Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հովհաննես Գալաջյանից ներողություն և 3 մլն դրամ են պահանջում. նոր մանրամասներ

Փետրվար 10,2015 14:49

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Արայիկ Մելքումյան) շարունակվեց ՀՀ քաղաքացիներ Արման Սահակյանի, Գրիգոր Գևորգյանի և Հովհաննես Մկրտչյանի հայցն` ընդդեմ «Իրավունք» թերթի և նույն թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանի նախնական դատական նիստը:

Պատասխանող կողմի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը հայցվոր կողմի պահանջը իրավազուրկ համարեց և հայտարարեց, թե կողմը դատարանի միջոցով փորձում է ազդել ազատ մամուլի վրա:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին հայցվոր կողմի ներկայացուցիչ Մարո Խաչատուրյանը ներկայացրեց միջնորդություն` արգելել «Իրավունքի Մեդիա» ՍՊԸ-ին նոր հրապարակումներ հրատարակել մինչև գործով կայացված դատական ակտի ուժի մեջ մտնելը, ինչպես նաև արգելանք դնել պատասխանող Հովհաննես Գալաջյանի դրամական միջոցների և այլ գույքի նկատմամբ հայցագնի չափով:

Դատական նիստի ընթացքում հայցվոր կողմը հիշեցրեց իր մյուս միջնորդության մասին. սանկցիա կիրառել Լևոն Բաղդասարյանի նկատմամբ, սակայն դատարանը կողմին հորդորեց գրավոր ներկայացնել այն: Լևոն Բաղդասարյանը  հայտարարեց, թե նման բան չի եղել: Այնուհետև նշեց. «Մենք պատրաստ ենք մտնել դատաքննության թեկուզ այս պահին»:

Դատարանը նշանակեց դատաքննություն. հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2015-ի մարտի 23-ին ժամը 14.45-ին:

Aravot.am-ի հետ զրույցում Մարո Խաչատուրյանը նշեց, թե պատասխանող կողմը խախտել է հայցադիմումի` երկշաբաթյա ժամկետում պատասխան ներկայացնելու օրենքի դրույթը ու մանրամասնեց. «Ես հայցադիմումը ներկայացրել եմ հունվարի 21-ին, և պատասխանը պետք է ներկայացվեր մինչև փետրվարի 4-ը, սակայն չի ներկայացվել»:

Անդրադառնալով սանկցիա կիրառելու միջնորդությանը` Մարո Խաչատուրյանը մանրամասնեց. «Սանկցիա կիրառելու միջնորդություն եմ ներկայացրել կապված Լևոն Բաղդասարյանի դրսևորած վարքագծի հետ: Նա բազմիցս դատական նիստերին բարձրաձայնում էր համասեռամոլ բառը, որի վերաբերյալ մեր կողմից ներկայացվել է գնահատական, որ այն ատելության, ագրեսիայի կոչ է պարունակում: Իմ նկատառումները հայտնեցի, որ ճիշտ չէ այդպես արտահայտվել մարդու իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող իրավաբանին, ճիշտ է օգտագործել նույնասեռական բառը: Սակայն Լևոն Բաղդասարյանը ոչ միայն կրկնեց, այլ պաշտոնապես հայտարարեց` ուր ուզում եք դիմեք, ես համասեռամոլ բառն եմ ասելու և որպես փոխարինող կարող եմ գալուբոյը նշել: Մենք դա որպես ատելության կոչ ենք որակում»:

Հիշեցնենք, որ «Նոր Սերունդ» մարդասիրական հ/կ 3 աշխատակիցները՝ Գրիգոր Գևորգյանը, Արման Սահակյանը և Հովհաննես Մկրտչյանը, դատական հայցով դիմել են դատարան ընդդեմ «Իրավունք» թերթի, որը հրապարակել և հրատարակել էր «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. Ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» հոդվածը: Կազմակերպության աշխատակիցները պահանջում են հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենց պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար և յուրաքանչյուրին փոխհատուցել 3 մլն դրամ:

Մարո Խաչատուրյանը նաև տեղեկացրեց, որ այս հարցով ստացվել են մի քանի կարծիքներ, որոնք ներկայացրել են դատարան: Մասնավորապես Տեղեկատվական վեճերի խորհրդի կարծիքի համաձայն` այս հրապարակումը որակվում է որպես ատելության և խտրականության հրահրում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728