«Ակտիվիստ Արտակ Խաչատրյանի հետ միջադեպը ամենաքիչը ձեռնտու է իշխանություններին: Իշխանության շահերից չի բխում, դա իշխանության ձեռագիրը չէ և խորհուրդ կտամ իմ բարեկամներին կրակի վրա յուղ չլցնել»,-քիչ առաջ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա տեղեկացրեց, որ նիստի ընթացքում քննարկվել է ՀՀ-ում առկա ներքաղաքական իրավիճակը, բազում խնդիրներ, ներկուսակցական հարցեր: Տեղեկացրեց, որ հինգշաբթի տեղի է ունենալու ՀՀԿ խորհրդի նիստ:
Հարցին՝ անդրադարձ կատարվե՞լ է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթին, պարոն Շարմազանովը պատասխանեց. «Անդրադարձել ենք ՀՀ ներքաղաքական կյանքի բոլոր կարևորագույն հարցերին: Մեզ համար արժանի են բոլոր այն ելույթները, որոնք հուզում են մեր հասարակությանը: Մենք քննարկել ենք ոչ միայն առանձին ելույթներ, այլ ՀՀ-ում առկա բոլոր լուծումները: Իսկ լուծումները կառաջարկենք հինգշաբթի օրը»:
Aravot.am-ի հարցին՝ հնարավո՞ր է նաև սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հստակեցումներ մտցնեք, պարոն Շարմազանովը դրական պատասխան տվեց:
Կարդացեք նաև
Հարցին կադրային փոփոխությունների հարցեր քննարկվելո՞ւ են, պարոն Շարմազանովը պատասխանեց, որ նման հարց չի քննարկվել: Հստակեցմանը՝ օրինակ ոստիկանապետի հարցը, պարոն Շարմազանովը պատասխանեց. «Եթե ՀՀ-ում մի քանի պրոֆեսիոնալ պաշտոնյա կա, ապա մեկը Վովա Գասպարյանն է»:
Այնուհետև անդրադառնալով եռյակի ուժերի հայտարարություններին, թե իրավիճակը նույնը կմնա, քանի դեռ խորհրդարանում և կառավարությունում հանցագործներ են և գողեր, պարոն Շարմազանովն արձագանքեց. «Մենք անթույլատրելի ենք համարում մեր որոշ գործընկերների էմոցիոնալ, իրականությունի կտրված դեմագոգիկ հայտարարությունները, միգուցե հետո, երբ սթափվեն, իրենք իրենց այդ հայտարարություններից ամաչեն»:
Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ հինգշաբթի խորհրդի նիստում կլինեն որոշումներ, լուծումներ, բայց օրակարգում պաշտոն փոխելու խնդիր չկա:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ