Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր գործընկերներին կհորդորեի զսպվածություն ցուցաբերել և չփորձել անտեղի քաղաքականացնել իրավիճակը.  Հ. Նաղդալյան

Փետրվար 09,2015 14:17

Աժ փոխնախագահ Հ. Նաղդալյանից փորձեցինք պարզել  ԲՀԿ ակտիվիստ Արտակ Խաչատրյանի նկատմամբ կատարված բռնության շարժառիթները.

-Տիկին Նաղդալյան, կարծիքներ են հնչում, որ ԲՀԿ ակտիվիստ Արտակ Խաչատրյանի նկատմամբ բռնությունը պատվիրված կամ հովանավորված է իշխանությունների կողմից:  Արդյոք սա՞ է «Ապահով Հայաստանը»:

– Մեկ հայացքը գոնե վերջին 7-8 տարիների իրավիճակին ցույց է տալիս, որ այսօրվա իշխանությունները երբևէ կողմնակից կամ խրախուսող չեն եղել բռնարարքների, հակառակը՝ նման գործելակերպը միանշանակ դատապարտելի է եղել մեզ համար, ինչպես յուրաքանչյուր բանական մարդու համար: Սերժ Սարգսյանի իշխանության օրոք մեր հանրությունը բացարձակ մոռացել է քաղաքական պատվիրված սպանությունների մասին, որ այդքան մեծաթիվ էին նորանկախ Հայաստանի պատմության մեջ: Քաղաքական պատճառներով հաշվեհարդարներ, ազատ խոսք տարածող ԶԼՄ-ների, անհամաձայն կամ հակադիր քաղաքական կուսակցությունների  կամ հասարակական կազմակերպությունների նկատմամբ սահմանափակումներ, կամ գործունեության կասեցում, փակում, չգրանցել կամ այլ խանգարող քայլեր՝ այսօր բացարձակ կիրառություն չունեն և չեն ընդունվում գործող իշխանության կողմից և սա, իսկապես, անօրինակ ժամանակահատված է մեր կարճատև պատմության ընթացքում:

Ինչ վերաբերում է կոնկրետ հարցին, նախ ուզում եմ առողջություն և շուտափույթ ապաքինում մաղթել Արտակ Խաչատրյանին: Թերևս, խնդիրը վերաբերում է «ոչ քաղաքական» մարդու՝ ոչ քաղաքական պայքարին: Մանավանդ, որ ՓՄ ձեռնարկատերերի ապաքաղաքական պայքարի հեռանկարը բավական հույսեր է ներշնչում, համապատասխան օրենքի ընդունումը առաջին իսկ օրվանից մինչ օրս ընթացել է համատեղ քննարկումների, բարձրացվող խնդիրների լուծումները երկուստեք՝ կառավարության և ձեռնարկատերերի ներկայացուցիչների մասնակցությամբ գտնելու (դրանով է բացատրվում նաև, որ օրենքի կիրառումը արդեն 2-րդ անգամ հետաձգվում է) և բոլորի համար ընդունելի տարբերակը մշակելու  պատրաստակամության պայմաններում:

Ինչպես հայտնի է, խորհրդարանի անցած շաբաթվա քննարկումների ընթացքում ԱԺ նախագահ Գ. Սահակյանը նախաձեռնեց հատուկ խորհրդակցություն քաղաքական խմբակցությունների ղեկավարների հետ՝ վարչապետ Հ. Աբրահամյանի  մասնակցությամբ, որի ընթացքում ձեռք բերվեցին բավական դրական, հուսադրող  պայմանավորվածություններ: Այս իրավիճակի մեջ ձեռնարկատեր-ակտիվիստ Արտակ Խաչատրյանի նկատմամբ բռնության որևէ տրամաբանություն կամ շահագրգռություն իշխանության կողմից չկա: Ի հակառակ դրան, առանց որևէ ռեալ արգումենտի, դեպքից անմիջապես հետո սկսվեց սլաքները դեպի իշխանություն ուղղելու, երևույթը քաղաքականացնելու գործընթաց՝ մեր ընդդիմադիր գործընկերների կողմից: Թերևս, սա առաջին դեպքը չէ, քանզի  վերջին շրջանում կարծես ձեռագիր է նկատվում՝ յուրաքանչյուր խնդիր քաղաքականացնել և այս հենքով քաղաքական օրակարգ և քաղաքական ձևակերպումներ կատարելու համար:

Վստահ եմ, որ մեր իրավապահ մարմինները ամեն ինչ կանեն հնարավորինս շուտ բացահայտելու այս հանցագործության մեղավորներին: Մեր գործընկերներին էլ կոչ կանեի՝ համբերությամբ լցվել և զսպվածություն ցուցաբերել, և չփորձել անտեղի քաղաքականացնել իրավիճակը և լարում մտցնել: Սպասենք իրավական գնահատականներին և մտածենք, որ տրամաբանական հարց է հնչում՝ ո՞ւմ է սա ձեռնտու:

Ո՞ւմ է ձեռնտու համատարած քաղաքականացումը և ինչու է կիրառվում նման մոտեցում՝ երկրում հնարավորինս իրավիճակը լարելու, անկայունություն մտցնելու, ցնցումների ենթարկելու:

Պատասխանը մեր ընդդիմադիր գործընկերների օգտին չէ:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728