Լրահոս
Օրվա լրահոսը

Քննությամբ պարզվել է, որ մայրը մուրճով հարվածներ է հասցրել դեռահաս որդու գլխին. արարքը որակվել է սպանության փորձ

Փետրվար 09,2015 18:11

Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 9-ամյա տղային գանգուղեղային վնասվածքներ պատճառելու և բնակարանը հրկիզելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2015 թվականի փետրվարի 9-ին՝ ժամը 05։20-ին, Գյուլիքևխյան փողոցի 23/1 շենքի թիվ 48 բնակարանում տեղի է ունեցել հրդեհ, որի հետևանքով նույն բնակարանի բնակչուհի, 1968 թվականին ծնված Աննա Բադալյանը՝ «ամբողջ մարմնի այրվածք 4-րդ աստիճանի» և վերջինիս անչափահաս, 9-ամյա որդին՝ «բաց գանգուղեղային վնասվածք և մարմնի տարբեր մասերի հատվածների այրվածք» ախտորոշումներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում կատարված լրացուցիչ զննության, ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել, որ երեխային ծանր մարմնական վնասվածքներ է պատճառել մայրը։

Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ Ա.Բադալյանը 2015թ. փետրվարի 9-ին՝ ժամը 04-ի սահմաններում, կողպել է իրենց բնակարանի մուտքի դուռը և պատուհանները, որից հետո, սպանելու դիտավորությամբ, մուրճով բազմաթիվ հարվածներ հասցրել դեռահաս որդու կենսական կարևոր օրգանի՝ գլխի շրջանում։  Հարվածների հետևանքով երեխային պատճառվել են գանգուղեղային բաց վնասվածքներ։

Սպանության դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով կինը հրկիզել է բնակարանը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ առաջացած հրդեհը մարելու նպատակով դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայության աշխատակիցները և Ա.Բադալյանին ու Ֆ.Նահապետյանին դուրս են բերել բնակարանից։

Ձեռք բերված նոր ապացույցների հիման վրա՝ արարքը որակվել է որպես երեխայի նկատմամբ սպանության փորձ և հարուցվել քրեական գործ՝ մոր կողմից երեխային սպանելու փորձ կատարելու և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է մուրճը՝ արյան հետքերով, եւ բենզինի հոտով պոլիէթիլենային տարա։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հյուրասենյակի բազմոցին կիպ պատի վրա հայտնաբերվել է նաև երկտողանի հայատառ գրառում՝«մեր մահվան պատճառը էդ սր-ն է», որից վերցվել են պատի քերուկներ։

Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728