Լրահոս
Օրվա լրահոսը

2015 թ. հունվարին արձանագրվել է 2.5% գնաճ

Փետրվար 10,2015 17:10
KB

2015 թ. փետրվարի 10-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.0 տոկոսային կետով՝ սահմանելով այն 10.5%:

2015 թ. հունվարին արձանագրվել է 2.5% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը հունվարի վերջին կազմել է 4.3%՝ մոտ գտնվելով նպատակային ցուցանիշին: Խորհուրդը կարծում է, որ առաջիկա ամիսներին 12-ամսյա գնաճը փոքր-ինչ կավելանա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցածր բազայի հետևանքով, որից հետո կրկին կմոտենա նպատակային ցուցանիշին:

Խորհուրդն արձանագրում է, որ 2015 թ. ընթացքում արտաքին հատվածում դիտվել է ԱՄՆ տնտեսական աճի տեմպերի արագացում, որին զուգահեռ ձևավորվել են տոկոսադրույքների բարձրացման սպասումներ` նպաստելով ԱՄՆ դոլարի  արժևորմանը և հումքային ու պարենային ապրանքների միջազգային շուկաներում գների նվազմանը: Այս դրսևորումները հանգեցրել են զարգացող երկրներում ներդրումների ռիսկերի ավելացմանը, որն էլ պատճառ է դարձել զարգացող երկրների արժութային շուկաներում արձանագրված բարձր տատանողականության, տոկոսադրույքների աճի և տնտեսական աճի տեմպերի դանդաղման:

Խորհուրդը գնահատում է, որ նախորդ տարվա վերջին վերոնշյալ զարգացումներով և տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված ՀՀ ֆինանսական և ապրանքային շուկաներում տեղի ունեցած դրսևորումներն աստիճանաբար չեզոքանում են: Նման պայմաններում Կենտրոնական բանկի խորհուրդը նպատակահարմար է գտնում նվազեցնել շուկայական կարճաժամկետ տոկոսադրույքները, որոնք ներկայումս ձևավորվել են լոմբարդային ռեպո տոկոսադրույքի շրջանակներում, լոմբարդային ռեպո տոկոսադրույքը նվազեցնելով 2.5 տոկոսային կետով՝ մինչև 14.5%: Բնականոն իրավիճակին վերադառնալուն զուգահեռ շուկայական կարճաժամկետ տոկոսադրույքները կնվազեն՝ մոտենալով վերաֆինանսավորման տոկոսադրույքին, որը բարձրացվել է մինչև 10.5%՝ արտացոլելով զարգացող երկրներում ներդրումների ռիսկերի և տոկոսադրույքների աճի միտումները ավելի երկարաժամկետ հատվածում:

ԿԲ խորհուրդը համակարծիք է, որ նշված գործողությունները կկրճատեն ԿԲ քաղաքականության և շուկայական կարճաժամկետ տոկոսադրույքների միջև ձևավորված տարբերությունը՝ նպաստելով ֆինանսական շուկայում իրավիճակի կայունացմանը և ապահովելով գնաճի նպատակի իրագործումը միջնաժամկետ հատվածում:

Լոմբարդային ռեպոների և ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 14.5% և 9%:

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ փետրվարի 20-ին հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2015 թ. առաջին եռամսյակի ծրագրում):

ԿԲ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728