Հարցազրույց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ
– Սոցիալական ցանցերում ոմանք ասում են, որ եթե Ղարաբաղը անկախ պետություն է, մեր երեխաները ինչո՞ւ են այնտեղ ծառայում։
– Հայաստանի զինվորները ծառայում են նաեւ Լիբանանում, Կոսովոյում, Աֆղանստանում, ծառայել են նաեւ Իրաքում։
Ամերիկացի զինվորները ծառայում են նաեւ Լիտվայում եւ Ճապոնիայում, բայց դա չի նշանակում, թե այդ երկրները անկախ պետություն չեն։ Նման դեպքեր կարելի է տասնյակով հիշել։ Մյուս կողմից ինձ համար հստակ է, որ Աղդամում կանգնած զինվորը ոչ միայն Ղարաբաղն ու ղարաբաղցիներին է պաշտպանում, այլեւ՝ Երեւանն ու երեւանցիներին։ Ես կասեի՝ առաջին հերթին Երեւանն ու երեւանցիներին, մեզ բոլորիս։ Չնայած սրան՝ համամիտ եմ, որ մենք՝ Հայաստանում գործող քաղաքական ուժերս, չպետք է մեր քաղաքական գործունեության թատերաբեմ դարձնենք Ղարաբաղը։ Իհարկե, Ղարաբաղի իշխանություններն էլ չպետք է Հայաստանի քաղաքական կյանքին միջամտող գործոն դառնան։ Եվ ես ուրախ եմ, որ այսպիսի շեշտադրումներ հնչում են նաեւ ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից։ Սա չափազանց կարեւոր է։
Կարդացեք նաև
– Այս օրերին մարդիկ հարցնում են նաեւ, թե հնարավո՞ր է, որ մեր զինվորների նկատմամբ Ղարաբաղում վերաբերմունք փոխվի, սկսեն վատ վերաբերվել նրանց։
– Վերջին տարվա ընթացքում մի քանի անգամ եղել եմ հայ-ադրբեջանական շփման գծի դիրքերում, զորամասերում, շփվել զինվորների հետ։ Անկեղծ ասած, տպավորությունս միշտ եղել է այնպիսին, որ Ղարաբաղում նրանք զգում են ինչպես տանը։ Եղել եմ նաեւ Տավուշի մարզի առաջնագծում եւ նույնիսկ փոքր նշան չեմ տեսել այն բանի, որ Աղդամի առաջնագծի մեր զինվորները պակաս ինքնավստահ են, քան Մովսեսի առաջնագծի տղաները։ Իմ ողջ գիտակցական կյանքում ընդդիմադիր եմ, այդ թվում՝ խստագույն քննադատության եմ ենթարկում գործիչների, ովքեր ծագումով ղարաբաղցի են, Ղարաբաղում մեծ կապեր եւ նույնիսկ մեծ թվով համախոհներ ունեն։ Բայց, անկեղծ ասած, Ղարաբաղում, Ստեփանակերտում ինձ միշտ զգացել եմ ինչպես տանը, ինչպես՝ Հայաստանի ցանկացած այլ վայրում կզգայի։ Եվ եթե
Բերձորից հետո Ղարաբաղում Երեւանից եկած զինվորների, զբոսաշրջիկների նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն լինի, դա կարող է լինել միայն դրական ուղղությամբ, որովհետեւ այսօր յուրաքանչյուր ղարաբաղցի խնդիր ունի ապացուցելու, որ Բերձորում տեղի ունեցածը իրենց այցեքարտը չէ։
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում