Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Մարգարյան. «Ես հունքով-բունքով գյումրեցի եմ, չեմ կարող Պերմյակովի անցած ճանապարհը գտնել»

Փետրվար 09,2015 20:05

Գյումրիի ոճրագործությունից հետո, ինչպես տեղեկացրել ենք, ծառայողական երեք շները ռուս զինվորական Վալերի Պերմյակովի հետքը գտել էին Գյումրիի Արցախ թաղամասի Մյասնիկյան փողոցից դեպի Ստրոմմաշ թաղամաս տանող ու այնտեղ գտնվող Գյումրու ծերանոցի հատվածում:

Aravot.am-ի հետ զրույցում ՕԵԿ պատգամավոր գյումրեցի Հովհաննես Մարգարյանը հայտարարեց, որ Պերմյակովը երբեք չէր գտնի այդ ճանապարհը, եթե այդ ամենը նախապես պլանավորված եւ կազմակերպված չլիներ: Նրա խոսքերով՝ «Ես ինքս չեմ կարող այդ ճանապարհները գտնել: Ես այսքան տարի ապրել եմ Գյումրիում, որ ասում են՝ հունքով-բունքով գյումրեցի եմ, բայց չեմ կարող ես: Ես այդ տարածքի մոտակայքում՝ կոմբինատում աշխատել եմ, բայց նույնիսկ այդ հասցեն դժվարությամբ կգտնեմ: Դրա համար գյումրեցին այդ ամեն ինչն ուսումնասիրում է ու հարցեր են առաջանում»:

Ըստ Հովհաննես Մարգարյանի Ավետիսյանների ընտանիքը նույնպես հնարավոր է հատուկ ընտրված էր. «Դուք գիտե՞ք Գյումրիում ինչքա՞ն կա 7 հոգանոց ընտանիք՝ շատ քիչ: Արտագաղթի ճանապարհը շատ գյումրեցիներ են բռնել: Տեսնում ենք մի շենքում 2-3 լույս է վառում: Ո՞նց կարող է չկասկածեմ, որ սա կազմակերպված էր եւ մտածված: Երեւի Հայաստանի մասշտաբով էլ, որ նայենք, 7 հոգանոց տարբեր սերնդի ներկայացուցիչներ քիչ կան՝ ավագ սերունդ, միջին սերունդ, երեխաներ եւ բարուրի երեխա: Բա այսքան մարդ վերլուծող գյումրեցին ի՞նչ անի այսօր: Վերլուծում է, մարդը զգում է իր մաշկի վրա»:

Հովհաննես Մարգարյանն ասաց, որ այս սպանությունից հետո առաջացած հարցերը տանջում են գյումրեցիներին. «Մի շարք հարցեր կան՝ ոնց է դռան ապակին հանել, ես չեմ պատկերացնում, որ մեկը Գյումրիում դարպասը փակում է: Եվ հետո մինչեւ այդ տունը ավելի ցածր պարիսպներ կան: Մինչեւ այդտեղ հասնելը տուն կա, որի մուտքի դուռը գտնվում է հենց փողոցի վրա, պետք էլ չէր մի պատնեշ ավելի անցներ: Այստեղ հարցերը շատ են: Ինչո՞ւ կոշիկները հանեց, ավելի հարմար չէ՞ր այդքան ճանապարհ պիտի գնար, կոշիկներով գնար»:

Մեր հարցին՝ դեպքի առաջին օրերին գյումրեցիները նույնիսկ պատուհանները չէին բացում, հիմա կա՞ այդ վախը, Հովհաննես Մարգարյանը պատասխանեց. «Այն, ինչ տեսավ գյումրեցին, ո՞նց կարող է վախ չլինի իր մեջ: Ժամանակ է պետք եւ երաշխավորված պաշտպանություն գյումրեցուն, որ նա զգա, որ անվտանգ է: Աչքը տեսածից է վախենում: 99-ի դեպքը եղավ ռուս զինվորականների եւ երեխաներ մահացան անփութության պատճառով: Այստեղ է, որ քրեական գործ պետք է հարուցվի համապատասխան պատասխանատուների  նկատմամբ, ում հանցավոր անփութության պատճառով այս բոլոր դեպքերը տեղի ունեցան այդ ռազմաբազայում: Ես ծառայել եմ, 30 րոպեն մեկ հերթափոխի պատասխանատուն շրջում է, պոստերը ստուգում, երկու ժամը մեկ էլ զենքդ ես հանձնում պահեստ, հանգստանում: Այդ ամեն ինչը կանոնակարգվում է: Այսինքն, շատ բարձիթողի վիճակ է: Պետք է մարդիկ պատասխնատվություն կրեն: Այսինքն` ով ուզենա, երբ ուզենա պոստը կլքի՞: Ռուս պատգամավորներն ասեցին, որ հետեւողական են լինելու, որ առաջինը քրգործ հարուցվի այդ ուղղությամբ: Եվ հետո, ի վերջո արտասահման գործուղում են զինվոր: Սահմանապահ զորքերը պետք է հատուկ ուսումնասիրություն անցնեն, նրանց ուղնուծուծը իմանան՝ արդյո՞ք իրենց ընտանիքի մեջ հանցավոր չի եղել: Ո՞նց է ստացվում, որ շուրջ 40 օրը լրացած զինվորն այսքան բան է անում: Չնայած դա դեռ հարց է՝ մենա՞կ է արել, թե՞ չէ: Բոլորս գիտենք, որ հնարավոր չէր մենակ անել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728