Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Բաբախանյանը՝ Կոնսալեսի համերգի մասին. «Համերգը օպերայում էր, ոչ թե ինչ-որ կլուբում»

Փետրվար 10,2015 14:35

Անվանի դաշնակահար, «Կադանս» անսամբլի գեղարվեստական ղեկավար Արմեն Բաբախանյանն այսօր լրագրողների հետ զրույցում իր նկատառումները հայտնեց իտալացի երաժիշտ Անտոնիո Կոնսալեսի համերգի չկայանալու վերաբերյալ:

«Անտոնիո Կոնսալեսի մասին PR-ը բավականին երկար ժամանակ գնում էր, բայց PR-ի նկատմամբ պետք է լինենք շատ զգույշ: Ես լինելով դաշնակահար եւ լավ իմանալով, թե ինչ է կատարվում «դրսում», երբեւիցե չեմ լսել Անտոնիո Կոնսալեսի՝ դաշնակահար լինելու մասին, մտածեցի, որ գուցե ինչ-որ բան չգիտեմ, եւ շատ մեծ հետաքրքրությամբ եկա փորձի, չուզեցի բաց թողնել առիթը: Մնացի 7-8 րոպե, ու եթե ասեմ, որ դրանից հետո դեմքիս առաջացավ ժպիտ, շատ քիչ կլինի: Այդպես չէր կարելի, դա պրոֆեսիոնալ չէր՝ փորձել ելույթ ունենալ Ազգային օպերային թատրոնում, ազգային օպերայի նվագախմբի հետ եւ այսպե՜ս անպատրաստ: Բոլորը գիտեն, թե ինչ մարդիկ են եկել Հայաստան եւ ինչ տեղ է դառնում Հայաստանը: Մեր նվագախմբերը լուրջ քաղաքականություն են վարում»,-նշեց դաշնակահարը:

Նա Անտոնիո Կոնսալեսի փորձին 7-8 րոպե ներկա գտնվելուց հետո տպավորություն է ստացել, թե միջին դասարանի աշակերտ է նվագում: «Ժպտալով դուրս եկա փորձից, դա մի կողմից ծիծաղելի էր, մյուս կողմից՝ վրդովեցուցիչ: Իմիջիայլոց, խոսվում է լարվածության մասին, բայց լարվածություն չկար, լարվածությունը ստեղծվում է աշխատանքի ընթացքում: Համաշխարհային պրակտիկայում դիրիժորն այն անձն է, որը որոշում է, եթե սոլիստը անպատրաստ է, համերգն ուղղակի հանվում է, եւ դա նորմալ է, որովհետեւ համերգ տեղի էր ունենում ոչ թե ինչ-որ կլուբում, այլ ազգային օպերայի դահլիճում»,-հավելում է Արմեն Բաբախանյանը:

Նա փաստեց, որ փորձից հետո ուսումնասիրել է Կոնսալեսի կայքումդրված նրա կենսագրականը ու պարզել, որ ամեն ինչ ստի վրա է կառուցված, նաեւ նկատել է, որ այդ երաժիշտը ոչ մի լուրջ նվագախմբի հետ հանդես չի եկել, նույնիսկ ամերիկյան շրջագայության մասին նշված է, որ համերգ է ունեցել ԱՄՆ-ում Իտալիայի դեսպանատանը. «Կոնսալեսի կայքում գրված էր, որ Հայաստանի ֆիլհարմոնիկի հետ է հանդես եկել, ինչը չէր եղել, եւ ազգային օպերային թատրոնի նվագախմբի հետ: Եթե համերգը տեղի չի ունենում, չի գրվում: Իսկ նրա մոտ նախապես ամեն ինչ գրված է: Նրա  PR-ը կառուցված էր ստի վրա»:

Պարոն Բաբախանյանն ինչ-որ տեղ ուրախ է, որ նման միջադեպ եղավ, վստահ է, որ հետագայում մենեջերներն ավելի զգոն կլինեն նման երաժիշտների առաջարկները քննարկելիս:

Դաշնակահարը հույս ունի, որ կստեղծվի նաեւ խորհուրդ, որը կորոշի, թե որ երաժիշտներն իրավունք ունեն հանդես գալ մեր երկրի լավագույն դահլիճներում. «Հայաստանը փորձադաշտ չէ, ունենք լուրջ երաժիշտներ, ֆանտաստիկ պոտենցիալ»:

Միջադեպից սրտնեղած էր նաեւ Չայկովսկու անվան դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրային բաժնի դասատու Զառա Վարդանյանը: Նա հիասթափված էր Կոնսալեսի անցկացրած վարպետաց դասերից, ասում է՝ երեխաները ծիծաղում էին, ուսուցիչները նրա նվագելու երկրորդ րոպեից հասկացել են, որ այդ մարդն ունակ չէ Ռախմանինով նվագել. «Տհաճ զգացողություն էր, որ մեզ վրա այդ հրավերով պարզապես ծիծաղեցին»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728