Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլիտեխնիկի գիտխորհուրդը դիմել է ԿԳ նախարարին

Փետրվար 09,2015 21:36

Այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական  համալսարանի (Պոլիտեխնիկ) շուրջ հինգ տասնյակ գիտխորհրդի անդամներ արտահերթ նիստ էին հրավիրվել, օրակարգում էլ երկու հարց էր՝ ՀՊՃՀ ուսանողական խորհրդի նախագահ Գոռ Վարդանյանի հաշվետվությունը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողական խորհրդի կազմավորման եւ բուհի կառավարման մարմիններում ուսանողների համակազմի ներկայացուցիչների ընտրությունների կազմակերպման մասին, ինչպես նաեւ համալսարանի բնականոն գործունեության ապահովմանն ուղղված գործողություններն ու կազմակերպչական խնդիրները:

image_2

Նիստից մի քանի րոպե առաջ, սակայն, Գոռ Վարդանյանը գրություն ուղարկեց, որտեղ գրված էր, թե  ՀՀ ԿԳ նախարարությունից ժամը 15:15 իրեն կանչել են նախարարի հետ հանդիպման, ուստի այդ պատճառով չի կարող զեկուցել արտահերթ գիտխորհրդի ժամանակ: Գոռը վերադարձավ, երբ գիտխորհուրդն արդեն համարյա ավարտվում էր:

Aravot.am-ը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց, իսկապե՞ս՝ Պոլիտեխնիկի ուսխորհրդի նախագահ Գոռ Վարդանյանին  կանչել է ԿԳ նախարարություն, եթե այո, ապա ո՞ր ժամին: Նախարարը հաստատեց, որ 15:15 հրավիրել է ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանին եւ ուսխորհրդի նախագահին:

image_3

Նշենք, որ  ժամը 15-ին նշանակված գիտխորհրդի արտահերթ նիստի մասնակիցները դժգոհեցին, որ ուսխորհրդի նախագահը ընդամենը երեք րոպե առաջ է տեղյակ պահում իր չգալու մասին, ինչը հարգալից վերաբերմունք չէ գիտխորհրդի նկատմամբ: Նիստին մասնակցում էին նաեւ բուհի մարզային ուսխորհրդի նախագահները: Նրանք միաբերան փաստեցին, որ Գոռ Վարդանյանը  տարբեր պատճառաբանություններով  խոչընդոտել է իրենց ներգրավմանը բուհի տարբեր կառույցներում ու մասնակցությանը Պոլիտեխնիկի կյանքին:  Ուսխորհրդի՝ ելույթ ունեցող բոլոր անդամներն էլ խոստովանեցին, որ իրենք ոչ թե ընտրվել են, այլ նշանակվել Գոռի կողմից:

Նիստի ժամանակ նաեւ փաստվեց, որ դեռեւս  հունվար ամսին, երբ  չկար ԿԳ նախարարի կողմից հաստատված կանոնադրություն, Գոռ Վարդանյանը կնիք է պատվիրել եւ օգտագործել՝ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսխորհուրդ» անվանումով, ինչի իրավունքը չուներ օրենքով. ուսանողական խորհուրդը ընտրված չէր, եւ կնիք կարող էր պատրաստվել միայն կանոնադրությամբ սահմանված կարգով, մինչդեռ կանոնադրությունը դեռ հաստատված չէր: Գիտխորհրդի անդամների կողմից տարօրինակ համարվեց նաեւ այն, որ ուսխորհրդի կազմում չկա ոչ մի՝ նախագահի մրցանակ շահած ուսանող, իսկ եղածները ունեն ակադեմիական պարտքեր, ոմանք մինչեւ 10 նկատողություն, բազմաթիվ բացակայություններ:

Նշվեց նաեւ, որ Գոռ Վարդանյանը քննությունից առաջ զանգ է տվել մաթեմատիկայի դասախոսին ու ասել, որ ոչինչ չգիտի, բայց հույս ունի, որ հարյուր միավոր կստանա:  Իրականում նա 15 միավոր է ստացել, մինչդեռ նվազագույն շեմը 40 է: Հովհաննես Թոքմաջյանն  ասաց, որ պատրաստ են եւս մեկ հնարավորություն ընձեռել Գոռին, որ հանձնի իր  մաթեմատիկայի քննությունը, օբյեկտիվության նկատառումներով կարող են հրավիրել  նաեւ արհկոմի, ուսանողության եւ մամուլի ներկայացուցիչների:

Գիտխորհրդի անդամներից մեկը ցավով փաստեց, որ Գոռ Վարդանյանը անհարգալից էր պահում իրեն եւ նախկին ռեկտորի ժամանակ, եւ ներկայումս, ինչը հարիր չէ ուսխորհրդի նախագահին:

Էդիկ Կյուրեղյանն էլ հայտնեց, որ իր պոլիտեխնիկական կենսագրությունը թույլ է տալիս հավաստել, որ իրենք միշտ էլ հարազատորեն եմ վերաբերվել ուսանողությանը: «Ներպոլիտեխնիկական թշնամանքը կործանարար է, բոլորիս շահերին վնաս»,-ասաց նա:

Մանվել Անդրիկյանի ձեւակերպմամբ, երեւանյան կրթահամալիրի ուսանողական խորհուրդն իրեն վերապահել է ողջ ուսանողական խորհրդի լիազորությունները, ինչի իրավունքը չունի:

Պոլիտեխնիկի գիտխորհուրդը քննարկելով իրավիճակը՝ որոշում կայացրեց. «Խնդրել ՀՀ ԿԳ նախարարությանը՝  ընդունել համապատասխան նորմատիվ իրավական ակտեր, որոնք հնարավորություն կընձեռեն ընտրությունների միջոցով  ապահովել համալսարանի ուսանողական խորհրդի ձեւավորման լեգիտիմությունը, որպեսզի համալսարանի կառավարման մարմինների ձեւավորման գործընթացը օրենսդրությանը համապատասխան կզարգանա»:

Ռեկտորի պաշտոնակատարն էլ նշեց, որ իրենք որեւէ տարաձայնություն ԿԳ նախարարության հետ չունեն, կան որոշ ներքին խնդիրներ, եւ իրենք դիմեն նախարարությանը՝ դաշտը հստակեցնելու խնդրանքով:

Ավելի ուշ Հովհաննես Թոքմաջյանից հետաքրքրվեցինք՝ կայացա՞վ իր եւ ԿԳ նախարարի հանդիպումը: Ռեկտորի պաշտոնակատարը հայտնեց, որ գիտխորհրդից հետո ինքը գնացել է նախարարություն, սակայն նախարարը ժամանակի սղության պատճառով չի կարողացել ընդունել իրեն:

Անդրադարձ եղավ նաեւ բուհի ռեկտորի ընտրություններին: Պարոն Թոքմաջյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Ինչպես գիտեք՝ օրենսդրությամբ սահմանված է, որ ռեկտորի ընտրությունները կատարվում են հոգաբարձուների խորհրդի կողմից, որտեղ 32 անդամ են, որոնցից ¼-ը դասախոսական կազմից է, ¼-ը ուսանողությունից է, ¼-ին նշանակում է նախարարը, ¼-ին՝  վարչապետը: Մեզ մոտ պրոֆեսորադասախոսական կազմից ընդամենը 8 հոգի է լինելու: Հաշվի առնելով գիտխորհրդի յուրաքանչյուր անդամի ձայնի կարեւորությունն այդ հարցում, ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ընտրությունները հայտարարվելուց հետո իմ թեկնածությունը կառաջադրեմ միայն այն դեպքում, երբ գիտխորհրդում քննարկումից հետո ստանամ գիտխորհրդի աջակցությունը»:

Գոռ Վարդանյանի մեկնաբանությունը՝ քիչ հետո:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ        

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728