Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Դուրգարյանը՝ Կոնսալեսի համերգի հանվելու մասին. «Ես չեմ պաշտպանվում»

Փետրվար 10,2015 13:37

Իտալացի երաժիշտ Անտոնիո Կոնսալեսի համերգի չկայանալու պատճառների հետ կապված կրքերը  դեռ բորբոքված են: Օպերային թատրոնի ռեժիսոր, ծրագրի պրոդյուսեր Մարինա Սարգսյանն ու մենեջեր Դավիթ Խաչատրյանը կատարվածի համար մեղադրել էին Օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանին:

Պարոն Դուրգարյանը հարցի վերաբերյալ հետեւյալ մեկնաբանությունը ներկայացրեց. «Ես փորձում եմ գտնել այն ուղին, որը կոչվում է հարգենք ինքներս մեզ եւ հարգենք մեր հանդիսատեսին, իսկ դա նշանակում է մաքսիմում որակյալ երաժշտության մատուցում հանդիսատեսին: Այն, ինչ կայացավ վերջերս, հետեւյալն էր. մենք նշանակեցինք փորձ, ու առաջին փորձից պարզ եղավ, որ հարկավոր է նաեւ երկրորդ փորձը: Առաջին փորձը ցույց տվեց, որ դաշնակահարն ուղղակի տեխնիկապես պատրաստ չէ ինչ-ինչ պատճառներով, հիմա մարդ է, կարող է վատառողջ կամ հուզված լինել: Մենք չենք քննարկում՝ նա լա՞վ երաժիշտ է, թե՞ ոչ: Կոնկրետ ստեղծագործությունը դրված էր, ու նա  նվագելիս անընդհատ կանգնում էր: Երկրորդ օրը նորից ընդհատեց եւ դուրս եկավ, ես նվագախմբից 15 րոպե ընդմիջում խնդրեցի, որպեսզի հասկանանք՝ ի՞նչ է լինելու: Փոքր ժողով եղավ, որին մասնակցեցին ինքը (Կոնսալեսը), կոլեգաները, մեր տնօրենը, նվագախմբի արտիստները:

Երկրորդ բաժնում պետք է հնչեր «Ալեկո» ներկայացումը, իսկ արտիստները հրավիրված էին ժամը 8-ի համար: Պետք է հասկանայինք՝ արդյոք հանդիսատեսը, որ գալու է ժամը 7-ին, պետք է մինչեւ 8-ը սպասի, եթե Կոնսալեսի համերգը դուրս է գալիս: Շատ արագ կազմակերպվեց, որ պետք է տեղեկացնենք հանդիսատեսին, որ համերգը տեղի չի ունենում՝ արտիստի հիվանդության պատճառով: Որոշումն էլ կայացրեց ինքը: Մենք ունեինք երկու տարբերակ՝ համերգը նվագո՞ւմ ենք, թե՞ ոչ, Կոնսալեսն ասաց՝ ոչ: Հակառակ դեպքում, եթե ինքն ասեր այո՝ համերգը տեղի էր ունենալու, իսկ ես մինչեւ նվագելը հանդիսատեսին պետք է ասեի, որ այն, ինչ-որ հիմա կատարվի, մենք պատասխանատվություն չենք կրում: Ինքն՝ ասաց OK, միայն խնդրեց, որ այդ մասին Հայաստանից դուրս չիմանան: Ես առաջին հերթին ուզում էի հարգել ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, ինքը խնդրեց, որ միայն Հայաստանից դուրս որեւէ մեկը չիմանա: Ես ասացի՝ դուք արտիստ եք, ես արտիստ եմ: Արտիստների պայմանավորվածությունը ուժի մեջ է մնում միշտ: Հիմա ստեղծվել է մի իրավիճակ, որ ստացվում է՝ փորձում եմ պատասխան տալ, բայց ես չեմ պատասխանում իրենց, եւ չեմ պաշտպանվում»:

Կարեն Դուրգարյանը տարակուսանքով նկատում է. «Կոնսալեսի մեկնելուց հետո նոր մարդիկ ելույթ են ունենում, եւ ես ստիպված եմ ասել, որ նա պատրաստ չէր: Ցանկացած արտիստ էլ կարող է հիվանդանալ, ու համերգը հանվի: Մենք տվյալ պարագայում եկել էինք ընդհանուր հայտարարի, որ մարդուն չվիրավորենք ու վատ դրության մեջ չդնենք: Կոպիտ ասված՝ այսպես ստացվեց, եւ բալետային, եւ երգչախմբային խմբերը ժամանակին եկան, եւ մենք մեր հանդիսատեսին երկար չսպասեցրինք, որպեսզի ներկայացումը գնա»:

Aravot.am-ի այն հարցին, թե ծրագրի պրոդյուսերն ու մենեջերն ասուլիսում ասել են, որ ինքն ի սկզբանե լարված հարաբերությունների մեջ է եղել Անտոնիո Կոնսալեսի հետ, դա իսկապե՞ս այդպես է, Կարեն Դուրգարյանը պատասխանեց. «Ոչ հերքում եմ, ոչ էլ հաստատում եւ չեմ էլ ուզում ոչինչ մեկնաբանել: Դա իրենց կարծիքն է»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728