Լրահոս
Օրվա լրահոսը

 Դավիթ Բաբայան. «Սադրիչներին հաջողվել է Արցախի ոստիկանությանը հունից հանել՝ հայհոյելով, անգամ թուրք անվանելով». «Հայոց աշխարհ»

Փետրվար 10,2015 10:22

Հարցազրույց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հետ

 -Ձեր հարցազրույցներից մեկում ակնարկել եք՝ «տեսաձայնագրություններ չկան, որովհետեւ դա իրենց պետք չէ, իսկ իրենք ինչ ասես, որ չեն ասել»: Ուզում եք ասել, որ երթի մասնակիցնե՞րն են ոստիկաններին մղել սադրանքի՝ թերեւս նրանց հասցեին վիրավորական խոսքեր ուղղելով, իսկ հետո մոնտաժել տեսաերիզները: 

-Այո, կարծում եմ սադրիչներին հաջողվել է Արցախի ոստիկանությանը հունից հանել՝ վատ խոսքեր ասելով, հայհոյելով, անգամ թուրք անվանելով: Բայց շրջանառվող տեսանյութերում ոչ մի ձայն, ոչ մի խոսք չի լսվում, ու դա վկայում է, որ նրանք ոչնչացրել են ձայնագրությունները:

Մինչ իրավապահները կտան կատարվածի իրավական գնահատականը, նշեմ մի կարեւոր հանգամանք: Արցախի ոստիկանները երբեւէ նման իրավիճակի չեն առնչվել, քանի որ Արցախում երբեք պառակտիչ, հակապետական ցույցեր չեն անցկացվել: Եվ դա փաստում է մեր ներքին բարձր կուլտուրայի, համախմբվածության մասին: Սա փաստում է նաեւ մեր ուժեղ ու ժողովրդավարական պետություն լինելու մասին, ուր նման խժդժություններ չեն լինում, քանի որ կա գիտակցումը՝ Արցախը գտնվում է պատերազմական իրավիճակում:
Մենք ունեցել ենք քաղաքականապես թեժ ընտրություններ՝ թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական, սակայն երբեք նման զարգացումներ չեն եղել: Սա միտումնավոր ստեղծված իրավիճակ էր, ինչ-որ ուժերի ձեռքի գործը: Եվ ահա, Արցախի ոստիկանները բախվում են սադրիչների հրահրած՝ իրենց համար արտասովոր իրավիճակի:
Դա վկայում է Արցախի ոստիկանության անպատրաստ լինելու մասին, անգամ համապատասխան սարքավորումներ չեն ունեցել: Այսինքն՝ Արցախի կողմից որեւէ բան ծրագրված չի եղել: Կարծում եմ, որ եկողները նախօրոք ուսումնասիրել էին ներքին իրավիճակը ու համոզվել, որ ոստիկանությունը, պետական համակարգը, երբեւէ շփված չլինելով նման ներքին խռովարար երեւույթների հետ, նաեւ դրա դեմ պայքարելու փորձ չունեն:

 -Մինչդեռ եկողները «զինված» էին ձայնագրիչներով, տեսախցիկներով, այսպես կոչված՝ «միջազգային լրագրողով»: 

-Այո: Նրանց պատրաստված այցը հուշում է, որ եկել էին մշակված պրովոկացիոն սցենարով: Ո՞ւմ են ուզում հասցնել այդ տեսաերիզները, մեր թշնամիների՞ն: Այս դեպքը ցույց տվեց, որ կան թափթփուկներ, որոնց մասին Արցախում չգիտեին: Մենք տեսանք՝ իրենց քաղաքական գործիչներ ու մեկնաբաններ համարող անդաստիարակ մարդկանց:
Ես անգամ սարսափով եմ մտածում՝ ի՞նչ կարող է լինել, եթե հանկարծ նման թափթփուկները տիրապետեն իշխանական լծակների. դա մեր ազգի համար կլինի իսկական ողբերգություն: Ցավով պետք է ասեմ, որ հայերի անվան տակ կան ու գործում են ոչ էթնիկ հայեր, որոնք վատ ծառայություն են մատուցում մեր ազգին, ավելի վատ, քան մեր բացահայտ թշնամին: Մեր իմունային համակարգը պետք է ուժեղացնենք, որ կարողանանք նման վիրուսներից ազատվել, կարողանանք սադրանքներից ավելի ուժեղացած դուրս գալ:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728