«Ես մուրացկան չեմ, բայց ոնց տեսնում եմ՝ աստիճանաբար դառնում եմ:
Ես բնակարաններ եմ մաքրում, բայց միշտ չէ, որ գործ լինում է: Ինձ տալիս են չնչին գումար, այդ գումարով ինչպե՞ս ապրեմ:
Ես անգամ որդուս գուլպա գնել չեմ կարող, որդուս, որը սովորում է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում», -ասում է զրուցակիցս՝ Գայանե Նասոյանը:
Գ.Նասոյանը վարձակալական հիմունքներով ապրում է Տիգրան Մեծ հասցեում, աշխատել է մետրոյում, մի շարք տեղերում, սակայն այսօր զրկված է մեկ այլ աշխատանք գտնելու հնարավորությունից, քանի որ տարիքով մեծ է:
Նրա խնամքի տակ է գտնվում ուռուցքով հիվանդ դուստրը, որին հետազոտվել է պետք, սակայն գումար չլինելու պատճառով աղջնակը զրկված է բուժզննության հնարավորությունից:
Տիկին Գոհարի ավագ որդին՝ Մարտինը ծառայել է Սիսիանի զորամասում, որից հետո նրան տեղափոխել են հոգեբուժական բաժանմունք, հոսպիտալում այդպես էլ չհասկանալով, թե որն էր նրա անսպասելի հիվանդության պատճառը: Մարտինը հասցրել էր ծառայել հինգ ամիս:
Համաձայն ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի , «հիվանդությունը ստացել է ծառայության ընթացքում»:
Տիկին Գոհարը մեզ է տալիս որդու հիվանդության պատմությունը, աղջկա, իր՝ անցյալ տարի ծանր վիրահատություն տանելու մասին տեղեկանքները:
Մեկ այլ փաստաթղթից տեղեկանում ենք, որ որդին՝ Մարտինը, համասեռամոլին մանկական զբոսայգում ծեծելու համար դատապարտվել է վեցուկես տարվա ազատազրկման, եւ ներկայումս գտնվում է «Սեւան» քրեակատարողական հիմնարկում:
«Իմ նման մարդկանց ձեռք չեն մեկնի»,-ասում է նա, նաեւ հավելում, որ որեւէ մեկը չի գրի իրենց ճակատագրի մասին:
Ո՞վ կհասկանա այն մորը, որն իր զինվորի համար գուլպայի գումար չունի:
«Շատ դռներ եմ թակել, բայց բոլորը միաբերան ասում են՝ բյուջեում գումար չկա: Ես հո բյուջեի ողջ գումարը չեմ ուզում: Ես, իմ երեխաները սիրում են իրենց հայրենիքը, որդիս երազում է ուսումը շարունակել Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, բայց այս պայմաններում ինչպես ապրել, երբ օրերով հաց գնել չենք կարողանում: Ընտանիքս կանգնած է կործանման եզրին, մեզ վարձակալած բնակարանից դուրս են հանում: Ես իմ հողի վրա ապրում եմ ստրուկի կարգավիճակով: Իմ ընտանիքն ապագա չունի»,-արցունքներն աչքերին ասում է զրուցակիցս:
Ձեռքիս տակ գտնվող տեղեկանքից տեղեկանում եմ, որ Գայանե Նասոյանը հաշվառված է Կենտրոնի սոցիալական ծառայության տարածքային բաժնում եւ «կարիքավորության միավորը կազմում է 2865»: Այս թիվը նշանակում է, որ …ավելի կարիքավորներ կան, եւ նա իր ընտանիքով կարիքավոր չէ:
Ի դեպ, նշված տեղեկանքը տրվել էր մորը, որպեսզի ներկայացվի Քանաքեռի ուռուցքաբանության կենտրոնին: Ներկայացրել է, բայց ինչ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ