«Բարգավաճ Հայաստանի» անդամ Արտակ Խաչատրյանը, ով ակտիվորեն մասնակցում էր «Շրջանառության հարկի» դեմ ակցիաներին, այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում պատմել է իր առևանգման և դաժան ծեծի մանրամասները։
Հիշեցնենք, Խաչատրյանին շաբաթ օրը գտել էին իր տան մոտ անգիտակից, ծեծված վիճակում։ «Տաշիր» առևտրի կենտրոնի շրջակայքում սև հագուստով դիմակավորված ու զինված երեք անձինք առևանգել էին նրան և տարել անհայտ ուղղությամբ։
Բազմաթիվ մարմնական վնասվածքներ ստացած Խաչատրյանը այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ չգիտի, թե իրեն ուր են տարել։
Խաչատրյան.- Դիմակավորված անձինք էին, անսպասելի հարձակվեցին, մտցրեցին մեքենան, դիմակ հագցրեցին, ամբողջ ընթացքում իմ և նրանց դեմքը փակված է եղել։
Կարդացեք նաև
«Ազատություն».- Որևէ բան ասո՞ւմ էին Ձեզ։
Խաչատրյան.- Առանձնապես չէ, ավելի շատ ժեստերով էին շփվում իրար հետ։ [Ծեծից] հետո բերեցին մի ամայի վայր, թողեցին, չէի կողմնորոշվում, մոտեցա անցորդներին, հարցրեցի, հասկացա, որ 8-րդ զանգվածի մատույցներում եմ։ Հետ գալը ամենադժվարն էր, որովհետև ոչ մի տաքսի չէր կանգնում, այլանդակված էր դեմքս, արյունախառը… երթուղայիններն էլ չէին կանգնում, ահագին ոտքով գնացել եմ, հետո պատահական մի երթուղային եմ կանգնեցրել կիսագիտակից վիճակում։
«Ազատություն».- Որևէ կասկած ունե՞ք, թե ով կարող էր լինել։
Խաչատրյան.- Սև «Սեդան» էր, էս պահին չեմ կարող ինչ-որ կոնկրետ բան ասել, ունեմ իմ անձնական ենթադրությունը, որի մասին հետո կխոսեմ։
«Ազատություն».- Դա կարո՞ղ է կապված լինել Ձեր անձնական հարաբերությունների հետ։
Խաչատրյան.- Ես նման հարաբերություններ չունեմ, որ այդպիսի ռեզոնանս ստանամ։ Ավելի շատ կարող է կապված լինել գործունեության հետ։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում