Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի համար, որը Նախախորհրդարանի արդեն նախկին անդամ է, ապրիլի 24-ին «100- ամյակն առանց ռեժիմի» կարգախոսն ու շարժումը ընդունելի չէ:
«Այո՛, ես տագնապներ ունեմ, կարծում եմ, որ ապրիլի 24-ը վիճարկելի խնդիր է, վիճարկելի օր է: Հիմնադիր խորհրդարանի անդամներն ունեն փաստարկներ, դրանց մեջ կան շատ սթափ փաստարկներ, բայց իրենց որոշ փաստարկների դեմ ունեմ իմ առարկությունները»,- այսօր «Նոյյան տապան» ակումբում ասաց ազգագրագետը:
Մեր հարցին, դուք Հիմնադիր խորհրդարանի անդամ եք ու տարաձայնություննե՞ր ունեք մյուս անդամների հետ, տիկին Խառատյանը հստակեցրեց. «Նրանք իմ ընկերներն են, լավ ընկերներ ենք, բայց ես հիմնադիր խորհրդարանի անդամների հետ որոշ հարցերում քննարկման խնդիրներ ունեմ: Այնպես չէ, որ բոլորս կիսում ենք նույն հայացքները»:
Տիկին Խառատյանը չցանկացավ մանրամասնել, որ հարցերում են տարաձայնությունները:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Բերձորում Հիմնադիր խորհրդարանի անդամներին ծեծելու դեպքին, ասաց. «Բռնություն կատարողներին հանցագործների խումբ եմ համարում, իշխանությունը ակնհայտ բաց տեռոր է սկսել քաղաքացիների նկատմամբ, տեռոր եմ անվանում նաեւ «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ բողոքող Արտակ Խաչատրյանի հետ կապվածը: Ակնհայտ, երեւում է, որ էլի չեն գտնվի հանցագործները: Վախի մթնոլորտ խտացնելը Հայաստանում դարձել է ոճ, անընդհատ վախեցնել մարդկանց: Արդեն ձեւավորվել է քաղաքացիական անձանց հանցավոր խումբ, որոնք ինտենսիվ համագործակցում են իշխանության ուժային խմբերի հետ, ուղղակիորեն տարբեր իրավիճակներում անընդհատ ահաբեկման իրավիճակ են ստեղծում հանրության համար: Նպատակը, որ Հայաստանն առաջիկայի համար ունի արտաքին քաղաքական մի ծրագիր, որը իշխանության կարծիքով պետք է առաջացնի հանրության ընդվզումը, նախապես ջարդում է քաղաքացիների կամքը, որը կարող էր արտահայտվել այդ ծրագրի ռեալ իրագործման դեպքում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ