Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հայրապետական կրթաթոշակին» արժանացած երեք ուսանողներին

Փետրվար 09,2015 16:37

Փետրվարի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների երեք ուսանողներին` Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող Երվանդ Մկրտչյանին, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողուհի Անի Գինոսյանին և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողուհի Անի Երեմյանին, ովքեր ուսման ընթացքում ցուցաբերած իրենց բարձր առաջադիմության համար օրեր առաջ արժանացել էին Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից սահմանված «Հայրապետական կրթաթոշակին»:

Առաջադիմությամբ աչքի ընկնող ուսանողներին խրախուսելու նախաձեռնությունը Հայ Եկեղեցու և ՀՀ Կրթության ու գիտության նախարարության միջև ձևավորված արդյունավետ համագործակցության հերթական քայլերից է:

Հանդիպմանը Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի փոխտնօրեն Տ. Գարեգին աբեղա Համբարձումյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց կրթաթոշակակիրներին: Այնուհետև իրենց սրտի ու երախտագիտության խոսքն ասացին ուսանողները` միաժամանակ Նորին Սրբությանը վստահեցնելով, որ Հայ Եկեղեցու հոգատար վերաբերմունքը պարտավորեցնող է և ավելիով նպաստելու է իրենց ուսումնառությանը:

Այնուհետև երիտասարդներին իր օրհնության ու գնահատանքի խոսքը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` փոխանցելով «Հայրապետական կրթաթոշակը»: Նորին Սրբությունը ուրախությամբ ողջունեց կրթության ոլորտում  առաջադիմություն ցուցաբերած սաներին և վստահությամբ նշեց, որ լիահույս է` մրցանակակիր լինելը, լավագույն ուսանողի պատիվը կրելը պիտի քաջալերանք լինի, որպեսզի նրանք նույն ջանասիրությամբ շարունակեն գիտելիք ամբարել և իրենց մասնագիտական հմտություններով հետագայում մեծ օգտակարություն բերեն հանրությանը: Ամենայն Հայոց Հայրապետը նկատեց, որ այցը Մայր Աթոռ առիթ կհանդիսանա գեղեցիկ անդրադարձում կատարելու իրենց անձերին ու նպատակներին և կծառայի կամքի առավել զորացմանը` հնարավորություն ընձեռելով նաև հաղորդ դառնալու մեր պատմության փառավոր անցյալին:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի ու ՀՀ տարբեր կրթական հաստատությունների միջև ձևավորված սերտ կապերին և համատեղ ձեռնարկներին, որոնք դրական ներգործություն են ունենում ուսանողության ոգու և նկարագրի կերտման պատասխանատու առաքելության վրա:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

Տեղեկատվական համակարգ
Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728