Բոլոր հայտարարություններում կարմիր թելի պես անցնում է հետեւյալ միտքը. «Եթե իշխանությունների ձեռքի գործը չլիներ, կարճ ժամանակահատվածում կբացահայտվեր»։ Եվ սպառնալիքների, դատապարտող կոչերի ու հորդորների այս հարահոսում, իհարկե, անտեսվում է գլխավորը. իսկ ո՞ւմ էր ձեռնտու այս ամենը։
Արդյոք իշխանությանն ամենից շա՞տ էր պետք եւս մեկ «թեժ կետ» ստեղծել երկրի ներսում, երբ հանրությունը դեռ ուշքի չի եկել Գյումրիի միջադեպից, Բերձորում հայկական երկու պետությունների դեմ իրականացված սադրանքից հետո, երբ առեւտրականների մի հոծ զանգված ընդվզել է «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունների կիրարկման դեմ, եւ կառավարությանը մի կերպ հաջողվեց հանգստացնել կրքերը՝ հետաձգելով այն մինչեւ հուլիսի 1-ը։
Մինչդեռ ԲՀԿ ակտիվիստի հանդեպ ոտնձգության «շահառուների» ցանկը շատ ավելի լայն է, քան ոմանք ջանում են ներկայացնել։ Ո՞վ ասաց, թե հենց եռյակում, անգամ՝ ԲՀԿ-ում (էլ չենք ասում Գ.Ծառուկյանի շուրջ համախմբված քաղաքական եւ հասարակական կառույցների մասին, որ ակնհայտորեն չափից ավելի անհամբեր են արտահերթ իշխանափոխության հարցում եւ բավական սուր են արձագանքում իշխանություններին «մեկ-երկու ամիս ժամանակ տալու» առաջարկներին), չկան մարդիկ, որոնց ձեռ չի տալիս անարյուն զարգացումների սցենարը, որի մասին խոսում է ԲՀԿ առաջնորդը։
Ինչո՞ւ չէ՝ սադրիչներ, որոնք հայտնվել են Ծառուկյանի շրջապատում հե՛նց այդ նպատակով. ապակայունացնել իրավիճակը, այնպես որ նույն ԲՀԿ-ն ցանկության դեպքում անգամ չկարողանա խուսափել առճակատման մայդանային դրսեւորումներից։ Որոնց «թեթեւ ձեռքով» իրավիճակը մի գեղեցիկ օր դուրս կգա զանգվածային միջոցառումների կազմակերպիչների վերահսկողությունից։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում