1994 թվականի հոկտեմբերին Փայլակենց բնակարանի հեռախոսը խափանվել էր, լսափողի մեջ ձայն-ծպտուն չկար:
-Համեստ ջա~ն,-ասաց նա հարազատ կնոջը,-գնա, հարևանուհու տանից զանգիր 63-12-12, թող նայեն:
Կինը չհակաճառեց, քանի որ ամուսինը նարդի էր խաղում իր մի հեռավոր բարեկամի հետ, որը այդ օրը «մոլորվել» և իրենց հյուր էր եկել: Հակառակ դեպքում` նարդու խաղը կխափանվեր, իսկ բարեկամը կնեղանար ու շուտ իրենց տուն կգնար:
Քիչ անց Համեստը վրդովված հետ վերադարձավ:
Կարդացեք նաև
-Հը՞, չզանգեցիր,-զառերը ձեռքի մեջ պտտեցնելով` հարցրեց Փայլակը:
-Հողեմ դրանց գլուխը, հեռախոսը չեն վերցնում:
-Համբերություն չունես էլի, մի տասն անգամ պիտի փորձես, որ ստացվի,-ասաց նա` զառերը վարպետորեն նետելով նարդու տախտակին:
-Տասն էլ, քսանն էլ հավաքեցի, բան չստացվեց,-նեղացավ կինը:
-Դե, լավ, ես հետո կգնամ, կփորձեմ,-ասաց Փայլակը:
Կնոջ բարեկամին նարդու մի լավ դաս տվեց, սիրալիր ճամփու դրեց, ապա բարձրացավ հարևան Գարուշենց բնակարան: Հեռախոսը մոտեցրին, աթոռ առաջարկեցին և հարմար տեղավորվելով` նա սկսեց զանգել 63-12-12: Բայց քանի որ կինը արդեն քսան անգամ զանգել էր, ապա նա քսանը լրացնելուց հետո շարունակեց մինչև քսանհինգը, հետո կրկնապատկեց նրա ցուցանիշը` հասցնելով քառասունի: Բան դուրս չեկավ: Զանգահարեց բարեկամներին, խնդրեց, որ նրանք էլ փորձեն զանգահարել՝ ու հաղորդել իրենց հեռախոսի խափանման մասին:
Հարևան Գարուշը առաջարկեց շախմատ խաղալ, և քանի որ Փայլակը զայրացած էր, խեղճին մի քանի պարտիա իրար հետևից մատ հայտարարեց` հեռախոսացանցի վատ աշխատանքի վրեժը նրանից հանելով:
Հաղթողի տրամադրությամբ տուն վերադարձավ: Կինը ոչինչ չհարցրեց` չուզենալով ավելորդ անգամ ամուսնու նյարդերը քայքայել:
Հաջորդ առավոտյան Փայլակը հիշեց հեռախոսի խափանված վիճակը, զայրացած գնաց հեռախոսակայան: Ներս մտավ սպասարկման սրահ, մոտեցավ «օպերատորներ» գրությամբ վահանակի տակ նստած սիրունատես տիկնոջը` հավատալով, որ նա օպերատիվ կերպով կլուծի հեռախոսի խափանման հարցը:
-Ներեցե’ք,-ասաց Փայլակը,-հեռախոսը չի աշխատում:
-Զանգեք 63-12-12,- առանց գլուխը բարձրացնելու` նետեց աշխատակցուհին:
-Էդ համարը չի միանում, դրա համար էլ անձամբ վեր եմ կացել, եկել:
-Չգիտեմ, չեմ կարող օգնել, դա իմ ֆունկցիաների մեջ չի մտնում,-կարճեց տիկինը:
-Այդ դեպքում կանչեք ձեր բաժնի վարիչին,-զայրացավ Փայլակը:
-Այսօր նրա ընդունելության օրը չէ, եկեք վաղը,-լսվեց անտարբեր պատասխանը:
-Իսկ գլխավոր ինժենե՞րը:
-Ա’յ մարդ, շառ ես, ի՞նչ ես, մի’ խանգարիր, աշխատում եմ,-նեղսրտեց աշխատակցուհին` թղթերի մեջ ինչ-որ բան որոնելով:
Զայրացած կոպիտ վերաբերմունքից` Փայլակը խուժեց նեղլիկ միջանցք, որտեղ մի քանի տղամարդ կանգնած զրուցում էին: «Երևի պետեր են»,-անցավ նրա մտքով:
-Ներեցե’ք, որտե՞ղ կարելի է տեսնել կայանի պետին,-դիմեց նրանց:
Նրանցից մեկը դժկամությամբ ներկայացավ.
-Ես եմ պետը, մի քիչ սպասեք, զբաղված եմ:
Քիչ անց պետը դիմեց հաճախորդին.
-Ձեզ ի՞նչ է հարկավոր:
-Հեռախոսը խափանվել է, չի աշխատում:
-Զանգահարեք 63-12-12, դրա համար եկել, ինձ եք հասե՞լ…
-Զանգահարում եմ, չեն պատասխանում:
-Դիմեք գլխավոր ինժեներին, ես տեխնիկական հարցերով չեմ զբաղվում,-կարճեց պետը:
Դիմեց:
-Դիմի’ր հերթապահ դիսպետչերին,-ասաց գլխավորը:
-Ախպե’ր ջան, բոլորը ընդմիջման են գնացել,-ասաց դիսպետչերանոցի հերթապահ տղան,-ինչո՞վ կարող եմ օգնել:
-Բնակարանիս հեռախոսը չի աշխատում :
-Կնայենք, եթե վթարը կայանում լինի, կվերացնենք, իսկ եթե գծում, ապա մոնտյոր կուղարկենք,- ասաց երիտասարդը` Փայլակի հեռախոսահամարը գրանցելով մատյանում:
Փայլակը թեթևացած շունչ քաշեց ու գնաց աշխատանքի: Երեկոյան, երբ տուն վերադարձավ, կինը նեղսրտած ասաց.
-Մի ջահել եկավ, միջանցքի տուփը նայեց, ասաց, թե կաբելն է վնասվել:
Փայլակի համբերությունը հատավ և հաջորդ օրը որոշեց իր ծանոթի միջոցով հեռախոսակապը վերականգնել: Տասը րոպեից հետո հեռախոսը աշխատեց: Փայլակը կնոջը խստորեն պատվիրեց հեռախոսով քիչ խոսել, իսկ երեխաներին ընդհանրապես արգելեց մոտենալ հեռախոսին:
Երեխաները հիմնականում օգտվում էին հարևանի հեռախոսից, իրենցը թողնելով պահեստային վիճակում` հատուկ դեպքերում նրանից օգտվելու համար:
Բա, որ հանկարծ նորից փչանա՞ր:
Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ