Լրահոս
Օրվա լրահոսը

Տուր-օպերատորները մեր ազգային խոհանոցն անտեսում են. խինկալին ու բուղաչան են գերադասում (Տեսանյութ)

Փետրվար 09,2015 16:09

Զբոսաշրջային ընկերությունները շահագրգռված չեն Հայաստան եկած զբոսաշրջիկներին ազգային խոհանոցը ներկայացնելու. այս ընկերությունները գերադասում են օտար ազգերի ճաշատեսակներ մատուցող ռեստորաններ ու պանդոկներ տանել զբոսաշրջիկներին: Այսօր «Հենարան» ակումբում նման կարծիք հայտնեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը: Նրա խոսքերով` շատ տուր-օպերատորներ գերադասում են զբոսաշրջիկներին տանել մի 2000 դրամանոց բուղաչա ու խինկալի ուտելու տեղեր, ու միայն փող աշխատելու մասին են մտածում, ազգային խոհանոցին էլ քամահրանքով են վերաբերվում:

Պարոն Մամուլյանն ասաց, որ իրենց կազմակերպությունը տուր-օպերատորներին առաջարկում է անվճար դասընթացներ՝ նրանց աշխատակիցների համար, այս դասընթացների ժամանակ ազգային մշակույթի մաս կազմող ազգային խոհանոցին կարող են ծանոթանալ եւ ավելի գրավիչ դարձնել Հայաստանը զբոսաշրջիկների համար: Սակայն, ինչպես նշեց պարոն Մամուլյանը, զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները մասնակցում են դասընթացներին, կամ հ/կ-ի կազմակերպած քննարկումներին, ապա իրենց ղեկավարներին ներկայացնում, որ հետաքրքիր բան չկա: Մինչդեռ, պարոն Մամուլյանը նկատեց, որ ազգային խոհանոցը հանրայնացնողներից են նաեւ հենց այդ տուր-օպերատորները, որոնք հրաժարվում են այս գործառույթն անել:

«Ասում են` կառավարությունն ի՞նչ է անում, ես էլ ասում եմ` մենք ի՞նչ է, միայն պիտի փող աշխատենք, մենք ինքներս պիտի տարածենք, հանրահռչակենք, արժանապատվություն ունենանք ու մեր երկիր այցելած զբոսաշրջիկին հնարավորություն տանք շփվի մեր մշակութային երեւույթների հետ, եւ ոչ թե երկրում ներկայացված, մեր հասարակության փողերով հարստացած այլ ազգի մշակույթ ներկայացնող վայրեր տանեն»,-ասաց Սեդրակ Մամուլյանը:

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հ/կ-ն, Մամուլյանի խոսքերով ասած` ոչ միայն աշխատում է զարգացնել ազգային խոհանոցը, այլեւ խոհանոցի բաղադրատոմսերն են հավաքում ու տարածում. «Ես չգիտեմ, արդյոք մեր երկիր այցելած զբոսաշրջիկին հետաքրքի՞ր է ունենալ, օրինակ, Անիի կոմպակտ խոհանոցը` 11-14 դարեր: Այս տարի դնելու ենք սեղանին, հաջորդը Կիլիկյան դարաշրջանի խոհանոցն ենք անելու»:

Պարոն Մամուլյանի դիտարկմամբ, սխալ է հայկական խոհանոցն ընդհանրացված ասել`կովկասյան, նման բան չկա. «Մեր փոքրիկ բյուրեղ դարձած հայրենիքում, կապված կլիմայական փոփոխությունների հետ, խոհանոցն էլ լրիվ տարբեր է, էլ ուր մնաց ասել` կովկասյան խոհանոց, ու զբոսաշրջիկին տանեն բուղաչա կամ խաշլամա ուտելու»:

Մանրամասն` տեսանյութում

Aravot.am-ի այն դիտարկմանը, որ այսօր Երեւանում եւ մարզերում շատ են այնպիսի պանդոկներն ու ռեստորանները, որոնք հայկական կոլորիտով եւ տարազներով են ձեւավորված. սա հենց զբոսաշրջիկներին գրավելու համար է արված, ենթադրվում է, որ այստեղ էլ ազգային ուտեստ պետք է լինի, պարոն Մամուլյանն ասաց. «Մեծամասամբ այդ վայրերում թուրքական լաթից կարված իմիտացիա է, այնտեղ տարազ չկա, ազգային խոհանոցի մասին էլ խոսք չկա»:

Մանրամասն` տեսանյութում

«Համակարգված մոտեցում չկա, մենք պետք է հասկանանք` որպես զբոսաշրջային ինդուստրիա, ո՞ր ենթակառուցվածքներն են մասնակցում, դրա տանողներն ովքե՞ր են: Ես մի բան գիտեմ, այնքան որ փող ունենան, գրասենյակ ունենան, տուրիստ բերեն, տանեն Նորավանք, մի բան ուտեն ու կգնան: Հաջորդ անգամ կգա՞ այդ տուրիստը, հարց է: Տեսեք, քանի տարի է՝ «ՅՈՒՆԵՍԿՕ»-ում ներկայացված է հայկական խաչքարերի խնդիրը: Դուք կարո՞ղ եք մի ընկերություն ասել, որը շահագրգռված է խաչքար պատրաստողի մոտ տանի ցույց տա զբոսաշրջիկին: Ինչո՞ւ պիտի շահագրգռված լինի, հենա` տարավ մի ռեստորան, հաց կերցրեց` 10 դոլարը տվեց, 30-ն էլ` իր գրպանը դրեց»,-նկատեց պարոն Մամուլյանը:

Նրա խոսքերով` առաջարկում են զբոսաշրջիկներին մասնակից դարձնել լավաշի թխմանը, սակայն շատ ընկերություններ հրաժարվում են, նրանք գերադասում են տուրիստներին միանգամից պատրաստի լավաշի մեջ, ասենք, լավ յուղոտ քյաբաբ դնեն ու հյուրասիրեն` վերջացնեն գործը:

Մանրամասն` տեսանյութում

«Մենք փաթեթներ ենք ներկայացրել բոլոր զբոսաշրջային ընկերություններին, այնտեղ գրել էինք հայկական հայտնի գյուղական կերակուրը` «խոնչոլ», տուր-օպերատորներից ով տեսավ, ասաց` էս ի՞նչ է: Ասացինք` եկեք մուտացման ձեւին ներկա եղեք ու կտեսնեք` ինչ է: Մենք կերակուրի բաղադրիչներն առանձին մատուցեցինք` ապուրը, սխտորը, սոխը եւ այլն: Տուրիստներին բացատրեցինք` կերակուրն ունի ավանդույթ` ճաշակողն ինք է հավաքում իր ուզածը: Հիացած էին, ամեն անգամ գալիս են ու դա են պատվիրում»,-ասաց Մամուլյանը:

Խոհարարն ասաց, որ շոթի հացը, որը հիմա լայն տարածում ունի, եւ հանրության շրջանում կարծիք կա, թե այն վրացական է, իրականում այն հայկական, է, որի մասին դեռ 5-րդ դարում պատմիչ Եղիշեն է գրել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728