Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս խնամել երեխաների ատամները

Փետրվար 09,2015 15:22

Մանկական ատամնաբուժությունը շատ կարեւոր է, քանի որ մարդիկ վաղ հասակից, նախ եւ առաջ, զննում են անցնում մանկական ատամնաբույժի մոտ՝ առողջ ատամներ, առողջ բերանի խոռոչ ունենալու համար: Այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում ատամնաբույժների միջազգային օրվա վերաբերյալ ասուլիսին ասաց ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր մանկական ատամնաբույժ Հրանտ Տեր-Պողոսյանը:

Մանկական ատամնաբույժի մոտ այցելությունը, ըստ Հրանտ Տեր-Պողոսյանի, կարեւոր է նաեւ նրանով, որ վաղ հասակից մարդկանց մոտ ձեւավորվում է ատամնաբույժին այցելելու մշակույթը եւ վերանում է վախը. «Քաղաքակիրթ աշխարհում բերանի խոռոչի հիվանդությունները քիչ են տարածված, քանի որ նրանք միշտ այցելում են բժշկին եւ կանխարգելիչ միջոցառումները այն մակարդակի վրա են, որ այդ խնդիրները չեն զարգանում»:

Ատամնաբույժը նշում է, որ ծնողները պետք է սկսեն կարեւորել մանկական ատամնաբույժին այցելելը. «Այն մոտեցումը, որ կաթնատամ է, կընկնի, ոչինչ, մշտական ատամ կգա, ճիշտ չէ, քանի որ մանկական հասակում կաթնատամի վաղաժամ կորուստը բերում է մի շարք խանգարումների, որոնք ավելի մեծ հասակում իրենց ազդեցությունը կթողնեն: Յուրաքանչյուր կաթնատամ պատասխանատու է իր տեղի համար եւ եթե այն ժամանակից շուտ է հեռացվում, ապա այդ տեղը սկսում է վերանալ, մշտական ատամի համար տեղ չի մնում եւ դրա հետ կապված առաջանում են ատամնաշարի ձեւախախտումներ եւ որոշակի ֆունկցիոնալ խախտումներ»:

Երեխաների ատամների խնամքի համար բժիշկը մի քանի խորհուրդներ տվեց. «Նոր դուրս եկած ատամների համար՝ ծնողները իրենց մատի վրա փաթաթելով բինտը պետք է զգուշորեն մաքրեն ատամների վրայի նստվածքը: Դրանից հետո, երբ երեխան դառնում է ավելի գիտակից, կարող են երեխայի ատամները մաքրել հատուկ խոզանակներով եւ հատուկ ատամի մածուկներով, որոնք ունեն պրոֆիլակտիկ դեր եւ որոնք չեն պարունակում մեծ քանակի ֆտոր: Ֆտորի պարունակությունը երեխայի օրգանիզմի համար վնաս է»:

Հայաստանում մանկական ատամնաբուժության ոլորտում, ըստ բանախոսի, բացթողումներ կան. «Ցավոք մեր երկրում մանկական ատամնաբույժի մասնագիտությունը այդքան մեծ նշանակություն չունի, քան այլ երկրներում: Սակայն վերջին տարիներին այդ մասնագիտության նկատմամբ որոշակի հետաքրքրություն է ցուցաբերվում»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728