Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Աճեմյան. «Ադրբեջանը պատշաճ կերպով չի ներկայացել Եվրանեսթի գագաթաժողովներին»

Փետրվար 09,2015 19:01

«Վերջին երկու տարում այնքան ոչ կառուցողական են եղել Ադրբեջանի` նաև այդ ձևաչափով աշխատանքները, որ դա զարմանալի չէ»,-Aravot.am-ի հարցին ինչպե՞ս կմեկնաբանի ադրբեջանցի գործընկերոջ այն կարծիքը, թե իրենց համար «Եվրանեսթում» Հայաստանի նախագահությունը անընդունելի է, այսպես պատասխանեց Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի «Եվրանեսթ» հայկական պատվիրակության անդամ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:

Նշենք, որ «Եվրանեսթի» ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովը հայտարարել էր, որ իրենց համար Հայաստանի նախագահությունը անընդունելի է, եւ ադրբեջանական պատվիրակությունը չի մասնակցի Հայաստանում անցկացվող այդ աշխատանքներին: Կարինե Աճեմյանը այս առիթով հիշեցրեց. «Իրենք մշտապես խաթարել են և իրենց ներկայությունը պատշաճ ձևով չի եղել Եվրանեսթի գագաթաժողովներին: Անընդհատ նշել են, որ չեն կարևորում այդ ձևաչափը: Նրանք վերջին ժամանակներս կամ ընդհանրապես չեն մասնակցել այդ կառույցի աշխատանքներին, կամ ոչ կառուցողական հայտարարություններով են հանդես եկել, կամ ոչ պատշաճ  պատվիրակությամբ են ներկայացել Եվրանեսթի նիստերին»:

Հետաքրքրվեցինք` ադրբեջանական կողմի հայտարարությունը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ, հնարավո՞ր է համանախագահությունը չեղյալ հայտարարվի, կամ ՀՀ-ում նիստեր չանցկացվեն, Կարինե Աճեմյանը պատասխանեց. «Այդպիսի բան հնարավոր չէ: Եվրանեսթի անդամ երկրները լավ գիտեն իրենց տրամադրվածությունն ու մոտեցումը և շատ լավ գիտեն մեր մոտեցումը, և թե մենք ինչպես ենք արտահայտվում, ինչպես ենք մենք աշխատում և նրանք: Այդ հայտարարությունը որևէ ազդեցություն ունենալ չի կարող, ընդհակառակը, մենք «Եվրանեսթի» վեհաժողովը կանցկացնենք ՀՀ-ում և բոլոր այն խնդիրները, որոնք մեր առջև դրված են, պատրաստվում ենք իրականացնել, մանավանդ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728