Լրահոս
Օրվա լրահոսը

«Նորատ Տեր-Գրիգորյանցը գնացել է Ռուսաստան, քնել, երազներ է տեսել». գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյան

Փետրվար 09,2015 16:24

«Այն ժամանակ, երբ զինադադարի պայմանագիրն էր կնքվում, Նորատ Տեր-Գրիգորյանցը մասնակից է եղել դրան: Բա ինչի՞ այն ժամանակ չէր վիրավորվել, այն ժամանակ այդ հարցը չբարձրացրեց: Թե՞ անցել է 20 տարի, նո՞ր է ընկել միտը, որ այն ժամանակ սխալներ են տեղի ունեցել: Ու ինքը մոռանո՞ւմ է, թե մենք ինչ պայմաններում ենք զինադադար արել, մեր երկիրն ինչ վիճակի մեջ էր»,- պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի հայտարարությանը, թե Բիշքեկում ստորագրված խայտառակ զինադադարի պայմանագիրը դավաճանություն է, խեղկատակություն եւ ապուշություն:

Հիշեցնենք, որ վերջերս ռուսական RT հեռուստընկերության հաղորդման ժամանակ Նորատ Տեր-Գրիգորյանցը պատմել է, թե ինչու է ինքը վիրավորված գնացել Հայաստանից: 1in.am-ի տեղեկացմամբ, գեներալը նշել է, որ զինադադարի պայմանագրի պատճառով է լուրջ անհամաձայնություն առաջացել իր եւ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարների հետ: Ըստ նրա, հաղթանակած պետությանը վայել չէր ստորագրելու այդպիսի խայտառակ մի զինադադար, որը չէր բխում հայ ժողովրդի եւ Հայկական պետության շահերից. «Այդ խայտառակ պայմանագիրը ստորագրեցին մարդիկ, որոնք ընդհանրապես չէին հասկանում քաղաքական կամ ռազմական գործից, նրանք չգիտեին, թե ինչ է նշանակում ստրատեգիա: Բիշքեկի զինադադարի պայմանագիրը, ավազին գրված պայմանավորվածություն էր, մի բան, որը իրենից ոչինչ չի ներկայացնում, դա ոչ միայն խայտառակ պայմանագիր էր, այլեւ խեղկատակություն եւ ապուշություն: Չկար ոչ մի պարտավորվածություն կամ երաշխիք, քանի որ հենց հաջորդ օրը կարող էր վերսկսել պատերազմը։ Պայմանագրի մեջ չճշտվեց ոչ մի հստակ սահմանագիծ եւ Ադրբեջանին չպարտադրվեց ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը»:

Գագիկ Մելքոնյանից մենք ճշտեցինք՝ այն ժամանակ այլընտրանք չունեի՞նք, պիտի կնքեի՞նք այդ պայմանագիրը՝ գեներալը պատասխանեց. «Ոչ, այլընտրանք չկար, որովհետեւ այդ ժամանակ մենք չէինք կարող ոչ մեկի ոչ մի բան պարտադրել: Մեր երկու պետությանը երրորդ պետությունն էր հաշտեցնում եւ ոչ մի պայման չէր ընդունում: Ինչ վերաբերում է Նորատին, նա այն ժամանակ գեներալ-լեյտենանտ մարդ, շտաբի պետ էր, որին լսում էին: Նա եթե այն ժամանակ ձեռքը խփեր սեղանին, ասեր՝ գիտե՞ք ինչ, նրան կլսեին: Ինքը ինչի՞ էր խռովում: Թող հարցը դներ, իշխանություններին ասեր իր ասելիքը: Բանակն այն ժամանակ ամենահզոր, թելադրող կառույցն էր: Թող ձեռքը խփեր ու ասեր՝ այսպես պիտի լինի: Ինքը գլխավոր շտաբի պետն էր, կարող էր պարտադրել անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ինչի՞ չարեց: Այնպես որ, ես չեմ ընդունում իր այդ պատճառաբանությունը, թե դավաճանություն է եղել: Կողքից էլ մանր-մունր մարդիկ սկսում են ինչ-որ գնահատականներ տալ: Իրենք պատերազմի դաշտում չեն եղել եւ պատերազմի իրավիճակում չեն եղել, պատերի տակ նստած են եղել, այսօր էլ քննադատում են այն ժամանակվա իշխանություններին: Այդ հաղթանակած տարիներն ասում են՝ մութ էր, լույս չկար, ցուրտ էր: Դա մեր հաղթանակի տարիներն են եղել, ոչ թե խավարի: Մեկը, ասենք, լամպի լույսի տակ է հաց կերել, բայց հաղթանակել ենք մենք»:

Ինչ վերաբերում է մեղադրանքներին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր տիրապետում իրավիճակին, չգիտեր ինչ է կատարվում ռազմաճակատում՝ Գագիկ Մելքոնյանն ասաց. «Ես չեմ ուզում փնովել, պատերազմն անցել է: Ես չեմ ուզում ոչ մի զորահրամանատարի փնովեմ, բայց ասեմ, որ պարոն Նորատ Տեր-Գրիգորյանցն էլ խաբար չէր, թե ինչ է կատարվում ճակատում: Մենք տարածքներ էինք գրավում, երկու օր հետո նոր իմանում էին, որ այդ տարածքները գրաված են: Թող չմոռանա, որ ինքը այդ կարգի գեներալ է եղել: Այն ժամանակ ոչ ոք չէր տիրապետում շատ հարցերի, թե ինչ է, ոնց է: Երկրի նախագահը ո՞նց կարող էր չիմանալ, թե ինչ է կատարվում: Թե՞ հիմա Նորատը գնացել է Ռուսաստան, քնել, երազներ է տեսել: Նո՞ր է հիշում, թե ինչ է եղել 20 տարի առաջ: Ես կարող եմ նստեմ իր առաջ, ճակատ առ ճակատ խոսեմ հետը, հարյուր բան ասեմ: Բայց չի կարելի ոչ ոքի փնովել:

Մի անգամ էլ Կոմանդոսն էր նույն հասցեով աշխատում, ես Կոմանդոսի հասցեին մի քանի բան ասացի: Չի կարելի, դուք պատերազմ եք անցել, մենք հաղթել ենք: Թազա նորից ի՞նչ եք սկսում բզբզալ: Ամեն մեկդ մի սխալ եք թույլ տվել, ամեն մեկդ մի բան արել եք, բայց ամենակարեւորը՝ մենք միասնական հաղթանակ ենք տարել նախագահով, նախարարով, գլխավոր շտաբով, վերջին զինվորով: Մենք պիտի հպարտանանք: Ու գիտե՞ք ինչն է վատ, որ մեր ազգը, մենք պարտվել ենք, միշտ իմացել ենք, թե պարտությունից հետո ինչ անենք: Այս մի անգամ, որ հաղթանակել ենք, չգիտենք հաղթանակից հետո ինչ անենք: Սա է ցավը»:

Ըստ Գագիկ Մելքոնյանի, Նորատ Տեր-Գրիգորյանցը Հայաստանից ուրիշ բանի համար է գնացել. «Ինքը թող ասի հիմնական պատճառը: Դա չի եղել պատճառը»:

Մեր հարցին՝ ճի՞շտ է, որ խնդիրը միայն գեներալների՝ Անդրեասյանի եւ Դալիբալթայանի որոշումների հետ նրա անհամաձայնությունն է եղել, դրա համար էլ վիրավորված գնացել է, երբ իր ասածը չի անցել՝ Մելքոնյանը պատասխանեց, «Անդրեասյանը շատ հզոր մարդ էր: Իրոք, կարելի է ասել հասկանում էր ամեն ինչից, պատերազմից էր հասկանում, գիտեր ինչն ինչոց է: Նրանք լեզու չգտան իրար հետ՝ շարունակելու իրենց աշխատանքը: Եվ դա չի նշանակում, թե իշխանությունների հետ տարաձայնություն ուներ: Գեներալ- լեյտենանտ Անդրեասյանն ու գեներալ- լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն իրար չէին հասկանում, ինքը թողեց գնաց: Իշխանությունները դավաճանություն չէին արել: Այդ ժամանակվա մեր պայմաններն են այդպես թելադրել, այլ պայման չէինք կարող առաջ քաշել: Պատերազմը շարունակվում էր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728