Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ 84 վարչական արձանագրություն է կազմվել: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքները՝ հատուկ հսկողություն սահմանելով ոչ միայն աղբամաններին հարակից տարածքների, այլև բնակչության կողմից աղբի կուտակման քրոնիկ վայրեր դարձած այլ հասցեների նկատմամբ:
«Մեր նպատակը միայն արձանագրություններ կազմելը չէ, կարևոր է, որ այդ արձանագրությունների միջոցով կանխարգելենք երևույթն ու վերացնենք պատճառները: Այս համատեքստում ոչ պակաս կարևոր է նաև իրավախախտ քաղաքացիների հետ բացատրական աշխատանքներ տանելը՝ առանձնակի ընդգծելով, որ մեր նպատակը ոչ թե տուգանելն է, այլ մեր քաղաքը մաքուր պահելը: Հատուկ ուշադրություն դարձրեք նաև ոչ սահմանված այն վայրերին, որտեղ մշտապես նկատվում է աղբի կուտակում, այդ թվում՝ խաչմերուկներին վարորդների կողմից աղբի և ծխախոտի մնացորդների դուրս նետման դեպքերին: Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ քայլեր ձեռնարկեք նաև այդ արատավոր երևույթը վերացնելու ուղղությամբ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Վերջին շրջանում հատկապես Կենտրոն վարչական շրջանում նկատվող նոր աղբամանների հաճախակի այրման դեպքերի հետ կապված էլ քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է ոստիկանության հետ համատեղ հատուկ հսկողություն սահմանել դրանց նկատմամբ և հայտնաբերել մեղավորներին ու ենթարկել պատասխանատվության: Նշվել է, որ միայն մեկ ամսվա ընթացքում գրանցվել է աղբամանների այրման 20 դեպք:
Երևանի քաղաքապետարան