Թոքերի սալջարդով եւ մարմնական այլ ծանր վնասվածքներով փետրվարի 7-ին Մալաթիա հիվանդանոց տեղափոխված ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի վիճակում դրական տեղաշարժ է արձանագրվում, չնայած որ Արտակն այս պահին էլ շարունակում է վերակենդանացման բաժանմունքում ստանալ բուժօգնությունը:
Aravot.am-ի հետ զրույցում Արտակ Խաչատրյանի ավագ եղբայրը՝ Արտյոմ Խաչատրյանն ասաց, որ դեռեւս թոքերի դրենաժավորումը շարունակվում է, քանի որ ծեծի հետեւանքով Արտակի թոքերում սկսել էր հեղուկ հավաքվել:
Արտյոմ Խաչատրյանը հայտնեց, որ եղբայրը նաեւ բարձր ճնշում ունի, ինչը սակայն բժիշկների հավաստմամբ, կկարգավորվի:
«Քթի կոտրվածքի վիրահատությունը, որը կատարվել է կիրակի, նույնպես հաջող է անցել, դեմքի այտուցները կամաց-կամաց իջնում են»,-մեզ հետ զրույցում ասաց Արտակի եղբայրը:
Կարդացեք նաև
Aravot.am-ի այն հարցին, թե գուցե Արտակը նոր մանրամասնե՞ր է հիշել իր հետ կատարվածից, Արտյոմ Խաչատրյանն ասաց, որ քանի դեռ գործը քննության փուլում է, Արտակի անվտանգությունից ելնելով, որեւէ նոր մանրամասներ, եթե նույնիսկ Արտակը հիշել էլ է, չեն կարող հրապարակել. «Քննիչները, դատաբժիշկները աշխատում են: Հետաքննությունն այն փուլում է, որ այդ կարգի հարցերին պատասխանել չենք կարող»:
Արտակ Խաչատրյանը փոքր եւ միջին ձեռներեցների բողոքի ակցիաների ակտիվիստ էր:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ