Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե չկարողանանք իշխանափոխություն անել, հրապարակ է դուրս գալու իշխանության ընդդիմությունը». Արմեն Մարտիրոսյան

Փետրվար 10,2015 14:14

«Հասարակական տրամադրությունները իսկապես ծայրաստիճան լարված են: Այդ դեպքում մարդիկ շատ արագ լիցքաթափվելու հատկություն ունեն, երբ հասարակության պահանջներն ու ակնկալիքները կյանքի չեն կոչվում: Համոզված եմ, որ եթե կարճ ժամանակահատվածում մենք չկարողանանք իշխանափոխություն իրականացնել, ապա հրապարակ են դուրս գալու արդեն ոչ թե երկրի ընդդիմությունը, այլ իշխանության ընդդիմությունը: Անկախ ամեն ինչից, մեծ թվով քաղաքացիներ են իշխանությունից հեռանալու»,- Aravot.am-ի հետ զրույցում եռյակի ապագա ծրագրերն այսպես ներկայացրեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Մեր հարցին, եթե Սերժ Սարգսյանը իշխանության ղեկը հանձնելու լիներ՝ մինչեւ հիմա կհանձներ, ուրեմն ինչո՞ւ է գնդակը իշխանության դաշտում, ի՞նչ պետք է անի, ըստ Ձեզ իշխանությունը՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Իշխանությունը մեկ քայլ ունի անելու՝ հասկանա, թե ինչ իրավիճակ է երկրում: Ինքը պետք է նախաձեռնի արտահերթ ընտրություններ հասկանալով, թե ինչ իրավիճակ է երկրում: Չնայած կարծում եմ, որ այս տարբերակը իրականությունից հեռու է: Իմ ակնկալած տարբերակն այն է, որ միայն հասարակական լայն զանգվածների ճնշման արդյունքում մենք կկարողանանք հասնել արտահերթ ընտրությունների, ընդ որում՝ շատ կարճ ժամանակահատվածում»:

Մեր հարցին՝ եթե ասում եք արյուն չի լինելու, ո՞նց պետք է պարտադրեք՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Պարտադրելու համար  պետք է ընդամենը քաղաքացիների մասնակցությունը եւ թիվը: Պետք է ոչ թե շատ թվով մարդիկ հավաքել հրապարակում, այլ պետք է մեծ թվով քաղաքացիներ իրենք հավաքվեն այդ հրապարակում եւ մասնակցեն գործընթացին: Հասարակությունը բավականին արմատացած տրամադրություն ունի եւ կարիք չկա, որ մենք հավաքենք: Մեզնից ընդամենը պահանջվում է մի փոքր կազմակերպել ու վերջ: Այն քաղաքական ուժերը, որոնք այսօր հանդես են գալիս արմատական իշխանափոխության կողմից, որոշակի քաղաքական գործընթացներ են նախաձեռնում, նույնիսկ իրենց քայլերը, տրամադրությունները շատ ավելի մեղմ ու փափուկ են, քան կա հասարակության մեջ: Հասարակությունը առավել արմատական քայլերի է տրամադրված, որը մտահոգության առիթ է տալիս»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728