ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Զորի Բալայանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ
Շնորհավորական ուղերձում ասված է.
«Հարգելի պարոն Բալայան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան հոբելյանի առթիվ:
Ձեր կյանքն ու գրական հասարակական գործունեությունն ինքնատիպ մի ստեղծագործություն են, որում սերտորեն զուգորդված են ժամանակն ու իրադարձությունները, պատմությունն ու իրականությունը: Ավելի քան կես դար մի քանի սերունդ ճանապարհորդել է Ձեր ստեղծած լրագրողական ու հրապարակախոսական իրապատում տարածքում՝ Կամչատկայից ու Բայկալից մինչեւ Խաղաղ եւ Ատլանտյան օվկիանոսներ, աշխարհասփյուռ հայության հետ կապվելով «Կիլիկիայի» ու «Արմենիայի» տախտակամածերի վրա ստեղծված Ձեր անկրկնելի նոթագրությամբ:
Կարդացեք նաև
Ձեր կենսագրությունն անխզելիորեն կապված է արցախյան ազատագրական շարժման ակունքների ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման գործընթացի, դրա միջազգայնացման ու ճշմարտացի ընկալման հետ: Այդ կապը շարունակաբար ձգվում է ցայսօր՝ ի դեմս հայի, լրագրողի ու գրողի, անկախության ու պետականության բարձրագույն գաղափարին նվիրված քաղաքացու Ձեր անխոնջ գործունեության:
Ծննդյան օրվա առթիվ ջերմ շնորհավորանքներիս հետ միասին մաղթում եմ Ձեզ առողջություն, ստեղծագործական ու հասարակական բեղմնավոր գործունեություն եւ ամենայն բարիք»:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն