Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուստամ Գասպարյան. «Ժողովուրդը պետք է հեռացնի Սերժ Սարգսյանին, ուրիշ ելք չկա»

Փետրվար 09,2015 16:45

Ոչ իշխանական ուժերի խորհրդաժողովում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ գնդակն իշխանությունների դաշտում է: Aravot.am-ը ԲՀԿ պատգամավոր Ռուստամ Գասպարյանից հետաքրքրվեց՝ ըստ Ձեզ, ի՞նչ է սա նշանակում ի՞նչ պետք է անի Սերժ Սարգսյանը, պետք է անհապաղ կատարի 12 կետերը, հակառակ դեպքում ժողովրդին դուրս կհանեք փողո՞ց: Ռուստամ Գասպարյանը պատասխանեց. «Եթե Սերժ Սարգսյանը 12 կետերը կատարող լիներ, վաղուց կկատարեր: Սերժ Սարգսյանից ոչինչ չենք սպասում: Արդեն վաղուց իրանից ոչինչ չենք սպասում: Մենակ պետք է ժողովուրդը ոտքի կանգնի ու իրեն հեռացնի՝ հանրահավաքների միջոցով: Ուրիշ ելք չկա»:

Մեր հարցին՝ ասում եք, որ արյունահեղությունը, բռնի ուժը, Մայդանը բացառում եք, ուրեմն ինչ ճանապարհով պետք է ժողովուրդը ստիպի՝ Ռուստամ Գասպարյանը պատասխանեց. «Կոմունիստական համակարգը քանդվեց, արյունահեղությո՞ւն եղավ: Չեղավ, չէ՞: Ժողովուրդը ոտքի կանգնեց ու պահանջեց, կոմունիստներն էլ հրաժարվեցին, օրհասական էր պահը»:

Մեր դիտարկմանը, որ 2008-ին էլ, 2013-ի նախագահական ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի հետ էլ ժողովուրդը ոտքի կանգնեց, բայց ոչինչ չստացվեց, ոչ ոք սկուտեղի վրա իշխանությունը չի տալու, ինչպե՞ս պետք է հասնեք իշխանափոխության՝ Ռուստամ Գասպարյանը պատասխանեց. «Րաֆֆիի ժամանակ ժողովուրդն այդպես չի կանգնել: Կանգնել է, ասենք, մի 30-40 հազար: Դա ամբողջ ժողովուրդը չի: Ազգը պետք է կանգնի: Համաժողովրդական շարժումը հենց դրա համար է նախատեսված, որ բոլոր տարածքներում իրազեկենք, ժողովրդին ոտքի հանենք, ժողովրդին լսենք, իրենց կարծիքը, իրենց ցավուդարդը ներկայացնենք ու համախմբենք: Այսօր համախմբված է արդեն ժողովուրդը: Չկա մեկը, որ իշխանափոխություն չուզի: Հենց իշխանության մեջ էլ մեծամասամբ այսօր կողմ են իշխանափոխության: Բոլորի հետ էլ զրուցում ենք, բոլորի հետ էլ հանդիպում ենք: Ճիշտ է, վախից չեն խոսում, բայց բոլորն էլ ցանկանում են, բոլորն էլ պատրաստ են, քանի որ էլ տեղ չկա դիմանալու կամ դիմակայելու: Հասել է արդեն վերջը: Այսօր ե՛ւ արտաքին քաղաքականության մեջ, եւ ներքին տնտեսության մեջ, բոլոր ոլորտներում արդեն անկում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728