Հայաստանը ԵՏՄ անդամ դառնալուց հետո ստոմատոլոգիական ծառայությունները գնալով թանկանալու են, քանի որ ստոմատոլոգիական մի շարք նյութեր ներկրվում են երրորդ երկրներից: Այսօր այս մասին «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում ասաց առողջապահության նախարարության գլխավոր ստոմատոլոգ Լազար Եսայանը. «Չի կարող կյանքը թանկանալ, իսկ ստոմատոլոգիական ծառայությունները չթանկանան»,-ասում է պարոն Եսայանը:
Ըստ նրա, արտերկրում այդ նույն ծառայությունները շատ ավելի թանկ արժեն` 500-1000 եվրո, Հայաստանում` 20-30 հազար դրամ: Դրսում աշխատուժը, Լազար Եսայանի խոսքերով, ավելի բարձր է վարձատրվում:
Aravot.am-ի այն դիտարկմանը, թե շատ է խոսվում բժիշկների, այդ թվում եւ ստոմատոլոգների` մեր երկրից արտահոսքի մասին, հատկապես, հաշվի առնելով, որ հայ ստոմատոլոգները դրսում պահանջված են, գլխավոր ստոմատոլոգն ասաց.
«Մեղադրելու չէ, շատ շատերը, որոնք գնում են տարբեր երկրներում աշխատանք փնտրելու, տարբեր պատճառներով է պայմանավորված` մեզ մոտ աշխատանքային շուկան շատ փոքր է, մասնագետները` շատ են: Հայաստանում 10 հազար բնակչին բաժին է ընկնում 17-18 ստոմատոլոգ, դրսում`4 ու կես, ինչն էլ ստիպում է մեր մասնագետներին հեռանալ: Մեր երկրում պացիենտի հարցը լուրջ է»:
Նկատի ունենալով Քաջարանի դեպքերը, երբ մեկ տասնյակից ավելի մարդ Քաջարանի հիվանդանոցում վարակվել էր հեպատիտ «Ց»-ով, Լազար Եսայանից հետաքրքրվեցինք, թե ստոմատոլոգիական ծառայությունների դեպքում ինչպես է վերահսկվում, հատկապես, որ դրանք եւս հանդիսանում են վարակի տարածման աղբյուր:
Հանրապետության գլխավոր ստոմատոլոգն ասաց, որ հիգիենայի վերահսկման հարցերով առողջապահության նախարարությունը լուրջ միջոցառումներ է ձեռնարկում: Լազար Եսայանի խոսքի մանրամասները` տեսանյութում
Անդրադառնալով լիցենզավորման նոր կարգին, որով հստակեցվեց ստոմատոլոգիական ծառայությունների գործունեությունը պարոն, Եսայանն ասաց, որ այդ նոր կարգում որոշ փոփոխություններ անհրաժեշտ են: Մասնավորապես պետք է վերանայվի ուսումնական հաստատությունների եւ մանկական ստոմատոլոգիական կլինիկաների մասով:
Կարդացեք նաև
Լազար Եսայանն ասաց, որ այսօր շատերն են սկսել հետեւել իրենց ատամների հիգիենիկ վիճակին եւ ժամանակին դիմում են բժշկի, սակայն. «Քաղաքացիների մի ստվար զանգված գնում է բժշկի, երբ բանը բանից անցնում է: Բժշկի է դիմում ցավի պատճառով»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
ստոմատոլոգ = ԱՏԱՄՆԱԲՈՅԺ
ստոմատոլոգիական = ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱԿԱՆ
պացիենտ = ՀԻՒԱՆԴ
Ամենածիծաղելին գիտէ՞ք որն է: Ստոմա (στόμα) յունարէն նշանակում է ԲԵՐԱՆ եւ ստոմատոլոգիան գիտութիւն է բերանի խոռոչի հիւանդութիւնների մասին: Իսկ բերանի խոռոչում ատամներից բացի հազար ու մի այլ օրգան կայ: