ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը այսօր «Հայելի» ակումբում անդրադառնալով հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած բռնություններին, նշեց, որ Ղարաբաղյան չլուծված խնդրի պարագայում պետք է զերծ պահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը նման իրավիճակներից՝ ինչը ենթադրվում էր անել երթի մասնակիցների կողմից: «Ես կարծում եմ, որ չափազանցված էր շարժվել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ, բայց ավելի դատապարտում եմ այն մոտեցումը, որը ցուցաբերվեց երթի մասնակիցների նկատմամբ»,-ասաց պրն Բոստանջյանը:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե ով է այդ ամենի ետեւում կանգնած, պրն Բոստանջյանն ասաց. «Ես չեմ կարծում, որ սարսափելի բան կլինի, եթե որեւէ մեկը իր վրա պատասխանատվություն վերցնի: Չեմ կարծում, որ որեւէ մեկը ցանկանում էր, որ զարգացումները լինեին այնպիսին, ինչպիսին մենք տեսանք: Այս պարագայում ԼՂՀ իշխանությունները պետք է հայտարարությամբ հանդես գան»:
Վարդան Բոստանջյանը Բերձորի միջադեպը չի ցանկանում կապել այն մյուս բռնությունների հետ, որոնք վերջին շրջանում տեղի ունեցան. «Սա աննախադեպ էր: Ժողովրդավարական արժեքների, պետականության ինստիտուտների ստեղծման առումով, մարդու իրավունքների պաշտպանության առումով Լեռնային Ղարաբաղը շատ ավելի առաջ է, քան բազմաթիվ այլ երկրներ: Լեռնային Ղարաբաղը կարող էր զերծ մնալ Հայաստանում տեղի ունեցող զարգացումներից եւ հանդես գար՝ որպես առանձին երկիր, հայտարարությամբ, որ տեղի է ունեցել ցավալի դեպք եւ որի համար մեղավորները կպատժվեն»:
ԲՀԿ ակտիվիստ Արտակ Խաչատրյանի առեւանգման եւ ծեծի ենթարկելու փաստը պրն Բոստանջյանը շատ ողորմելի եւ էժանագին մոտեցում է համարում. «Այսինքն, կարելի է ենթադրել, որ ցանկացած քաղաքացու կարելի է արժանացնել այս նույն վիճակին: Հանգամանքները թույլ են տալիս մտածել, որ օրը ցերեկով կատարված գործողությունը առյուծի կամ գելի սիրտ կերածները չէին անի, ուրեմն նրանք ունեին ինչ-որ տեղից ընդգծված հովանավորություն»:
Կարդացեք նաև
ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանն էլ ակտիվիստին ծեծի ենթարկելու հարցի վերաբերյալ ասաց, որ չպետք է կանխավ ենթադրություններ անել. «Թույլ տվեք օրգաններն աշխատեն, նոր քաղաքական ենթադրություններ արեք»:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ