Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնադրվել է «Ռուսաստանի հայ երիտասարդության կոնգրեսը»

Փետրվար 10,2015 13:15

Փետրվարի 7-8–ին Ararat Park Hyatt Moscow հյուրանոցի նիստերի դահլիճում տեղի ունեցավ առաջին համառուսաստանյան հայկական երիտասարդական հասարակական կազմակերպության` «Ռուսաստանի հայ երիտասարդության կոնգրեսի» հիմնադրումն ու շնորհանդեսը:

Համատեղ գործունեության ռազմավարության վերլուծությանը նվիրված ֆորումի երկօրյա աշխատանքը ցույց տվեց, որ միասնական կազմակերպության շրջանակում ավելի սերտ և համախմբված գործունեությունը կուժեղացնի հայ համայնքի աշխատանքի արդյունավետությունն ընդհանրապես: Կազմակերպության ստեղծման նախաձեռնողները հանդիսացան մի շարք տարածաշրջանային և քաղաքային հայկական երիտասարդական կազմակերպությունները: Նոր կոնգրեսը հենվում է միասնական գաղափարների և սկզբունքների ձևավորման, այլ ոչ թե որոշակի կազմակերպության շուրջ միավորման վրա: «Ռուսաստանի հայ երիտասարդության կոնգրեսի»  հիմքում ընկած են մարդկային անխախտ արժեքներն ու սկզբունքները. սեր սեփական ժողովրդի նկատմամբ, հայրենասիրություն, երախտագիտություն, փոխադարձ հարգանք և փոխօգնություն, բոլոր գործընթացների բացություն և թափանցիկություն, պատասխանատվություն և պրոֆեսիոնալիզմ: Կազմակերպության հիմնական նպատակը Ռուսաստանի հայ երիտասարդության համախմբումն է և նրա ներուժի իրացումը, հայկական ինքնության պահպանումը, Ռուսաստանի ազգամիջյան միասնության ամրապնդումը:

Ֆորումի գլխավոր արդյունքը հանդիսացավ  «Ռուսաստանի հայ երիտասարդության կոնգրեսի» ստեղծման մասին հայտարարության ստորագրումը: Այդ նախաձեռնությունը ողջունեցին նաև հրավիրված հյուրերը: Այսպես, Ռուսաստանյան բանկերի ընկերակցության նախագահ Գարեգին Թոսունյանը ընդգծեց ինքնին համառուսաստանյան հայկական երիտասարդական երիտասարդական կազմակերպության գոյության փաստը. «Ես ծանոթ եմ կազմակերպիչներին և վստահ եմ նրանց մղումների անկեղծության վրա: Այն մթնոլորտը, որ այսօր իշխում է այս դահլիճում, ներշնչում է ապագա հաջողության վստահությունը»:

Յուրի Նավոյանը` «Ռուս-հայկական համագործակցության» կազմակերպության նախագահը, նշեց, որ մեկ կառույցում   հայկական երիտասարդական կազմակերպությունների կոնֆեդերատիվ սկզբունքով միավորումը արդյունք է երկար և իրական համագործակցության, այն Ռուսաստանի հայերի կյանքում որակական ճեղքման նշանակություն ունի: Նա վստահություն հայտնեց, որ կազմակերպությունը նաև Ռուսաստանի հասարակական գործընթացների և հայ-ռուսական համագործակցության ծրագրերի ակտիվ մասնակիցը կլինի:  «Ռուս-հայկական համագործակցության» ղեկավարը նաև ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի վերջերս տեղի ունեցած նիստի արդյունքները: Նա հանձնաժողովի կողմից ընդունված Համահայկական հռչակագիրը բնութագրեց իբրև ազգային միասնականության դրսևորում և քաղաքական պլատֆորմ` հայկական իրավունքների պաշտպանության համար:

Այս պահին Կոնգրեսը միավորում է Ռուսաստանի 17 նահանգների և քաղաքների հայկական կազմակերպություններ: Կազմակերպության կառուցվածքը մշակված է այնպես, որ ամեն մի հայ երիտասարդ կարողանա իր գաղափարները ներկայացնել Խորհրդի քննարկմանը, ինչպես նաև ընդհանուր քվեարկությանը` էլեկտրոնային հարցման միջոցով: Կոնգրեսի Խորհուրդը հանդիսանում է կազմակերպության գլխավոր մարմինը, որին մաս են կազմում տարածաշրջանային կազմակերպությունների ղեկավարները: Նրանց, իրենց հերթին ընտրում են հենց տարածաշրջանում` առավելագույնս նկատի ունենալով կազմակերպության յուրաքանչյուր անդամի շահերը: Խորհրդի նախագահ է ընտրվել Անդրանիկ Հովսեփյանը:

Կոնգրեսը Ռուսաստանի հայ երիտասարդությանը  հրավիրում է համագործակցության, իրենց տարածաշրջաններում հայկական երիտասարդական կազմակերպությունների ստեղծման և համառուսաստանյան կազմակերպության արդյունավետ կառուցմանը մասնակցության:

 «Ռուսաստանի հայ երիտասարդության կոնգրես» համառուսաստանյան երիտասարդական կազմակերպության հիմնադիր ժողովի հայտարարությունը

Մենք, ՌԴ տարածաշրջանային և քաղաքային հայկական հասարակական երիտասարդական կազմակերպությունների ղեկավարներս և ներկայացուցիչներս,

– հասկանալով Ռուսաստանի հայ երիտասարդության համախմբման կարևորությունը,

– նշելով 2014 թ. նոյեմբերի 9–ին Նովոսիբիրսկ քաղաքում տեղի ունեցած` Հայ երիտասարդության համառուսաստանյան ֆորումի մասնակիցների ընդունած թիվ 1/14 բանաձևի մտահոգությունը` ողջ Ռուսաստանի տարածքում գործող հայկական երիտասարդական շարժումների միջև ամուր կապերի բացակայության մասին,

– ընդգծելով Ռուսաստանի հայ երիտասարդության համագործակցության համար ընդհանուր հարթակի ստեղծման անհրաժեշտությունը,

-նկատի ունենալով Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի առիթով համառուսաստանյան մակարդակով ծրագրերի մշակման ու իրականացման կարևորությունը,

 

– գիտակցելով ՌԴ ժողովուրդների միջև ազգամիջյան երկխոսության և խաղաղության ամրապնդման կարևորությունը, որոշում է.

Ռուսաստանի հայ երիտասարդության շահերից ելնելով, հիմնել Համառուսաստանյան երիտասարդական հասարակական կազմակերպություն` «Ռուսաստանի հայ երիտասարդության կոնգրես»:

 

ք. Մոսկվա,

8- փետրվարի, 2015 թ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728