Անդրբայկալյան զորամասի հրամանատարի տեղակալ Սերգեյ Գուրուլեւը ռուսական «Չիտա» գործակալության թղթակցի հետ զրույցում հերքել է Գյումրիում 7 հոգու սպանության մեջ մեղադրվող ռուս զինվոր Վալերի Պերմյակովի առողջական վիճակի մասին «Լայֆնյուզ»-ի իր անունից տարածած տեղեկատվությունը:
Հիշեցնենք, որ «Լայֆնյուզ» գործակալությունը, հղում կատարելով Գուրուլեւին, հաղորդել էր, որ Պերմյակովը հոգեբանի ուղեգրով բուժվում էր հիվանդանոցում: Բուժումից հետո նա, ենթադրաբար, ամեն ամիս հետազոտություն էր անցնում հոգեբանի մոտ: Զորամասի հրամանատարությունը, ըստ «Լայֆնյուզի», չէր տեղեկացրել Պերմյակովի հիվանդության մասին Չիտայից Գյումրի տեղափոխելիս:
Սերգեյ Գուրուլեւը «Չիտա»-ի թղթակցի հետ զրույցում, մասնավորապես ասել է. «Ես հարցազրույց չեմ տվել «Լայֆնյուզին»: Նրանց կայքում հրապարակված տեղեկատվությունն ինձ հետ կապ չունի: Ինչպես է այն հայտնվել կայքում, կդժվարանամ բացատրել: Որտեղ եւ ինչ միջոցներով են թղթակիցները ստացել այդ տեղեկատվությունը, թող մնա նրանց խղճին»:
Զինվորականի խոսքերով, քանի որ այժմ քննություն է ընթանում, չլիազորված անձինք չեն կարող ԶԼՄ-ների որեւէ մեկնաբանություն տալ:
Կարդացեք նաև
Ավելին՝ Գուրուլեւը չի մեղադրում զորամասի հրամանատար Եվգենի Սոցկովին այն բանի համար, որ նա զրուցել է լրագրողների հետ, քանի որ միջադեպում չի տեսնում իր անմիջական հրամանատարի մեղքը:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ