Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական կարգադրիչների գործով վարչության պետը 800 դոլար տվել էր Միսակ Մարտիրոսյանին, 200-ը պահել իրեն

Փետրվար 09,2015 16:20

Դատական կարգադրիչների գործով ՀՀ վճռաբեկ դատարանի դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետ Անգին Ղուկասյանն այսօր հայտարարեց, որ ինքը Միսակ Մարտիրոսյանին մի անգամ 1000 դոլար է տվել՝ Ռուզաննայի գործով, իսկ մի անգամ էլ 1000 դոլարից 800-ը տվել է նրան, 200-ը վերցրել իրեն, քանի որ Միսակ Մարտիրոսյանը չէր սիրում մանրը տալ, «Կարող էր դա էլ ուզել»:

Իսկ կաշառքի մեկ այլ դրվագով՝ Վիկտորիա Կարապետյանի, նա ասաց, որ Վիկտորիան մինչեւ Միսակ Մարտիրոսյանի մոտ բարձրանալը, իր աշխատասենյակ է եկել ինչ-որ կոնյակով եւ ոսկեդրամով, որը տարել է Միսակ Մարտիրոսյանին՝ ծննդյան օրվա առթիվ, դեկտեմբերի 3-ին:

Իսկ իրեն նվիրած բիժուի մասին Ա. Ղուկասյանն ասաց, որ առերեսման ժամանակ է հայտնել, չի թաքցրել: Դատավոր Արշակ Վարդանյանի հարցին, թե բիժուն ի՞նչ արեցիք, Անգին Ղուկասյանն ասաց, որ այն նվիրել է աղջկա ուսուցչուհուն:

Misak_Martirosyan_06 Misak_Martirosyan_04 Misak_Martirosyan_03 Misak_Martirosyan_02 Misak_Martirosyan_01

Միսակ Մարտիրոսյանին հետաքրքրում էր, թե 6-րդ վարչությունում երբ եւ որ ժամին է ցուցմունք տվել Անգին Ղուկասյանը: Պարզվեց՝ 2013թ. սեպտեմբերի 23-ին, երբ առերեսում է տեղի ունեցել Արթուր Եղիազարյանի հետ, առերեսումից հետո նրան են մոտեցել 6-րդ վարչության աշխատակիցներ, եւ համապատասխան վկայական ցույց տալուց հետո Ա. Ղուկասյանը հայտնվել է 6-րդ վարչությունում:

Ի դեպ, նրա մոտ եղել է բջջային հեռախոսը, որից, ըստ ամբաստանյալի, ինքը զանգել է տուն:

Միսակ Մարտիրոսյանի այն հարցին, թե ինչու է ազատման դիմում գրել Ա. Ղուկասյանը, նա պատասխանեց, որ ցանկացել է այլ աշխատանքի անցնել:

Մ. Մարտիրոսյանը հրապարակեց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից ստացված պաշտոնական գրություն, համաձայն որի՝ 2013թ. ապրիլի 12-ից մինչեւ հոկտեմբերի 11-ը Ա. Ղուկասյանը եղել է տվյալ նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը:

Ա. Ղուկասյանը հրաժարվեց դատարանում ցուցմունք տալ, հայտնելով, որ իր կատարած արարքին քրեաիրավական գնահատականը ճիշտ չի տրված, որ ինքը ընդամենը կաշառքի միջնորդն է եւ չի հանդիսանում կաշառքի սուբյեկտ եւ որ ինքը ընդամենը միջնորդել է նշանակողի եւ աշխատանք փնտրողի միջեւ: Նա ընդունեց, որ կաշառք եղել է:

Ակնհայտ լարվածություն ստեղծվեց Միսակ Մարտիրոսյանի եւ Ա. Ղուկասյանի միջեւ, մինչդեռ նախաքննության ժամանակ երկուսն էլ պնդել էին, թե միմյանց հետ թշնամություն չեն ունեցել:

Այս պահին Միսակ Մարտիրոսյանը եւ նրա պաշտպան Վարդան Զուռնաչյանը միջնորդեցին, որպեսզի հրապարակվեն Ա. Ղուկասյանի նախաքննության ժամանակ տված ցուցմունքները:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728