Երբ Գագիկ Ծառուկյանն ասում է, որ գնդակը իշխանության դաշտում է, այսինքն ի՞նչ է սպասում, որ իշխանությունը կամ պետք է կատարի 12 կետերը, կամ ժողովրդին դուրս եք հանելու փողո՞ց: Aravot.am-ի այս հարցին ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը պատասխանեց. «Մենք աշխատում ենք ժողովրդի հետ, հենց որ զգանք արդեն պատրաստ ենք, իսկ դա շատ երկար չի տեւի, մենք կսկսենք հանրահավաքներ: Այդ ընթացքում, եթե իշխանությունն իրեն համարժեք չի պահում, արմատական են դառնում բոլոր գործողությունները եւ պահանջները»:
Մեր դիտարկմանը, որ կա կարծիք, որ այս ամենն ուղղակի իմիտացիա է, որ դուք գնում եք իշխանափոխության՝ Ստեփան Մարգարյանը պատասխանեց. «Շատ ավելի ուղղորդված եւ ծրագրավորված կարծիքներ են հնչում: Նորմալ մտավախություն է, նորմալ կասկած, եթե դա ուղղորդված չի: Մենք ինքներս էլ աշխատում ենք շատ հասկանալի լինել հասարակությանը: Եթե դու որպես քաղաքական ուժ հասկանալի, ընկալելի, կանխատեսելի չես, դու հաջողություն չես ունենա: Հասարակության համար պետք է լինես կանխատեսելի: Եթե մարդիկ իսկապես օբյեկտիվորեն ինչ-որ հարցում կասկածում են, դա նշանակում է, որ մենք անելիք ունենք: Մենք գնում ենք այդ ուղղությամբ՝ փարատել ամեն ինչ: Ընդ որում, իշխանություն փոխելը ինքնանպատակ խնդիր չի, եթե չի երեւում որն է երկրի դերը, ինչ է ստանում երկիրը դրանից, կարեւորը՝ դա է: Հասարակությունը կգա քո հետեւից, եթե ինքը հասկանա, ընկալի, որ երկիրն ունի քո ասածներից ինչ-որ լավ բան: Կանխատեսելի լինելը դա է իր մեջ պարունակում»:
Մեր հարցին՝ այն, որ Դուք ասում եք, որ սահմանադրական բարեփոխումներն այս պահին պետք չեն, նրա համար չե՞ք ասում, որ Ծառուկյանը հետագայում դառնա նախագահ եւ օգտվի նախագահի ունեցած բոլոր լծակներից՝ Ստեփան Մարգարյանը պատասխանեց. «Ոչ, մենք ասում ենք դա նրա համար, որովհետեւ Սահմանադրությունը չփոխելը իշխանություն փոխելու միակ ձեւն է: Երկիրն այդ վիճակում է: Երկրում գործող ընտրական մեխանիզմները խիստ կատարելագործված են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ