Լրահոս
Օրվա լրահոսը

Արշավախումբն ուզում է հնարավորինս շուտ սկսել Աղձքի պեղումները

Փետրվար 10,2015 14:55

ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգություն» գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը՝ նույն կենտրոնի փոխտնօրեն Հակոբ Սիմոնյանի ղեկավարությամբ, Արագածոտնի մարզում ձեռնամուխ կլինի Աղձքի հայոց արքաների դամբարանի պեղման աշխատանքներին:

Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հակոբ Սիմոնյանը՝ տեղեկացնելով, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ:

Ծրագրով նախատեսված է դամբարանի պեղումները սկսել մոտ ապագայում` հենց եղանակային պայմանները թույլ տան:

Հակոբ Սիմոնյանի փոխանցմամբ՝ արշավախումբը շտապում է սկսել Աղձքի պեղումները, որպեսզի այս տարի՝ ապրիլի 24-ին, Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների առթիվ Հայաստան ժամանած պատվիրակությունները հնարավորություն ունենան ծանոթանալու հայկական վաղնջական մշակութային մի հուշարձանի ևս ու ավելի լավ ճանաչելու Հայաստանի պատմությունը:

«Երևանին նայելիս թվում է, թե այն ժամանակակից քաղաք է, բայց դա չէ Հայաստանը. Հայաստանն ունի հնագույն վկայություններ, պետականության խորհրդանշաններ… Մենք հին ու մեծ ժողովուրդ ենք, ոչ թե մի փոքրիկ Հայաստանի Հանրապետություն»,- ասաց Հ. Սիմոնյանը:

Նրա տեղեկացմամբ՝ ծրագրի առաջին փուլի (3 տարի) իրականացման համար նախատեսված է 50 միլիոն դրամ: Այս փուլը նվիրված է լինելու միայն պեղման աշխատանքներին: «Իսկ ծրագիրը, ընդհանուր առմամբ, նպատակ ունի ոչ միայն պեղելու, այլև տարածքը բարեկարգելու և վերականգնելու»,- ասաց արշավախմբի ղեկավարը՝ հավելելով, որ ծրագրի երկրորդ փուլը միայն պեղումներից հետո կմշակվի. «Առաջին փուլից հետո, երբ մենք կունենանք ճարտարապետական բոլոր մանրամասները, կկազմվի ճարտարապետական վերականգնման և բարեկարգման նախագիծ, որի հիման վրա էլ կանցնենք երկրորդ փուլին»,- նշեց Հ. Սիմոնյանը:

Նրա դիտարկմամբ՝ քանի որ Աղձքի դամբարանն արքայական միակ դամբարանն է ողջ տարածաշրջանում, և´ Իրանում, և´ Թուրքմենիայում կարող են հետաքրքրվել այս ծրագրով, ու Հայաստանն այս առումով կարող է դուրս գալ միջազգային ասպարեզ:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728