա, ինչը քննարկվել է նաև գյուղատնտեսության նախարարության հետ: Նա հավելեց, որ շատ համայնքներ պատրաստ են նույնիսկ տեղական բյուջեի օգնությամբ լուծել ծառացած խնդիրները: Միևնույն ժամանակ, մարզպետը նախարարին ներկայացրեց մարզի գույքի հավաքագրման արդյունավետությունը` նշելով, որ  համայնքների ղեկավարներն աշխատում են հավուր պատշաճի, իսկ մարզում աշխատավարձերի տրամադրումը կատարվում է ժամանակին:

Ընդհանուր առմամբ դրական գնահատելով մարզպետարանի գործունեությունը` նախարար Ա. Երիցյանը ցանկություն հայտնեց շարունակել նույն ոգով և մեծ ուշադրություն դարձնել սահմանամերձ համայնքներին և համայնքային դպրոցների բարելավման աշխատանքներին:

Մարզխորհրդի նիստից հետո նախարար Ա. Երիցյանն այցելեց Արագածոտնի մարզի նորակառույց Ճգնաժամային կառավարման կենտրոն և ծանոթացավ նորոգման ընթացիկ աշխատանքներին: Լրագրողների հետ զրույցի ընթացքում նախարարը նշեց. «Մինչև սույն տարվա ապրիլ ամսվա սկիզբը այս մարզի, ինչպես նաև հանրապետության տասը մարզերի ՃՃԿ-ները կսկսեն գործել լիարժեք կազմով: Ես ցանկանում եմ, որ մարզպետներին անձամբ զեկուցեն մարզային պատահարների մասին: Մենք ֆինանսական խնդիրեր ունենք հակակարկտային կայանների տեղադրման հարցում: Ներկայումս դրանք ապահովում են հանրապետության տարածքի ընդամենը 9.3 տոկոսը: Դրամական միջոցներ ձեռք բերելու նպատակով համագործացկում ենք նաև արտասահմանյան կազմակերպությունների հետ: Մենք նաև ձգտում ենք, որ 911 ծառայությունը հասանելի լինի հանրապետության ողջ տարածքում: Մեծ ուշադրություն ենք դարձնելու մասնավորապես սահմանամերձ  32 գյուղերին:»

Մարզային ՃՃԿ այցելությունից հետո նախարարը եղավ նաև Աշտարակի բժշկական կենտրոնում: Ա. Երիցյանը մասնավորապես հետաքրքրվեց 1-03 ծառայության սպասարկման որակով և արդյունավետությամբ: Քննարկվեցին այն հարցերը, թե ձմռան ամիսներին ինչպես է առաջին օգնություն տրամադրվում դժվար անցանելի ճանապարհներ ունեցող համայնքներին: Բժշկական կենտրոնի տնօրեն Ա. Հովհաննիսյանը նախարարին ներկայացրեց բուժհաստատության առաջին հրատապության խնդիրները, որոնք ընդգրկում էին տեխնիկական վերազինման, ընդհանուր նորոգման, գույքի ձեռքբերման, ջրահեռացման և կոյուղային համակարգի բարելավման աշխատանքների իրականացման հարցեր:

Ծանոթանալով Բժշկական կենտրոնի խնդիրներին` նախարարը նշեց, որ կփորձի  լուծում տալ ամենահրատապ հարցերին:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728