Aravot.am-ը Պոլիտեխնիկի ուսխորհրդի նախագահ Գոռ Վարդանյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ արտահերթ գիտխորհրդից միայն րոպեներ առաջ տեղեկացրեց, որ չի ներկայանալու, չէ՞ որ այդքան մարդ սպասում էր իր զեկուցմանը;
Գոռ Վարդանյանը պատասխանեց, որ իրեն հրավիրել էին ԿԳ նախարարություն՝ նախարար Արմեն Աշոտյանի հետ հանդիպման, իր ձեւակերպմամբ՝ առաջացած խնդրի վերաբերյալ պարզաբանումներ տալու համար:
Ուսխորհրդի նախագահն այն կարծիքին է, որ փետրվարի 6-ին կայացած բուհի գիտական խորհրդի նախորդ նիստում ուսանողական խորհրդի կանոնակարգի հաստատման լիազորությունները վերապահվել են գիտական խորհրդին, մինչդեռ կանոնադրությունը նախարարության կողմից է հաստատվում: Ու քանի որ շփոթ է առաջացել, նրա խոսքով, գիտական խորհրդի որոշումը ռեկտորի կողմից կասեցվել է, եւ ռեկտորն էլ է դիմել ԿԳ նախարարություն:
Մեր զրույցի ընթացքում Գոռ Վարդանյանն խոսելիս անընդհատ ասում էր «իմ ուսանողական համակազմը», «իմ ուսխորհուրդը»: Ի դեպ, նրա այդկերպ արտահայտվելու մասին շեշտվել էր նաեւ գիտխորհրդի արտահերթ նիստում:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը, թե ուսանողական ինքնակառավարման մարմիններն անկախ են, մինչդեռ ինքը ԿԳ նախարարին իր շրջապատում իբրեւ թիկունք է ակնարկում, Գոռ Վարդանյանը այսպես պատասխանեց՝ իր եւ ուսխորհրդի համար ՀՀ օրենսդրությունը գերակա է, իրենք էլ անկախ կառույց են, ուղղակի ինքը համոզված է, որ ուսխորհրդի հարցը կլուծվի ոչ թե գիտական խորհրդում այլ ԿԳ նախարարությունում:
Մեր մյուս դիտարկմանը, թե գիտխորհրդի արտահերթ նիստում հնչեց, որ բոլոր այն մարդիկ, որ իր կողքին են, ունեն ակադեմիական պարտքեր, նկատողություններ եւ ցածր գնահատականներ, իսկ նախագահի մրցանակներ ստացած ուսանողներ ուսխորհրդում չկան, ուսխորհրդի նախագահը պատասխանեց. «Մեր ուսանողական խորհուրդը քսան տարեկան է, այդ տարիների ընթացքում ընդգրկված են եղել թե՛ լավ սովորող ուսանողներ, թե՛ ոչ այդքան լավ առաջադիմություն ունեցող ունեցողներ, մենք երբեք խտրականություն չենք դնում հասարակական գործունեություն ծավալող ուսանողների ակադեմիական առաջադիմության առումով, եթե ուսանողն ուզում է հասարակական գործունեությամբ զբաղվել, կարող է զբաղվել»: Մեր զրուցակիցը նաեւ օրինակ բերեց. «Մենք ունենք ցածր առաջադիմությամբ ուսանող, որ ՀՀ «Ի՞նչ, որտե՞ղ, երբ» խաղի գավաթակիր է, բայց կա նաեւ նախագահի մրցանակակիր, որը նույն մրցույթում ուղղակի տեղ չի գրավել, այնպես որ դա չափանիշ չեմ համարում»:
Երբ ձեզ հրավիրեցին նախարարություն, ինչո՞ւ չասեցիք, որ նույն ժամին արտահերթ գիտխորհուրդ կա՝ նորից հարցրինք Գոռ Վարդանյանին: «Եթե նախարարը հրավիրում է, ես պարտավոր եմ այդ հանդիպմանը ներկա լինել, որովհետեւ ամսի 6-ին մեր օրենսդրական ակտերին հակառակ որոշումներ են կայացվել գիտական խորհրդի կողմից, հարցը տեղափոխվել է շատ ավելի բարձր մարմին»,-ասաց նա:
Իսկ համառորեն շրջանառվող այն վարկածի առնչությամբ, թե ինքը հրահրվում է այն մարդկանց կողմից, որոնք չեն ցանկանում Հովհաննես Թոքմաջյանին տեսնել ռեկտորի պաշտոնում, Գոռ Վարդանյանը պատասխանեց. «Երբեք հրահրանքների չեմ գնում, ես ուսանող եմ, պարտավոր եմ իմ ուսանողական խորհրդի ինքնավարումը ապահովել, ինչը ոտնձգվում է»:
https://soundcloud.com/gohar-hakobyan-1/e5bluugn8rj7
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ scseua.wordpress.com-ի
Չեմ ճանաչում իրան, բայց տիպիկ ՀՀԿ-ական չինովնիկի տպավորություն ա թողնում: Ու, հաշվի առնելով նաև իրա զբաղեցրած պաշտոնը, կարող եմ 99 տոկոս համոզվածությամբ ասել, որ ՀՀԿ անդամ ա: