Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գառնիկ Իսագուլյան- Տիգրան Խզմալյան բանավեճի առաջին փուլն անցավ խաղաղ

Փետրվար 10,2015 13:13

«Ազգային անվտանգությունը լրջորեն վտանգված է, եթե դրանով սկսում են զբաղվել արվեստագետները»,- «Նյութ» մամուլի ակումբում այսօր իր խոսքը հեգնանքով սկսեց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Նրա գնահատականներով, Հայաստանն այսօր մտել է մի շատ լուրջ գործընթաց, որն աշխարհում եւ տարածաշրջանում բնութագրվում է շատ բուռն զարգացումներով, որոնցից առանցքայինը մեր ազգային անվտանգության առանցքային համակարգի փոփոխությունն է`կապված տարածաշրջանում ռուսական կայսրության նահանջով եւ անկմամբ, որպես աշխարհաքաղաքական բեւեռ: «Հարցը չի գնում Արեւելք-Արեւմուտք հակադրության մասին, բայց նաեւ մեր քաղաքական, տնտեսական, մշակութային ընտրությունից է կախված լինելու այն`մտնելո՞ւ ենք 21-րդ դար, որպես պետություն, թե՞ մնալու ենք Ցեղասպանության ողբով տոգորված, արտագաղթող ազգ»,- ասաց նա:

Մյուս բանախոս, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը շատ հարցերում համամիտ է Տիգրան Խզմալյանի հետ`ՀՀ-ն այսօր չի զբաղեցնում այն տեղն ու դերը, որը պիտի զբաղեցներ: «ԽՍՀՄ կործանումից հետո, ի պատիվ մեր ժողովրդի, հաղթահարեցինք երկրաշարժի փլատակներից դուրս գալ, մեզ պարտադրված Ղարաբաղյան պատերազմից հաղթանակով դուրս եկանք: Թվում էր, որ ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն այս ամենից հետո կարող էին տարածաշրջանում լուրջ դերակատարներ լինել»,-ասաց նա ու բերելով Իսրայելի օրինակը՝ նկատեց, որ առնվազն 2013-ին Հայաստանը պետք է առավել կայացած ու կայուն լիներ`շատ մեծ հնարավորություններով, բայց, ցավոք, այդ թվականին ստորագրվեց ԵՏՄ անդամակցության պայմանագիրը`փաստարկ բերելով, որ ՀՀ-ն չի կարող իր անվտանգությունը պահպանել. «Սա, իհարկե, ողբերգություն էր»:

Նա կարծում է, որ լավագույն տարբերակը կլիներ, որ ՀՀ-ն շարունակեր փոխլրացման քաղաքականությունը`բոլորի հետ լավ հարաբերություններ պահել`առաջնային գիծ մղելով ազգային շահը: «Ցավոք, ՀՀ իշխանությունների գլխավոր խնդիրն անձնական շահն է եղել»,- եզրակացրեց Գառնիկ Իսագուլյանը`հավելելով`հիմա էլ գնում ենք փոփոխությունների, որոնք փաստում են`«ուզուրպատորը ուզում է երկարացնել իր իշխանությունը»: Եթե այսպես շարունակվի, հարց է`21-րդ դարի երկրորդ կեսում կկարողանա՞նք պահպանել պետությունը, տարակուսեց Իսագուլյանը`հավելելով, որ այս իմաստով ինքը շատ բաներում համամիտ է պարոն Խզմալյանի հետ:

Տիգրան Խզմալյանը մեր «ողբերգական վիճակի» հիմնական մեղավորը համարում է ազգադավ իշխանավորներին, որոնք ռուսական կայսրության վասալներն են: Գառնիկ Իսագուլյանն, ի տարբերություն «արեւմտյան գործիչների», չի տառապում ռուսաֆոբիայով եւ չի շտապում մեր ներքին անհաջողություններն ու ձախողումները կապել ռուսական կայսրության ու նրա գործիչների հետ: Ու առհասարակ հորդորում է բոլոր հարցերի պատասխանները փնտրել ներսում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728