Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանային լարվածության պատճառները՝ ըստ քաղաքագետի

Փետրվար 09,2015 15:12

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը հայ-ադրբեջանական սահմանի լարվածության պատճառների մի քանի վարկած ունի: Այսօր «Տեսակետ» ակումբում ասուլիսի ժամանակ վարկածներից մեկը նա համարեց Մինսկի խմբի գործունեությունից ադրբեջանցիների դժգոհությունը:

«Ադրբեջանցիներին ձեռնտու չէ Մինսկի խմբի ներկայիս ձևաչափը, կազմը, նրանք պնդում են, որ ձևաչափը պետք է փոխվի, ինչպես նաեւ փոփոխություններ լինեն համանախագահների կազմում: Առաջարկում են կազմի մեջ ներգրավել գերմանացի ու թուրք ներկայացուցիչների»,- ասաց քաղաքագետը:

Եթե գերմանացի ներկայացուցչի ներգրավումը քաղաքագետի համար հասկանալի է, ապա թուրք ներկայացուցչի ներգրավումը համարում է աբսուրդ. «Թուրքիան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, վարում է բացահայտ հակահայկական քաղաքականություն եւ բացահայտ ադրբեջանամետ է»:

Սահմանին ստեղծված լարվածության երկրորդ վարկածը քաղաքագետը կապում է նավթի համաշխարհային գների անկմամբ. «Չնայած ադրբեջանական իշխանությունները հայտարարում են, որ ամեն ինչ լավ է, նավթի գների անկումը տնտեսության վրա ազդեցություն չի ունենալու, բայց բոլոր երկրների տնտեսությունները, որոնք նավթի գներից են կախված, խնդիրներ ունեն: Եվ սահմանին իրավիճակը սրելով՝ Ադրբեջանի իշխանությունը փորձում է շեղել ադրբեջանցիների ուշադրությունը երկրում ստեղծված սուր սոցիալ-տնտեսական վիճակից, որին նպաստել է նավթային գները»:

Իսկ վերջին վարկածը Գագիկ Համբարյանը կապում է Ռուսաստան- Արեւմուտք հակամարտությամբ: Նա չի բացառում, որ Ռուսաստանն է հրահրում սահմանի լարվածությունը, որ Արեւմուտքի ուշադրությունը շեղի ուկրաինական խնդրից եւ նույն կերպ չի բացառում, որ Արեւմուտքն է հրահրում լարվածություն, որ Ռուսաստանի ուշադրությունը շեղի ուկրաինական խնդրից:

Ինչ վերաբերում է պատերազմի վերսկսման հավանականությանը, նա հիշեցրեց, որ վերջին տարիներին Ադրբեջանը 6-8 միլիարդ դոլարի զենք է գնել ու գուցե եկել է օգտագործելու ժամանակը. «Եթե սոցիալ տնտեսական վիճակը նավթի գների պատճառով վատանում է, Ադրբեջանի իշխանությունը պետք է ժողովրդին բացատրի, թե այդ ութ միլիարդը ուր է գնացել»:

Քաղաքագետի համոզմամբ, պատերազմի վերսկսումը կանխում են նաեւ նավթային կորպորատիվները՝ լավ հասկանալով, որ ռազմական լայնածավալ գործողությունների ժամանակ հայկական կողմը կվնասի Հայաստանի սահմանի մոտով անցնող նավթամուղերը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728