Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացին խոստովանել է, որ սուտ մատնություն կատարելով՝ ՀԿԳ ավագ քննիչին հանիրավի մեղադրել է պաշտոնեական կեղծիքի մեջ

Փետրվար 09,2015 13:23

ՀՀ քննչական կոմիտեում խուլիգանության դեպքով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում երկու անգամ որպես վկա հարցաքննվել է քաղաքացի Արթուր Կ.-ն: Առաջին հարցաքննության ժամանակ Արթուր Կ.-ն ցուցմունք է տվել այն մասին, որ ականատես է եղել իր ընկերոջ ու քաղաքացիներ ոմն Լազարի և Աշոտի վիճաբանությանը, որի ժամանակ իմացել է, որ Լազարը դանակով հարվածել է ընկերոջ հորը, և վերջինս տեղափոխվել է հիվանդանոց: Քրեական գործի դատաքննության փուլում, երբ Արթուր Կ.-ն ցուցմունք է տվել, որ ինքը ոչնչից տեղյակ չէ, հրապարակվել է նրա նախաքննական ցուցմունքը, որի կապակցությամբ վերջինս հայտնել է, որ նախաքննական մարմնին նման բովանդակությամբ ցուցմունք չի տվել: Դատավորի առաջարկով Արթուր Կ.-ն ուսումնասիրել է նախաքննության ժամանակ իր տված ցուցմունքը և պարզել, որ այն իր ձեռագրով գրված չէ, իսկ ստորագրությունը նմանեցված է: Այնուհետև Արթուր Կ.-ն ոստիկանության բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ քրեական գործը քննող քննիչը կեղծել է իր նախաքննական ցուցմունքը:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-որ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում նշանակված դատաձեռագրաբանական փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ վկայի հարցաքննության արձանագրությունում Արթուր Կ.-ի անունից կատարված ձեռագիր գրառումները, ինչպես նաև ստորագրությունները կատարվել են միմիայն իր՝ Արթուր Կ.-ի կողմից:

Փորձաքննության եզրակացության շուրջ լրացուցիչ հարցաքննության ժամանակ Արթուր Կ.-ն հայտնել է, որ ոստիկանության բաժնում իր ցուցմունքն, իբր, կեղծ լինելու վերաբերյալ հաղորդում է տվել՝ մտածելով, որ այդ կերպ կարող է օգտակար լինել ընկերոջը: Արթուր Կ.-ն նախաքննության ընթացքում խոստովանել է, որ քրեական գործը քննող քննիչի մոտ հարցաքննության է գնացել երկու անգամ, և երկու անգամ էլ ինքն անձամբ է գրել ու ստորագրել ցուցմունքի տակ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված նոր քրեական գործով Արտակ Կ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գիտակցելով, որ իր տրամադրած  տեղեկատվությունը կեղծ է, կատարել է սուտ մատնություն, այն է՝ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչին:

Բացի այդ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում որոշում է կայացվել ՀԿԳ ավագ քննիչի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել և վերջինիս կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքով հարուցված քրեական գործի վարույթը հանցագործության դեպքի բացակայության հիմքով կարճել:

Նախաքննությունը շարունակվում է:

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728